ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ք ննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագիծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծերը քննարկվել են սահմանադրական, վարչական, քաղաքացիական եւ տնտեսական իրավունքի տեսանկյունից: Կատարվել է նաեւ համեմատական-իրավական վերլուծություն: Հարցը վերաբերում է առաջին հերթին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հայեցակարգին:

2004թ. օգոստոսի 13-ի թիվ 012-6105 գրությամբ շրջանառության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության եզրակացությունում կասկած էր հայտնվել փոփոխությունների` Սահմանադրությանը համապատասխանելու խնդիրը: Օրենքի նախագիծը չէր ընդունվել Ազգային ժողովի կողմից: Այժմ` 22.10.2004 թվականի թիվ 012-687 գրությամբ կրկին շրջանառության մեջ է դրվել, ըստ էության, նույն բովանդակությունն ունեցող նախագիծը` առանձին փոփոխություններով, որը, սակայն, չի փոխում նախկինում ներկայացված օրենքի նախագծի հայեցակարգը, իմաստը, բովանդակությունը: Դրա հետ մեկտեղ արմատապես փոխվել է օրենքների ընդունման հիմնավորումը: Հմապատասխան տեղեկանքում նշված է, որ «1995 թվականին ընդունված` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում ամրագրված մի շարք նորմեր հնարավորություն չեն ընձեռում գրծնականում լուծել համայնքների միջեւ տասնամյակների ընթացքում կուտակված սահմանային վիճելի հարցերը, որոնք հատկապես ցայտուն են քաղաքային համայնքների եւ սահմանակից գյուղական համայնքների պարագայում»: Այդ հիմնավորմամբ առաջարկվում է կառավարությանը ընձեռել նման խնդիրներին օպերատիվ արձագանքելուն, իսկ սահմանային հիմնախնդիրներին լուծումներ տալու իրավասությամբ: Փաստորեն, հարցը վերաբերում է ՀՀ տարածքում ներքին սահմանների փոփոխություններին ու դրանց իրականացման մեխանիզմներին:

Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 3, 4, 5 հոդվածներում մարզերի եւ համայնքների սահմանների նկարագրությանն առնչվող դրույթները: Այդ դեպքում կծագի անհամապատասխանություն հոդվածների բովանդակության եւ վերնագրերի միջեւ: Դրա հետ մեկտեղ կփոխվի օրենքի ամբողջ բովանդակությունը, որն ուղղված է օրենքի հավելվածների տեսքով Հայաստանի Հանրապետության քարտեզագրում իրականացնելուն: Դրանից բխում է, որ էական փոփոխության պետք է ենթարկվի օրենքն ամբողջությամբ:

Օրենքի նախագծի 2 հոդվածը նպատակաուղղված է ՀՀ կառավարությանը օժտելու լրացուցիչ իրավասությամբ` «մարզերի սահմանները», «բնակավայրերի եւ թաղային տարածքների սահմանները» որոշելու հնարավորություններով:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6 հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման մարզերի սահմանների, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, թաղային համայնքների, բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմանների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաեւ մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների եւ թաղային համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով»:

Ներկայացված նախագծի 2 հոդվածով առաջարկվում է օրենքի հիշյալ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «մարզերի սահմանների», «բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սսահմանների» բառերը: Նախագծի նույն հոդվածով առաջարկվում է օրենքի 6 հոդվածը լրացնել նոր պարբերությամբ` «Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է ՀՀ կառավարությունը»:

Նախագծի 2 հոդվածով առաջարկվող փոփոխության` սահմանների նկարագրությանը առնչվող մասը իրավական առումով կարող է համարվել անթերի, եթե նույն հոդվածի 1-ին կետով չառաջարկվեր 6 հոդվածից հանել մարզերի, բնակավայրերի եւ թաղամասերի սահմաններին վերաբերող մասը: Խոսքը, ըստ էության, վերաբերում է 2 տարբեր հասկացությունների`

- մարզերի սահմաններին, բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմաններին,

- վերը նշված սահմանների նկարագրությանը:

