ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-536-17.02.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծի նպատակը որոշակի ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգումն է մինչեւ 3 տարի ժամկետով` սահմանվող պահանջների պահպանման դեպքում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 1-ին հոդվածում «ՀՀ կառավարության սահմանված կարգով ընտրված ընկերությունների» արտահայտությունը առավել հստակ շարադրման կարիք ունի` որոշակի չափանիշների ամրագրման առումով:

2. Նույն հոդվածի «ներդրումային փաթեթ» հասկացության սահմանումը բացակայում է, ինչը որոշակի տարամեկնաբանությունների առիթ կարող է տալ:

3. Չնայած նախագծով նախատեսվում է սահմանված ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 3 տարի ժամկետով, այդուհանդերձ, նախագծի 2-րդ հոդվածով ամրագրվում է, որ հիշյալ դրույթը ուժի մեջ է մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը: Այս առումով, առաջարկվում է նախագծով սահմանվող ժամկետների միջեւ ապահովել համապատասխանություն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Գ.Կիրակոսյան