ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-99 4 -03.11.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ներկայացված նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ներկայացված նախագիծը զուրկ չէ խմբագրական թերություններից, որոնց արդյունքում խեղվել է առաջարկների իրավաբանական իմաստը: Այսպես օրինակ` նախագծի 1 հոդվածով առաջարկվում է «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 1058-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Վնաս պատճառելու պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն առանց շահադիտական նկատառումների օգնություն է ցուցաբերում այլ անձին եւ /կամ/ օգնության նպատակով անհատույց կարգով որեւէ գույք է տրամադրում ի շահ մեկ այլ անձի, անկախ դրա հետեւանքով պատճառված վնասից»:

Այս կապակցությամբ նախ նշենք հետեւյալը.

1 Ոչ թե «Վնաս պատճառելու պատասխանատվությունից», այլ «Պատճառված վնասի համար պատասխանատվությունից» է անձը ազատվում:

2. «Ի շահ մեկ այլ անձի» բառակապակցությունը չի կապակցվում նախագծի 1 հոդվածի իրավական իմաստի եւ տրամաբանության հետ: Ուստի առաջարկում ենք նշված բառակապակցությունից հանել «մեկ» բառը:

Ինչ վերաբերվում է 1 հոդվածի իրավաբանական կողմին, ապա առաջարկը խոցելի է հետեւյալ պատճառաբանություններով.

1. Առաջարկի մեջ խոսվում է այն դեպքերի մասին, երբ «առանց շահադիտական նկատառումների օգնություն է ցուցաբերում այլ անձին եւ /կամ/ օգնության նպատակով անհատույց կարգով որեւէ գույք է տրամադրում ի շահ մեկ այլ անձի» անձը ազատվում է պատճառված վնասի հատուցումից: Տվյալ պարագայում «առանց շահադիտական նկատառումների» օգնությունը վկայում է մեղքի բացակայության մասին, քանի որ շահադիտական նկատառումը մեղքի տարր է: Օգնությունըինքնին ենթադրում է առանց շահադիտական նկատառումների գործողություն:

Իսկ մեղքի բացակայության դեպքերի համար սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 2-րդ մասում: Ուստի նախագծի 1 հոդվածի առաջարկը այլ ձեւակերպմամբ կրկնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքիհիշատակված նորմի իմաստը:

2. Նախագծի 1 հոդվածի վերջին մասը «անկախ դրա հետեւանքով պատճառված վնասից» բառերը հակասում են առաջարկի, այն է` «վնաս պատճառելու համար պատասխանատվությունից» ազատելու տրամաբանությանը: Եթե խոսքը գնում է պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատելու մասին, ապա այն չի կարող իրականացվել «անկախ դրա հետեւանքով պատճառված վնասից»:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է, ըստ էության, խստացնել պատասխանատվությունը միչեւ 14 տարեկան անչափահասների կողմից պատճառած վնասի համար: Ընդ որում, անչափահասի օրինական ներկայացուցիչները, այդ թվում երեխայի ծնողները, խնամակալները, որդեգրողները, համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանությանկամ այլ նմանօրինակ հաստատությունները պարտավոր կլինեն հատուցել երեխայի կողմից պատճառած վնասը նույնիսկ այն դեպքում, երբ ոչ երեխան, ոչ էլ նրա օրինական ներկայացուցիչը մեղավոր չեն պատճառված վնասի համար: Որպես կանոն, մեղքի բացակայությունը ապացուցելու համար անհրաժեշտ են լուրջ եւ շատ ծանրակշիռ հիմնավորումներ, օրինակ` ծնողների, խնամակալների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից հսկողություն, խնամք կամ դաստիարակություն իրականցնելու անհնարինության մասին ապացույցներ: Իսկ քանի որ վնասի հատուցումը պատասխանատվության տեսակ է քաղաքացիական օրենսդրության ոլորտում, ապա չի կարելի այն կիրառել առանց որեւէ մեկի մեղքի առկայության: Նույնիսկ ՀՀ քրեական օրենսգիրքը 31-րդ հոդվածով սահմանել է այն արարքի հասկացությունը, որը կատարվել է առանց անձի մեղքի, երբ անձը չի գիտակցել եւ տվյալ իրադարձությունում չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանավոր բնույթը: Այդ տեսանկյունից անչափահասների համար քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանել 14 տարեկանից այն էլ` դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար: Բացի դա, նման փոփոխությունները կարող են հանգեցնել նաեւ օրինական ներկայացուցիչների, մասնավորապես` խնամակալների, որդեգրողների, համապատասխան հաստատությունների կողմից երեխայի նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսեւորման, ինչը իր հերթին կարող է նաեւ բացասական անդրադարձ ունենալ երեխայի դեռ անկայուն հոգեբանական վիճակի վրա:

