ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1119-14.03.2007-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

I. Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

II. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ պարբերությամբ. «Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:»:

Նկատի ունենալով, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. « 1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան այն քաղաքացին, .... », փաստորեն ոստիկանությունում ծառայություն անցնելու համար այլ պահանջների հետ միաժամանակ որպես պարտադիր պահանջ նշվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը, ուստի առաջարկում ենք Նախագծով ներկայացված փոփոխությունը համապատասխանեցնել Օրենքի նշված հոդվածին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն. «1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.» :

Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն. « Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: » , ուստի առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածի «դադարեցման» բառից հետո դրված ստորակետը փոխարինել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված համապատասխան շաղկապով:

III. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`Հ. Իսրաելյան

Ս. Յուզբաշյան