ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-356-20.10.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը /այսուհետ` Նախագիծ/ փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծով առաջարկվում է զրկել քաղաքացիական ծառայողին ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգեւատրումից, եթե քաղաքացիական ծառայողը պարգեւատրում տալու պահին չի հանդիսանում տվյալ մարմնի քաղաքացիական ծառայող:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Հայտնում ենք, որ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` պարգեւատրումը միանվագ վճար է, որը տրվում է քաղաքացիական ծառայողին` հիմք ընդունելով նրա` տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջների համաձայն` քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձեւավորվում էնույն օրենքով սահմանված հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերից, իսկ լրացուցիչ աշխատավարձը ներառում է ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգեւատրումը, ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրումները:

Ելնելով վերոշարադրյալից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգեւատրումը հանդիսանում է քաղաքացիական ծառայողի աշխատավարձի տեսակ, ապա հիշյալ նախագծի ընդունումը կհակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրության` մասնավորապես «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստասնի Հանրապետության օրենքի 6-րդ եւ Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 178-րդ հոդվածի պահանջներին:

4. «Աշխատավարձի պաշտպանության մասին» ԱՄԿ-ի 1949թ. N 95 կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` «Աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից եւ հաշվարկման մեթոդից, նշանակումէ` փողով հաշվարկվող եւ փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կա մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:

5. Բացի այդ, գտնում ենք, որ նախագծով կատարվող լրացումը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես` եթե քաղաքացիական ծառայողը շարունակում է իր գործունեությունը քաղաքացիական ծառայության համակարգում, սակայն տեղափոխվում է մեկայլ մարմին, հարց է առաջանում թե արդյոք նա ստանում է իր հասանելիք պարգեւատրումը, եւ որ մարմնից է այն ստանում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Կ.Հարությունյան

Յու. Խալաթյան

Դ.Թադեւոսյան

Ա.Սարգսյան