ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-519-20.01.2009-ՏՏ-010/0 ) վերաբերյալ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են Վարչությունում:

Օրենքների նախագծերով առաջարկվում է նոր հարկատեսակների ներդրման միջոցով ընդլայնել տեղական բյուջեների եկամտային բազան:

Ստորեւ ներկայացվում ենք նախագծերի վերաբերյալ նկատառումները:

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 2-ով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածում «Հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմտեն» բառերով: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը. համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի, արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմիններիհապավումներ: Բացի այդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի տարբեր հոդվածներում եւս անհրաժեշտ է կատարել նույն փոփոխությունը:

2. Նախագծերի փաթեթով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հարկերի տեսակները: Ներկայումս ԱԺ-ում շրջանառության մեջ է գտնվում Հարկային օրենսգրքի նախագիծը, որով սահմանվող հարկերի տեսակները որոշակիորեն տարբերվում են սույն նախագծով առաջարկվողից: Կարծում ենք, անհրաժեշտ է որոշակի համապատասխանություն ապահովել երկու նախագծերի միջեւ: Բացի այդ, սահմանվող հարկատեսակների մասին օրենքների նախագծերի բացակայությունը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ հարկատեսակների գործնական կիրառման մասին: Ընդ որում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի, oրենքի նախագծերի փաթեթը ներառում է oրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ oրենքների նախագծեր: Ներկայացված փաթեթից ակնհայտ է, որ դրանում ընդգրկված նախագծերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա այլ օրենքներում եւս (մասնավորապես, «Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» օրենքներում): Ավելին, մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը առանձին հարկատեսակների մասին օրենքների չընդունման դեպքում հակասություն կառաջանա տարբեր օրենքների միջեւ:

3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունն անշարժ գույքի հարկի մասով անհրաժեշտ է կատարել նաեւ օրենքի 17-րդ հոդվածում, հակառակ պարագայում «Հայաստանի Հանրապետությւան բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 28.1-րդ հոդվածների միջեւ կառաջանա հակասություն:

Այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ. Կիրակոսյան

Մ. Հակոբյան