Եթե նկարագրությունը պահանջում է օպերատիվ լուծումներ, այնպիսի արձագանք, որն անմիջականորեն չի հանգեցնում հետեւանքների, եւ դրանց լուծման արդյունքում հետեւանքների առաջացումը սահմանների վերաբաշխման առումով առանց օրենքի կարգավորման հնարավոր չէ, ապա սահմանների փոփոխությունն առաջացնում է քաղաքացիա-իրավական, տնտեսական, վարչական հետեւանքներ: Միաժամանակ, Վարչությունը պնդում է, որ այդ իրավասությունը կառավարությանը հանձնելու դեպքում կասկածներ են ծագում որոշման Սահմանադրությանը համապատասխանելու առումով:

ՀՀ Սահմանադրությունում գործածվում է 2 հասկացություն` «վարչատարածքային բաժանում» (հոդված 82) եւ «վարչատարածքային միավորներ» (հոդված 104): Ընդ որում, 82 հոդվածի համաձայն. «Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ հաստատում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը»: Իսկ 104 հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը եւ համայնքները»: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը, մի դեպքում ուղղակի սահմանում է ՀՀ վարչատարածքային միավորները, իսկ մյուս դեպքում սահմանում է, որ այդ միավորների վարչատարածքային բաժանումը հաստատում է Ազգային ժողովը: Այս կապակցությամբ առաջարկում ենք եւս մեկ անգամ քննարկել օրենքի նախագծի 2 հոդվածի 1-ին մասով առաջակվող փոփոխության` Սահմանադրությանը համապատասխանելու խնդիրը:

Նշենք նաեւ, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետի համաձայն միմիայն օրենքով պետք է սահմանվեն տեղական ինքնակա՟ռավարման մարմինների իրավունքները, պարտականությունները եւ պատաս՟խա՟նատվությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն.

« Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է հողեր եւ ջրային տարածքներ, որոնց սեփականատեր կարող են լինել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, համայնքը, ինչպես նաեւ պետությունը: Համայնքի վարչական սահմանների նկարագրությունը սահմանվում է օրենքով »:

Նույն օրենքի 47 հոդվածի համաձայն.

« Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել եւ օգտագործել օրենքով սահմանված կարգով:

Համայնքի վարչական սահմաններում գործող բյուջետային հիմնարկներին, իրենց լիազորությունների իրականացման համար, անհրաժեշտ հողերը տեղական ինքնակառավարման մարմինները հատկացնում են անհատույց օգտագործման իրավունքով»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում կվերանա հակասությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի եւ առաջարկվող նախագծի միջեւ` սահմանների նկարագրության հարցում: Սակայն, համայնքների սահմանները կառավարության որոշմամբ փոփոխվելու դեպքում կփոփոխվի նաեւ համայնքի սեփականության կազմը, ընդ որում, դա կկատարվի վարչարարության հիմքով` վարչական ակտի հիման վրա` սուբորդինացիայի սկզբունքի կիրառմամբ, մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի համաձայն.

«Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Մնացած բոլոր դեպքերում սեփականության փոփոխությունը հնարավոր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Դա բխում է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներից, որոնց համաձայն.

« Կառավարությունը սույն օրենքի ուժով պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն փոխանցում է՝

ա) Երեւանի թաղային համայնքներին՝ մինչեւ 2003 թվականի հունիսի 31-ը.

բ) Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին՝ մինչեւ 2002 թվականի օգոստոսի 31-ը.

գ) մնացած համայնքներին՝ մինչեւ 2002 թվականի հունիսի 31-ը»:

Օրենքի նախագիծը ընդունելու դեպքում, ըստ էության, կվերանա տարածքային բաժանումը օրենքով կարգավորելու հնարավորությունը, այն կհանգեցնի « Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » ՀՀ օրենքի բովանդակության փոփոխությանը, դրանում ներառված հոդվածների վերնագրերի եւ բովանդակության անհամապատասխանությանը, օրենքի հավելվածների զգալի մասի վերացմանը, ինչը ենթադրում է օրենքի նոր նախագիծ կազմելու անհրաժեշտություն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                          Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարողներ`
Ա.Երեմյան
Ս. Յուզբաշյան
Յու.Խալաթյան