ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանօրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերըքննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չեն առաջացնում:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` նախագիծ)

1. Նախագծի 8 հոդվածով առաջարկվել է փոփոխություն կատարել օրենսգրքի 27 հոդվածում: Առաջարկվում ենք հիշյալ փոփոխությունըվերախմբագրել հետեւյալ կերպ. «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են. իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները հանցագործության կատարման հանգամանքները բացահայտելու համար»:

2. Նախագծի նույն 8 հոդվածով առաջարկվել է օրենքի 27 հոդվածը լրացնել հետեւյալ շարադրությամբ` նոր երկրորդ պարբերությամբ.

«Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեկան գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով եւ առանց խոընդոտների նաեւ բացահայտված այլ հանցագործություններ կատարելու փաստերի առնչությամբ»:

Առաջարկում ենք քննարկել այլընտրանքային որոշում կայացնելու հնարավորությունը, որը պայմանավորված է «կարող է» բառով: Տվյալ դեպքում նպատակահարմար է միասնական քրեական քաղաքականություն իրականացնելու համար օրենքով սահմանել վարքագծի(որոշում կայացնելու) հնարավոր մեկ տարբերակ:

Ամեն դեպքում անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ նույն դրույթի երկրորդ (վերջին) հատվածին` «առանց խոչընդոտների» բառակապակցությունը քրեական դատավարության իմաստով կարող է ստանալ տարածական մեկնաբանում:

3. Նախագծի 10 հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասում «մեղադրյալի» բառը փոխարինել «անձի» բառով: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասը, մեր կարծիքով, իր բովանդակությամբ ուղղակի հակասում է անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքին, ուստի առաջարկում ենք ոչ թե ընդլայնել սուբյեկտների շրջանակը, այլ փոխել բովանդակությունն ընդհանրապես, նշելով, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը մեղադրյալի առնչության բացակայության դեպքում:

4. Նախագծի 11 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով առաջարկվում է օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «դատախազի», «դատախազը գտնի, որ» բառերը: Հիշյալ փոփոխությունը ամբողջական դարձնելու համար առաջարկում ենք «որոշմամբ» բառը փոխարինել «որոշման հետ» բառերով:

5. Նախագծի 14 հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 57 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զննություն» բառից հետո լրացնել «հետազոտման համար վերցնել նմուշներ» բառերով, որից հետո փոփոխվող կետը կունենա հետեւյալ պատկերը` «2. Հետաքննության մարմինը`...» 2) մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ եւ նշանակում փորձաքննություն»: Անհրաժեշտ է նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «2) մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում նմուշներ եւ նշանակում փորձաքննություն»:

6. Նախագծի 21 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 70 հոդվածի 5-րդ մասը լրացնել 3-րդ կետով. «3) պաշտպանը առանց հարգելի պատճառների երկու անգամից ավելի վարույթն իրականացնող մարմնի պահանջով չներկայանալով իր պաշտպանյալի հետ կատարվող գործողություններին խոչընդոտում է քննության կատարմանը»: Գտնում ենք, որ 5-րդ մասի պահանջները ամբողջությամբ կատարելու համար առաջարկվող փոփոխությունում անհրաժեշտ է ամրագրել որոշակի ժամկետ, որի ընթացքում պաշտպանի առանց հարգելի պատճառների չներկայանալը կարող է դիտվել որպես խոչընդոտ քննությանը: Քննարկման է արժանի նման դեպքերում պաշտպանին գործի վարույթի հետագա մասնակցությունից հեռացնելու խնդիրը կարգավորելու գաղափարը:

7. Նախագծի 25 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 85 հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունից հանել «որն իր համաձայնությամբ» բառերը, այն փոխարինելով «որը» բառով: Հարկ է նշել, որ նշված հոդվածի առաջին նախադասությունում ամրագրված է «որին իր համաձայնությամբ» բառերը, որոնք էլ անհրաժեշտ է փոխարինել «որը» բառով:

8. Նախագծի 36 հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 150 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Նկատի ունենալով օրենսգրքի 403 հոդվածի պահանջները առաջարկում ենք բերված նոր խմբագրության 2-րդ մասում «ապա» բառից հետո ավելացնել «, սույն օրենքով սահմանված կարգով» բառերը:

9. Նախագծի 37 հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 151 հոդվածի 3-րդ մասում«նաեւ» բառից հետո ավելացնել «դատախազի կողմից, դատախազի համաձայնությամբ» բառերը:

Առաջարկում ենք նույն մասում «քրեական հետապնդման մարմին» բառերը փոխարինել «քննիչի» բառով, քանի որ օրենսգրքի 6 հոդվածի 22 կետի համաձայն քրեական հետապնդման մարմիններ են համարվում` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը:

