ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-020-09.07.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթըփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

I. «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի հետեւյալ պատճառաբանությամբ.

1.     Նախագծի 2-րդ հոդվածով ամրագրվել է կոռուպցիայի կանխարգելման մասին օրենսդրությունը: Այդ օրենսդրության համակարգում առաջնային է ՀՀ քրեական օրենսգիրքը, որն անմիջականորեն չի ներառվել 2-րդ հոդվածի տեքստում: Իհարկե, այն ընդգրկվում է այլ իրավական ակտերի համակարգում, սակայն առաջարկվում էայն ներառել « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից» բառերից առաջ, քանի որ վերջինը ծառայողական նշանակություն ունի քրեական օրենսդրության նկատմամբ:

2.     Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի վերջում« , եւ այլ իրավական ակտերից: » բառերն առաջարկվում է փոխարինել «եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերից:» բառերով:

3.     Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Եթե Հայաստանի Հանրապետությա ն» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «վավերացված» բառը` ՀՀ սահմանադրության 6-րդհոդվածին համապատասխանեցնելու նպատակով:

4.     Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվել են օրենքում օգտագործվող հասկացությունները, այդ թվում` 1-ին մասի 1-ին պարբերությամբ սահմանվել է կոռուպցիայի հասկացությունը, որն ամրագրվել է իբրեւ երեւույթ : Դա դոկտրինալ հասկացություն է: Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով վարչական եւ քրեականպատասխանատվություն է նախատեսվածկոռուպցիոն իրավախախտումների համար:

Հարկ ենք համարում հիշատակել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում մեղավորությամբ կատարված հանրության համար վտանգավոր արարքի համար: Այսինքն կոռուպցիան նախ պետք է մոդելավորվի որպես արարք կամ արարքների համակցություն, այնուհետեւ դրա (դրանց) համար սահմանվի պատասխանատվություն: Որպես մոդել կարող է ընտրվել Եվրոպայի Խորհրդի 1999թ. նոյեմբերի 4-ի «Կոռուպցիայի համար քաղաքացիա-իրավական պատասխանատվության մասին» Կոնվենցիայի [1] 2-րդ հոդվածում ամրագրված կոռուպցիայի ամփոփ հասկացությունը: Հաշվի առնելով, որ երեւույթը պատժելի լինել չի կարող, խորհուրդ է տրվում համապատասխան հղումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածներին, որոնց դիսպոզիցիաներում նկարագրված արարքները պետք է դիտվեն որպես կոռուպցիոն:

5. Թեեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում ուղղակի նշված է ոչ պետական կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները եւ կարգավիճակից բխող հնարավորություններն անձնական, խմբակային, ընկերային շահերի համար օգտագործելը որպես կոռուպցիայի տարր, այնուամենայնիվ դա չի կարող բավարար համարվել: Առաջարկվում է նախագծում նաեւ առանձին ամրագրել մասնավոր հատվածում ակտիվ եւ պասիվ կաշառքը որպես կոռուպցիայի բովանդակային տարրեր` համապատասխան հղումներ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածներին, որոնց դիսպոզիցիաներում նկարագրված արարքները պետք է դիտվեն որպես կոռուպցիոն: Այդ իմաստով որպես մոդել առաջարկվում է քննարկել Եվրոպայի Խորհրդի 1999թ. հունվարի 27-ի «Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության մասին» Կոնվենցիայի [2] 8-րդ եւ 9-րդ հոդվածներում ամրագրված դրույթները:

6.Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում տրվել է պետական ծառայողների հասկացությունը: Այդ հասկացության իմաստը պետք է լինի ապահովել հակոռուպցիոն օրենսդրությունում միասնական մոտեցումներ սուբյեկտային կազմի վերաբերյալ: Առաջարկվում է այդ հասկացությունը սահմանել ՀՀ քրեական օրենսդրությունում տրված հասկացություններին համապատասխան: Դա մի կողմից կլրացնի սուբյեկտային կազմը նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում չթվարկված սուբյեկտներով, իսկ մյուս կողմից կթեթեւացնի միջազգային համագործակցությունը: Նման մոտեցումը կնպաստի նաեւ օրենսդրության տարբեր ոլորտներում ամրագրված սուբյեկտային կազմի փոխադարձ թղթակցելուն: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում ամրագրված է հետեւյալը.

