ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-018-29.06.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, լրացուցիչ հիմնավորման, ինչպես նաեւ մանրամասնեցման կարիք ունի: Ըստ էության, Գյումրի քաղաքի վերականգնման նպատակով տնտեսական գործունեության ակտիվացման համար մաքսային բարենպաստ քաղաքականության (որն, ի դեպ, եւս հստակեցման կարիք ունի) իրականացումը վարչարարական բավականանաչափ բարդություններ է պարունակում: Բացի այդ, տվյալ արտոնության հասցեականության ապահովումը խիստ դժվար է, ինչը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել ոչ ցանկալի արդյունքների: Միաժամանակ, նման անորոշ ձեւակերպման պարագայում, այլ օրենքներով նշված արտոնության սահմանման համար լրացուցիչ հստակեցման կարիք է առաջանում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության արդյունքում հոդվածից դուրս են մնում ծրագրի ֆինանսավորման աղբյուրները (ինչի ամրագրումը, մեր կարծիքով, խիստ կարեւոր է) եւ, բացի այդ, «ե» ենթակետի նոր շարադրանքը չի թղթակցվում օրենքի5-րդ հոդվածի առաջին մասի հետ: Միաժամանակ, նախագծի նշված հոդվածում չեն հստակեցվում վարկերի տրամադրման աղբյուները, մեխանիզմները, ինչպես նաեւ «արտոնյալության» չափանիշները:

3. Նախագծի 3-րդ հոդվածի շարադրանքը լրացուցիչ խմբագրման կարիք ունի (ենթադրվում է, որ հեղինակի կողմից նկատի է առնված վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի նվազեցումը 50 տոկոսի չափով): Հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով ավելացված արժեքի ձեւավորման, ավելացված արժեքի հարկ հաշվարկման եւ գանձման ամբողջական շղթայի առանձնահատկությունները, ինչպես նաեւ նշված հարկատեսակի` վերջնական սպառողի կողմից վճարման ենթակա լինելու հանգամանքը, կարծում ենք, որ այն կարող է առաջացնել վարչարարական մեծ բարդություններ, ինչպես նաեւ խաթարել նշված արտոնության հասցեականության ապահովման անհրաժեշտությունը (այս դիտողությունը վերաբերում է նաեւ ավելացված արժեքի հարկի գծով օրենքի նախագծով առաջարկվող մյուս արտոնություններին): Ինչ վերաբերում է նախագծի4-րդ հոդվածի 4-րդ մասին, ապա հարկ ենք համարում նշել, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ավելացված արժեքի հարկից ազատվում են օրենքով սահմանված գործարքները եւ գործառնությունները, այլ ոչ թե առանձին կազմակերպությունները:

4. Օրենքի 8-րդ հոդվածի լրացվող 5-րդ եւ 6-րդ մասերը խմբագրման եւ վերաշարադրման կարիք ունեն` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքին համապատասխանեցնելու առումով, իսկ 8-րդ մասում անհրաժեշտ է հստակ սահմանել տվյալ հոդվածի կիրարկման առումով «ուղղակի ներդրում» հասկացությունը:

5. Ընդհանուր առմամբ, նախագծով առաջարկվող արտոնությունների տրամադրումը լրացուցիչ քննարկումների եւ հնարավոր հետեւանքների իրատեսական գնահատումների կարիք է զգում: Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, հանրապետությունում տնտեսական գործունեության համար որոշակի եւ, մասնավորապես, հարկային արտոնությունների տրամադրումը (բացի այն, որ խաթարում է նման գործունեության հավասարության ապահովման սկզբունքը) վարչարարության ներկայիս պայմաններում չի ապահովում ակնկալվող արդյունքների ստացումը, անհրաժեշտ հասցեականությունը եւ մյուս բացասական հետեւանքների հետ միասին` արժեզրկում արտոնությունների գաղափարը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Գ. Կիրակոսյան