10. Նախագծի 39 հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է օրենսգրքի 153 հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով, որոնց համաձայն. «Բերման ենթարկելը չի կարող գերազանցել 24 ժամը»: Հարկ ենք համարում նշել, որ եթե 24 ժամը վերաբերում է բերման ենթարկելու գործընթացին, ապա առաջարկում ենք վերոհիշյալ նախադասությունը տեղափոխել 153 հոդվածի 2-րդ մաս` այն շարադրելով հետեւյալ բովանդակությամբ. «Բերման ենթարկելու մասին որոշումը կատարվում է հետաքննության մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով 24 ժամվա ընթացքում»: Իսկ եթե խոսքը բերման ենթարկելու գործընթացի մասին չէ, ապա նշված նախադասությունը հստակեցման կարիք ունի:

11. Նախագծի 49 հոդվածով առաջարկվել է օրենսգրքի 196 հոդվածի 2-րդ մասը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ. «եւ հետաքննության մարմինը անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելուց հետո գործը հանձնում է քննիչին»: Թե դա ինչպես կարող է կատարվել, հնարավոր է միայն ենթադրել: Գտնում ենք, որ անհրաժեշտ է 2-րդ մասի «քննիչին» բառից առաջ ավելացնել «նախաքննական մարմնի ղեկավարին» բառերը կամ նախագծի 49 հոդվածի առաջարկության փոխարեն Օրենսգրքի 196 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Հետաքննությունն կամ անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելուց հետո հետաքննության մարմնի պետը գործն ուղարկում է նախաքննական մարմնի ղեկավարին, քննիչին, որի մասին կայացվում է համապատասխան որոշում»: Վերոհիշյալից բացի նախագծի 49 հոդվածով առաջարկվող փոփոխությունը ընդունվելուց հետո 196 հոդվածի 2-րդ մասը կունենա հետեւյալ իմաստազուրկ շարադրանքը. «Հետաքննությունն ավարտվում է, երբ 4) հետաքննության մարմինը անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելուց հետո գործը հանձնում է քննիչին:»

Քննիչին կամ նախաքննական մարմնի ղեկավարին գործն ուղարկում է հետաքննության մարմնի ղեկավարը, ոչ թե հետաքննության մարմինը, կամ գործը քննիչին հանձնում է դատախազը, ոչ թե դատախազությունը:

12.Նախագծի 57 հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 221 հոդված 5-րդ մասում «քննիչի հայեցողությամբ» բառերից հետո լրացնել «կամ ճանաչվողի ցանկությամբ» բառերով: Անհրաժեշտ է «ճանաչվողի» բառը փոխարինել «ճանաչողի» բառերը:

13. Նախագծի 94 հոդվածի 1-ին կետով առաջարկվումէ օրենսգրքի 428 հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ: Անհրաժեշտհիշյալ պարբերության «քաղաքացի է օտարերկրյա պետության» բառերը փոխարինել «այն օտարերկրյա պետության քաղաքացի է» բառերով:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 95 հոդվածին:

14. Նախագծի 54, 541 , 542 ,543 գլուխների հոդվածներում օգտագործված ` «Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը» արտահայտությունը: Անհրաժեշտէ տալ հիշյալ արտահայտության հասկացությունը (մեկնաբանությունը) օրենսգրքի 6 հոդվածում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չունենք:

Վերոգրյալից բացի առաջարկվում է քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հետեւյալ փոփոխությունները կատարելու անհրաժեշտության խնդիրը.

1. Օրենսգրքի 57 հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը հետաքննության մարմնին լիազորում է կարճել քրեական գործի վարույթը, մինչդեռ Օրենսգրքի 188 հոդվածով ամրագրված` նախաքննության ձեւով նախնական քննությունը պարտադիր է բոլոր քրեական գործերով դրույթը, փաստորեն, բացառում է հետաքննության մարմնին քրեական գործ հարուցելուց հետո օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում դրա վարույթը ավարտել (կարճել): Ավելին` Օրենսգրքի 57 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ամրագրված է, որ «հետաքննության մարմինը քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում … եւ այլն, գործը հանձնում է քննիչին:»: Բացի դա, Օրենսգրքի 196 հոդվածով ամրագրված է, որ նախաքննությունը ` որը, փաստորեն, հետաքննության մարմինը իրավասու չէ կատարել, ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով, իսկ Օրենսգրքի 261 հոդվածով ամրագրված է, որ քրեական գործով վարույթի կարճելու մասին որոշում կայացնելու իրավունքը վերապահված է քննիչին: Առաջարկվում է Օրենսգրքի 57 հոդվածի 2-րդ մասից հանել 16-րդ կետը:

2. Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանառության մեջ դրված տարբերակներում առաջարկվել է ՀՀ Սահմանադրության 16 հոդվածի նոր խմբագրություն` համաձայն որի «Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքքում որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք ընտրելու վերաբերյալ», ուստի գտնում ենք, որ օրենսգրքի 11 հոդվածի 3-րդ մասը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերոհիշյալ առաջարկությանը, որը բխում է «Մարդու իրավունքների մասին» եվրոպական հռչակագրից:

