ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-245-31.03.2008-ՍԱ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագիծը սույն տեսքով ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագծի 3-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում» բառերը, քանի որ գործող օրենքի վերոհիշյալ հոդվածում արդեն իսկ սահմանված են օրենքով սահմանված դեպքերին վերաբերող մոտեցումները:

3. Նախագծի 4-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «Այս դեպքում հոգեբուժական այն կազմակերպության տնoրինությունը, որում բուժվում է քաղաքացին, սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում, դիմում է դատարան` քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:» նախադասությունը, քանի որ գործող օրենքի 23-րդ հոդվածն արդեն իսկ կարգավորում է այդ հարաբերությունները:

4. Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից` առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող նոր 11 , 12 , 14 մասերը հանել կամ դրանց կարգավորումը նախատեսել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում:

5. Նախագծի նույն 5-րդ հոդվածի 13 -րդ մասն առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ այդ մասում ամրագրված մի շարք դրույթներ (այսպես` 5-րդ, 6-րդ եւ այլ կետերի դրույթները) արդեն իսկ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, իսկ որոշ դրույթների դեպքում էլ լրացուցիչ հստակեցման կարիք է առաջանում (օրինակ` 3-րդ, 8-րդ, 10-րդ եւ այլ կետերում նախատեսված դրույթները):

6. Նույն հոդվածի 15 -րդ մասում նախատեսվել է Նախագծի 5-րդ հոդվածի 13 -րդ մասում ամրագրված անձի իրավունքների սահմանափակման այլընտրանքային երկու եղանակ, այն է` օրենքով կամ բժշկական հանձնաժողովի որոշմամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն` մարդու եւ քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար: Ավելին, ՀՀ Սահմանադրության հետ համակարգային կապի մեջ գտնվող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրվել է, որ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատութ՟յունների սահմանափակումները:

Ուստի, ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով բացառապես օրենքով անձի իրավունքների սահմանափակման հարցում ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իմպերատիվության սկզբունքով, առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 5-րդ հոդվածի 15 -րդ մասի իրավանորմը:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒՆ

Կատարող` Ա.Դանիելյան