Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» եվ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եվ զարգացման վարչությունում:

1. Ներկայացված օրենքի նախագծերը համապատասխանում են «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

2. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքի նախագիծ) տեքստի շարադրանքը ծանրաբեռնված է անհասկանալի եւ անտրամաբանական ձեւակերպումներով: Սկսած օրենքի նախագծի վերնագրից մինչեւ անգամ սահմանված հասկացությունները: Առաջարկում ենք օրենքի նախագիծը հստակեցնել լեզվաոճական տեսանկյունից:

Օրենքի նախագծի 2 հոդվածը անհրաժեշտ է առավել հստակ սահմանել, քանի որ հոդվածը որպես հասկացություն անորոշ ձեւակերպմամբ է սահմանված:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածով սահմանվում է, որ «եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները» : Օրենքի նախագիծը հագեցած է նման տերմիններով եւ դրանք հասկացությունների տեսքով սահմանված չէ: Օրինակ օրենքի նախագծի 8-րդ հոդվածով ձեւակերպված «հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ)» տերմինը, ինչպես նաեւ նույն հոդվածի մյուս մասերով նախատեսված սահմանումները: Ավելին 8 հոդվածի 3-րդ մասով սահմանվում է որ սահմանված հաշվարկների սխեման ներկայացվում է օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում: Մեր կարծիքով օրենքի առանձին հավելվածով սահմանելու կարիք չկա, քանի որ կարելի է օրենքով հստակ եւ մատչելի, անհրաժեշտ հասկացությունների տեսքով այն սահմանել:

Օրենքի նախագծի 5-րդ գլխի վերնագիրը, ինչպես նաեւ տեքստի այլ համանման «Տեղեկատվությունների տրամադրման կարգը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Տեղեկությունների տրամադրման կարգը» բառերով:

Օրենքի նախագծի 13 հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հարկային մարմինը» բառերով: Սույն առաջարկը բխում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածի պահանջներից:

Օրենքի նախագծի 13 հոդվածի 3-րդ մասը առաջարկում ենք հանել: Այս առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ վերադաս հարկային մարմնի եւ տարածքային հարկային տեսչությունների միջեւ փոխհարաբերությունները կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
 Ա.Թամազյան
Մ.Սողոմոնյան
Ա.Իոսիֆյան