Վերոհիշյալ փոփոխությունը կատարելու դեպքում անհրաժեշտ է օրենսգրքի 62 հոդվածի 2-րդ մասի, 129 հոդվածի 2-րդ մասի, 130 հոդվածի 3-րդ մասի եւ 131 հոդվածի 3-րդ մասի «72» թիվը փոխարինել «48» թվով, իսկ 285 հոդվածի 2-րդ մասի «անհապաղ» բառը «24 ժամվա ընթացքում» բառերով:

3. Առաջարկվում է օրենսգրքի 189 հոդվածի «ներքին գործեր» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով:

4. Օրենսգրքի 217 հոդվածի «առարկաների» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «փաստաթղթերի,» բառը:

5. Օրենսգրքի մի շարք հոդվածներում 2, 107, 130 եւ այլն, նշված է «քրեական օրենքով» կամ «քրեական օրենսգրքով արգելված արարք» բառակապակցությունները, մինչդեռ 457 հոդվածում դրանք փոխարինվել են «հանրորեն վտանգավոր արարք» բառակապակցությամբ: Անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնելով միմյանց դարձնել միատեսակ:

6. Նպատակահարմար է օրենսգրքի 37-րդ, 38-րդ եւ այլ գլուխները շարադրել ենթակայական դերբայով հետեւյալ խմբագրությամբ. «Գլուխ 37. Քրեական գործով վարույթը կասեցնելը, կարճելը եւ քրեական հետապնդումը դադարեցնելը», «Գլուխ 38. Մեղադրական եզրակացություն կազմելը եւ քրեական գործը դատարան ուղարկելը» եւ այլն (Տես գլուխներ 36, 40 եւ այլն):

7. Անհրաժեշտ է օրենսգրքում ամրագրել հոդված, որը կկարգավորի քրեական գործով վարույթը կասեցնելու, մեղադրյալին հետախուզում հայտարարելու, գործով վարույթը վերսկսելու, կարճելու կամ կարճված վարույթը վերսկսելու մասին որոշումների պատճեները քննիչի կողմից դատախազին ուղարկելու այդ որոշումների ընդունման մասին դատախազին հաղորդում ներկայացնելու հարցը, որը չի բխում դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու օրենսդրական պահանջներից (Սահմանադրության 103 հոդված, Օրենսգրքի 53 եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4 հոդված):

8. Առաջարկվում է Օրենսգրքի 28 հոդվածի վերնագրի «գործերի» բառից հետո ավելացնել «եւ նյութերը» բառերը, նույն հոդվածի 1-ին մասի «անձանց գործերը» բառերից հետո ավելացնել «եւ նյութերը» բառերը, իսկ «վերաբերյալ գործերը» բառերից հետո ավելացնել «եւ նյութերը» բառերը: Դրա անհրաժեշտությունը առավել քան արդիական է հատկապես, երբ նախագծի 44 հոդվածով առաջարկվել է «առանց քրեական գործ հարուցելու նյութերն ուղարկել ըստ ենթակայության», իսկ ինչու այդ դեպքում նյութերը առանց քրեական գործ հարուցելու չուղարկել` այլ քրեական գործի միացնելու:

9. Օրենսգրքի 193 հոդվածի 3-րդ մասի համաձայն «Քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր …», որն էլ հիմք ընդունելով, առաջարկում ենք նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր եւ պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետով», իսկ 195 հոդվածը լրացնել նոր, 6-րդ մասով` հետեւյալ խմբագրությամբ. «6. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր եւ պարտադիր են քննչական խմբի ղեկավարի համար, որոնք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետով»:

Այն պատճառաբանությունները, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ քննչական խմբի ղեկավարը օգտվում է քննիչի լիազորություններից, այդ դեպքում կստացվի, որ դատախազի ցուցումները պարտադիր կարող են լինել քննչական բաժնի պետի համար միայն քննիչի լիազորություններից օգտվելու դեպքում:

10. Օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասը ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 14), 15) եւ 16) կետերով.

«14) առկա է գործուն զղջալը

15) ի հայտ է եկել իրադրության փոփոխում

16) ոչ մեծ ծանրության հանցագործությամբ պատճառված վնասը հարթած կասկածյալը կամ մեղադրյալն ընդունակ է ուղղվելու` առանց նրա նկատմամբ պատիժ կիրառելու եւ առկա է տուժողի համաձայնությունը:»

Այս կապակցությամբ անհրաժեշտ է Օրենսգրքի 37 հոդվածից հանել 1-ին մասը:

Օրենսգիրքը կատարելագործելունպատակով առաջարկում ենք Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպել քննարկումներ, որին մասնակից դարձնել հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչների, դատախազների, դատավորների եւ փաստաբանների:

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան
Ս. Յուզբաշյան
Հ.Իսրաելյան
Մ.Հակոբյան
Ա. Գրիգորյան