Եզրակացություն

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-664-09.07.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:

4. Օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնների վերաբերյալ առկա հակասությունները ներկայացնենք ստորեւ:

ա) Օրենքինախագիծը վերնագրված է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», մինչդեռ, Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո կատարել լրացում, ինչպես նաեւ Օրենքի նախագծի հաջորդ` 2-րդ հոդվածով նույնպես առաջարկվում է կատարել լրացում, այս դեպքում Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնելով նոր պարբերությամբ եւ ենթակետերով:

Օրենքի նախագծում առկա հոդվածներով նախատեսված է կատարել ոչ թե փոփոխություններ, այլ` լրացումներ: Օրենքի նախագծով ներկայացված լրացումները նախատեսում եւ առաջացնում են այս ոլորտում որոշակի փոփոխություններ, սակայն վերջիններս համապատասխան հոդվածներով ներկայացված են միայն լրացման տեսքով:

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մաuին» եւ քանի որ Օրենքի նախագծում առկա հոդվածներով նախատեսվում են միայն լրացումներ, ուստի, առաջարկում ենք Օրենքի նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» բառերով:

բ) Օրենքի նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների պահանջին, ուստի առաջարկում ենք հիշյալ հոդվածում սահմանված ««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13-ը դեկտեմբերի 2003 թվական, N ՀՕ-1-Ն) 6-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերը փոխարինել ««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության (2003 թվական, դեկտեմբերի 13, թիվ ՀՕ-1-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերով:

գ) Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող դրույթն անհրաժեշտ է ներառել Օրենքի «Եզրափակիչ դրույթներ» վերնագրով 5-րդ գլխում, քանի որ այն իր իրավական կարգավորման ձեւաչափով ուղղակիորեն հանդիսանում է անցումային դրույթ:

Օրենսդրական տեխնիկայի կաննոների համաձայն` նորմատիվ ակտի անցումային դրույթներում պետք է ներառվեն եւսահմանվեն նոր իրադրությանն անցնելու ժամկետներն ու եղանակները, ինչպես նաեւ ցույց տրվեն դեռեւս վարույթում եղած գործերի վիճակը:

Ուստի, ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Օրենքի նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ` «Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1–ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ մաս.

«Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաները ուժի մեջ են մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը»:

5. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Ա. Քոչարյան

Ա. Աղաբաբյան