ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-066-07.08.2007-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24-ը դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-60-Ն, այսուհետ` օրենսգիրք) 68-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի «տարափոխիկ» բառը փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով»:

Իմաստն այն է, որ ուղղիչ հիմնարկում անջատ պահվեն ոչ թե տարափոխիկ հիվանդություններով տառապող դատապարտյալը` մյուս դատապարտյալներից, այլ շրջապատի համար վտանգ ներկայացնող դատապարտյալը` մյուս դատապարտյալներից:

Շրջապատի համար վտանգ ներկայացվող հիվանդությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1285որոշմամբ:

Այս նախաձեռնության կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 79-րդ եւ 80-րդ հոդվածների 4-րդ մասերում համապատասխանաբար օգտագործված են հետեւյալ տերմինները`

ա) «շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ եւ մակաբուծային հիվանդությունների դեպքում»,

բ) «Բացիլազատ պալարախտով հիվանդ, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից եւ սեռական ճանապարհով փոխանցվող եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ ու մակաբուծային հիվանդություն»:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կստացվի, որ ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու հիմք է «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապելը, իսկ օրենսգրքի 79-րդ եւ 80-րդ հոդվածներով սահմանված`

ա) առանց պահակախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեսղաշարժվելու կամ

բ) դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հիմքերը, կարգը եւ պայմանները պայմանավորված են ավելի թեթեւ պայմաններով: Առաջարկվում է քննարկել այդ հոդվածներում եւս հստակություն մտցնելու հարցը:

2. Առաջարկվող կարգավորումը պահանջում է միատեսակ մոտեցում որդեգրել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թ. փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ կետում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Երեմյան