Ավելին, նման փոփոխությունները հակասում են ինչպես «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, այնպես էլ նույնանուն ՀՀ միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին (հհ 14 կ. 2, 16, 18, 19, 20, 22, 23 կ. 3, 26, 27 կ. 3, 40 եւ այլն):

Ստացվում է հետեւյալ պատկերը. ՀՀ քաղ. օր.-ի 1058-րդ հոդվածի 2-րդ կետով չափահաս անձը կարող է ազատվել վնասի հատուցումից, եթե ապացուցի, որ իր մեղքը դրանում չկա, իսկ մինչեւ 14 տարեկան անչափահասի դեպքում որեւէ մեկի մեղքի բացակայությունը վնասի հատուցման հարցում նշանակություն չունի:

Ուսումնասիրելով Նախագծին կցված հիմնավորումը այն մասին, որ մեղքի առկայության ապացուցելը բարդություններ է առաջացնում դատարաններում վնասի հատուցման գործործերի քննման ժամանակ եւ դրանով են պայմանավորված նշված փոփոխությունները, մեր համոզմամբ, հանգեցնում է այլ եզրակացության, որը առնչվում է իրավակիրառողների (տվյալ դեպքում դատավորների վերապատրաստման) խնդրի հետ:

4. Նախագծի 2-րդ հոդվածի «բ» կետի վերջին մասը «անկախ նրանից, թե նա գործել է անհատույց կամ հատուցմամբ, եթե նրա մեղքը ապացուցված չէ» հստակ չէ եւ խմբագրման կարիք ունի:

5. Նախագծի 3-րդ հոդվածը առաջարկում է լրացնել օրենսգիրքը նոր 10711 -րդ հոդվածով «Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը» վերնագրով, իսկ Նախագծի 4-րդ հոդվածը` «Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը» վերնագրով 10712 -րդ հոդվածով: Այս երկու առաջարկվող հոդվածները կարծես թե տեղին չեն «Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար» վերնագրով 1071 հոդվածից հետո, քանզի կապ չունեն միմյանց հետ թե՛ տրամաբանական, եւ թե՛ իմաստային առումներով:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես խմբագրմման կարիք ունի, մասնավորապես` 1) « … օգտագործման ներքո գտնվող գույքից»; 2) 2-րդ մասի 2-րդ պարբերության «համապարտ պատասխանատվության» մասով պետք է հստակեցնել, թե ում հետ է համապարտ պատասխանատվությունը:

7. Նույն հոդվածի 3-րդ մասում եւ 4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել վերջին «իր կողմից հատուցման չափով» արտահայտությունը:

8. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է հետեւյալը. «2. Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով»: Մեր կարծիքով, սա կարող է սողանցք դառնալ դատական պրակտիկայում: Եթե անձը կարող է ապացուցել «որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով», ապա կարելի է վնասի հատուցումը պահանջելարդեն այս Նախագծում սահմանված մեխանիզմով, այսինքն, վնասի հատուցումը պահանջել կենդանու սեփականատիրոջից, որին կարելի է տալ հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք:Հակառակ դեպքում, նույնիսկ սեփական մեղքը կենդանու սեփականատերը կարող է վերագրել «այլ անձանց ապօրինի գործողություններին»: Կարծում ենք, նման մոտեցումը կոչված կլինի ավելի զգաստացնելու կենդանիների սեփականատերերին:

Այլ խմբագրական թերությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Կ.Հարությունյան

Ա. Գալստյան