ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-261-04.05.2008-ՖՎ-010/0) վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

  1. 2007 թվականին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները փաստում են, որ հանրապետությունում հիմնականում պահպանվել են դեռեւս նախորդ տարիներին ձեւավորված տնտեսական միտումները, ինչի արդյունքում ֆինանսատնտեսական իրավիճակը դրսեւորել է կայունություն եւ դինամիկ աճ: Մասնավորապես, 2007 թվականին հանրապետությունում գրանցվել է 13.7% տնտեսական աճ (ծրագրավորված 9%-ի եւ նախորդ տարվա 13.3%-ի փոխարեն), անվանական ՀՆԱ-ն կազմել է 3139.4 մլրդ դրամ, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, նախորդ տարվա համեմատ անվանական արտահայտությամբ աճելով 18%-ով, կազմել է 973021 մլրդ դրամ կամ 2844 ԱՄՆ դոլար: Ինչ խոսք, նման պատկերը, տվյալ տարվա պետբյուջեի կատարման տեսանկյունից, կարելի է գնահատել որպես նպաստավոր եւ հուսադրող եւ համարել կարեւոր նախադրյալ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման համար:
  2. 2007 թվականի պետբյուջեի փաստացի եկամուտները, հաստատված 490.2 մլրդ դրամի դիմաց, կազմել են 588 մլրդ դրամ: 2006 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ու պաշտոնական տրանսֆերտներն աճել են 33.2%-ով կամ 146.6 մլրդ դրամով, որը մեծ մասամբ ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
  3. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության ցուցանիշը, թեեւ նախորդ տարվա համեմատ 1.6 տոկոսային կետով բարձրացել է` հասնելով 16.1%-ի, բյուջեում կանխատեսված 15.7%-ի փոխարեն, այդուհանդերձ, դեռեւս ցածր է մնում: Ակնհայտորեն, առաջիկա տարիներին իրականացվելիք հարկային քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը պետք է հանդիսանա այդ հարաբերակցության բարելավումը: Հարկերի սահունության գործակիցը, որը բնութագրում է տնտեսական աճի եւ հարկերի միջեւ կապը, կազմել է 1.8: Համեմատության համար նշենք, որ 2006 թվականին այն կազմել էր 1.07: Կարծում, ենք, որ հանրապետությունում հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության ցածր ցուցանիշը որոշակիորեն պայմանավորված է նաեւ համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքով եւ, մասնավորապես, հարկազատված ճյուղերի մեծ տեսակարար կշռով: Բացի այդ, հանրապետությունում հարկային վարչարարության արդյունավետությունը, չնայած այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերին եւ միջոցառումներին, դեռեւս մնում էցածր: Մեր կարծիքով, նշված երկու հանգամանքներն էլ պետք է առաջիկա տարիներին դառնան կառավարության կողմից լուրջ քննարկման առարկա եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը զուգընթաց իրականացվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավմանը եւ հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը:
  4. Նախորդ տարվա համեմատությամբ որոշակի փոփոխություններ է կրել հարկային եկամուտների կառուցվածքը: Մասնավորապես, 2007 թվականին շահութահարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 75.5 մլրդ դրամ՝ 15.6%-ով կամ 10.2 մլրդ դրամով գերազանցելով 2006 թվականի մուտքերը: Արդյունքում, հարկային եկամուտներում շահութահարկի տեսակարար կշիռը կազմել է 15.6%: Ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ գծով 2007 թվականի պետբյուջեի մուտքերը կազմել են 248 մլրդ դրամ` ինչպես միշտ ապահովելով հարկային եկամուտների զգալի /51.3%/ մասը: Հարկային եկամուտների կազմում անուղղակի հարկերի մեծ բաժինը հիմնականում պայմանավորված է հենց ԱԱՀ-ի բարձր տեսակարար կշռով: Ակնհայտ է, որ այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է անցումային տնտեսության պայմաններում ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությամբ: Ըստ էության, տնտեսության բնականոն զարգացման արդյունքում այս հիմնախնդրի լուծման ակնկալումը շատ երկարատեւ կարող է լինել: Ուստի, մեր կարծիքով, այս հիմնախնդրին նույնպես կարելի է ծրագրային լուծում տալ, մասնավորապես` մշակելով եւ հետեւողականորեն իրականացնելով հարկային եկամուտների կառուցվածքի օպտիմալացման երկարաժամկետ ծրագիր` ապահովելով հարկային վարչարարության բարելավման եւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման ռազմավարության հետ դրա համահունչ բնույթը:
  5. Ընդհանուր առմամբ, 2007 թվականի պետական բյուջեի ծախսերի հաստատվածի նկատմամբ 113.6% կատարողականը, մեր կարծիքով, վկայում է նախորդ տարում իրականացված բյուջետային քաղաքականության արդյունավետության մասին: 2007 թվականին պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 20.2%, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.1 տոկոսային կետով: 2007 թվականին նախորդ տարվա համեմատությամբ բյուջետային ծախսերն աճել են 31.9%-ով կամ ավելի քան 153.6 մլրդ դրամով: Ընդ որում, դրանում մեծ կշիռ ունի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, էլեյկտրաէներգետիկայի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ ճանապարհային տնտեսության ոլորտների ֆինանսավորման աճը: Կապիտալ ծախսերը 2007 թվականին կազմել են ընդհանուր ծախսերի 30.8%-ը, ինչը 2006 թվականի նույւն ցուցանիշը գերազանցոըւմ է 83.6%-ով: Սա բավականաչափ դրական միտում է` հաշվի առնելով հիմնախնդիրները, որոնք առկա են մեզ մոտ եւ պահանջում են կապիտալ բնույթի մեծածավալ ներդրումներ:
  6. Ինչ վերաբերում է պետական բյուջեի պակասուրդին, նշենք, որ դրա փաստացի ծավալը կազմել է 46.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 17.6%-ով կամ 7 մլրդ դրամով: Բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 1.5 %-ը` նախատեսված 2.3%-ի փոխարեն: Միաժամանակ, հարկ է արձանագրել նաեւ այն հանգանանքը, որ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1448.9 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 15.8%-ը՝ 2006 թվականի 1.205.6 մլն դոլարի եւ 18.9%-ի դիմաց, ինչը բավականաչափ ողջունելի միտում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Գ.Կիրակոսյան