« 3. Uույն գլխում պաշտոնատար անձինք են`

1) մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում, Հայաuտանի Հանրապետության այլ զորքերում եւ զինվորական միավորումներում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Uույն oրենuգրքի 311-րդ, 312-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեuված արարքների կատարման առումով պաշտոնատար անձինք են նաեւ`

1) oտարերկրյա պետության` տվյալ պետության ներպետական իրավունքին համապատաuխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպեu նաեւ oտարերկրյա պետության oրենuդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որեւէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի

պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեuված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատաuխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավաuությունն ընդունել է Հայաuտանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) oտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները:

(308 -րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀO-119-Ն, 28.11.06 ՀO-206-Ն oրենքներ) »

7. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում տրվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց հասկացությունը, ըստ որի.

« 4. Պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց անվան տակ հասկացվում է.

Սահմանադրությամբ նախատեսված մարմիններում պաշտոն զբաղեցնող կամ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոն զբաղեցնող անձինք»: »

Թեեւ ՀՀ քրեական օրենսգրքում այդ տերմինը կիրառվում է, սակայն հասկացությունը տրված չէ: Իսկ Նախագծով առաջարկվող այդ հասկացությունը չի կարող կիրառելի լինել քրեական օրենսդրությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի ուժով: Հիշենք, որ Եվրոպայի Խորհրդի 1999թ. հունվարի 27-ի «Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության մասին» Կոնվենցիայի 1-ին հոդվածի ա) կետի համաձայն պետական պաշտոնատար անձ է համարվում այն անձը, ով պետության ազգային օրենսդրությունում սահմանվում է որպես պետական ծառայող, պաշտոնատար անձ, քաղաքապետ, նախարար կամ դատավոր եւ իրականացնում է այդ գործառույթը, ինչպես դա սահմանված է քրեական իրավունքում:

8. Վերը նշված հիմնավորմամբ առաջարկվում է վերանայելնաեւ Նախագծի 5-րդ հոդվածում եւ այլ հոդվածներում պետական գործառույթներն իրականացնելու համար լիազորված անձանց հավասարեցված անձ  հասկացությունը: Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվել են կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտները, որտեղ որպես սուբյեկտ ներառված չեն զինծառայողները (զինվորական պաշտոնյաները):

8. Տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել մերձավոր ազգականների շրջանակը: Առաջարկվում է ամրագրել այդ հասկացության համապատասխանելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված հասկացությանը կամ հղում կատարել դրան:

9.Նախագծի 4-րդ հոդվածի վերնագրի համաձայն պետք է սահմանվեն կոռուպցիայի կանխարգելման սկզբունքները, սակայն հոդվածի կետերով սկզբունքները միախառնվել են օրենքի խնդիրների հետ:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով որպես կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտ նախատեսվել են իրավաբանական անձինք: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքով իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն նախատեսված չէ: Ուստի անհրաժեշտ է հստակ որոշել այդ դրույթի կիրառման ոլորտը եւ մեխանիզմը: Ամեն դեպքում «կարող են»բառը հստակ չի արտահայտում պետական քաղաքականության էությունը եւ դրա իրականացման մեխանիզմը:

11.Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը տրամաբանորեն փոխկապակցված չեն: Այսպես, օրինակ, Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների շրջանակն անհրաժեշտ է ներառել Նախագծի 3-րդ հոդվածում:

12. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության «մերձավոր հարազատների» եւ 2-րդ պարբերության «մոտ հարազատներ» հասկացությունները մեկնաբանված չեն: Դրանք անհրաժեշտ է փոխարինել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված հասկացություններով կամ հղում կատարել դրանց, այլապես քրեական դատավարությունում դրանց կիրառելիությունը կսահմանափակվի:

13. Նույն պարբերության վերջին նախադասության համաձայն. «Նման հիմնավորմամբ պաշտոնից ազատված անձինք իրավունք ունեն պետական ծառայության անցնել այլ մարմիններում եւ կազմակերպություններում», սակայն թե ինչ հիմունքներով նրանք կարող են տեղափոխվել նշված մարմիններ, նշված չէ, բացի այդ, «անցնել» բառն անհրաժեշտ է փոխարինել համապատասխան բառով:

14. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագրի «հետաքրքրությունների» բառն անհրաժեշտ է փոխարինել այլ համարժեք բառով (օրինակ` «շահերի»):

15. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Կոռուպցիոն իրավախախտման փաստի մասին հայտնած կամ այլ ձեւով կոռուպցիայի դեմ պայքարի գործում աջակցություն ցուցաբերած անձինք գտնվում են պետության պաշտպանության ներքո»: Անհրաժեշտ է հղում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին: Սակայն, անգամ այդ դեպքում, կոռուպցիայի դեմ պայքարի գործում աջակցություն ցուցաբերած անձինք անհրաժեշտ պաշտպանությունից օգտվել չեն կարողանա, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են միայն դատավարական պաշտպանության միջոցները: Մինչդեռ նման պաշտպանությունը ենթադրում է օրենքով սահմանման ենթակա բազմաթիվ այլ միջոցներ եւ կազմակերպական, իրավական, վարչակառավարչական խնդիրների լուծում, ինչպես նաեւ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորման վերանայում ու քրեական օրենսգրքումհամապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Առանց այդ խնդիրների լուծման կոռուպցիայի դեմ պայքարի գործում աջակցություն ցուցաբերած անձանց պաշտպանությունը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային բոլոր չափանիշներով չի կարող ապահովել պաշտպանության անհրաժեշտ մակարդակ: Դրան կարելի է հասնել առանձին օրենք ընդունելու եղանակով, ինչն անմիջականորեն փոխկապակցված է ներկայացված օրենքի նախագծի հետ [3] :

16. Օրենքի նախագծի վերաբերյալ արվել բովանդակային, լեզվավոճական եւ խմբագրական այլ դիողություններ: Դրանք վերաբերում են Նախագծի 7-րդ հոդվածում ամրագրված տարբեր մարմինների իրավասության շրջանակի հստակեցման անհրաժեշտությանը, 11-րդ հոդվածի 3-րդ մասում հնարավոր լրացուցիչ արգելքներ սահմանելու կանոններին, 15-րդ հոդվածում ամրագրված` բռնագրավման ենթակա գույքի ծավալին եւ բռնագրավման մեխանիզմին:Բաց են մնացել միջազգային համագործակցության խնդիրները, այդ հարաբերությունների կարգավորման մեխանիզմները:

17. Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ դրույթը որեւէ հստակ կարգավորում չի նախատեսում: Մինչդեռ առնվազն անհրաժեշտություն կառաջանա ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան լրացումներ:

II. «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ անհրաժեշտ է վերախմբագրել, հստակեցնելու համար Նախագծով նախատեսված լիազորությունները:

2. Անհրաժեշտ է օրենքով սահմանել Նախագծով նախատեսված «ծառայության» ենթակայությունը, կառուցվածքը, հստակեցնել լիազորությունների շրջանակը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «որը» բառն անհրաժեշտ է փոխարինել «ով» անձնական դերանվամբ:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չէ դրույթ երկքաղաքացիության մասին:

5. Նույն հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի «դատվածության չունի» հասկացությունն անհրաժեշտ է հստակեցնել` համապատասխանեցնելով այն ՀՀ օրենսդրությանը:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասի «բ», «գ» կետերն անհրաժեշտ է վերախմբագրել:

7. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է վերախմբագրել, որից հետո անհրաժեշտ է հիշյալ մասը ներառել 6-րդ հոդվածի 3-րդ մասում:

III. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն` կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայությունը նախաքննություն իրականացնելու իրավասություն է տրվում, մինչդեռ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 189-րդ հոդվածում նախաքննություն իրականացնող մարմինների թվում կոռուպցիայի պետական ծառայության մարմինը որպես նախաքննական մարմին նախատեսված չէ, այսինքն` Նախագծով առաջարկվող փոփոխությունը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրնսգրքին:

2. Նախագծի 4-րդ հոդվածը բացակայում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Երեմյան (զեկուցող)

Հ. Իսրաելյան



[1] Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է այն 2005թ. հունվարի 7-ին եւ այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 1-ից:

[2] Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է այն 2006թ. հունվարի 9-ին եւ այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 1-ից:

[3] Պատգամավորներ` Ռաֆիկ Պետրոսյան , Արմեն Դանիելյան , Հովհաննես Մարգարյան , Էդուարդ Գաբրիելյան , Արծրունի Ղալումյան 23.10.2006 օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել էին «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք 20.03.2007 թ. ընդունվել են առաջին ընթերցմամբ : Փաստաթղթային կոդեր`Պ-9831 -23.10.2006-ՊԻ-010/1 , Պ-9831 -23.10.2006-ՊԻ-010/1 , Պ-9832 -23.10.2006-ՊԻ-010/1 :