ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն 2005 թվականի հունիսի 24-ի գրության «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ի լրումն 2005 թվականի հունիսի 24-ի գրության «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Անհրաժեշտ է նշել, որ օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Հարկ ենք համարում նշել, որ 2005 թվականի հունիսի 24-ին ներկայացված օրինագծերի փաթեթի վերաբերյալ Վարչության առաջարկություններն ու դիտողություններն ընդունվել են մասամբ:

Միաժամանակ նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

I. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 5 հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: Այսպես, վերնագրում ավտոմոբիլային ճանապարհների կառուցման եւ շահագործման համար թույլտվության հետ միասին նշվում է նաեւ քարտեզների, ատլասների, սխեմաների, հրատարակման թույլտվությունը, սակայն հոդվածում խոսքը գնում է միայն ճանապարհների կառուցման եւ շահագործման թույլտվության մասին:

Վերոհիշյալ հոդվածում, կարծում ենք, որ խոսքը պետք է գնա ոչ թե թույլտվության, այլ համաձայնության մասին, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Հետեւաբար, նախագծում օգտագործելով «թույլտվություն» բառը,ըստ էության, մենք խոսում ենք լիցենզիայի մասին, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17 եւ 18 կետերը արդեն իսկ նախատեսում են կապիտալ շինարարության,կադաստրագրման ու քարտեզագրման բնագավառներում լիցենզիաների տրամադրում:

2. Նախագծի 13 հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերը հակասում են նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ` բնակավայրերի փողոցների կամ փողոցների մաս կազմող հատվածների»: Քանի որ օրենքի գործողությունը չի տարածվելու բնակավայրերի փողոցների, կամ փողոցների մաս կազմող հատվածների վրա, հետեւաբար 13-րդ հոդվածի վերոհիշյալ մասերն անհրաժեշտ է հանել:

3. Նախագծի 13-րդ հոդվածի 16-րդ մասի`

ա) «գ» կետից առաջարկում ենք հանել «ձյան» բառը, քանի որընդունելով նշված պահանջի իրավացի լինելը գործնականում չենք պատկերացնում թե ի՞նչ եղանակներով է այն կատարվելու: Հողօգտագործողները ձմռանը ինչպե՞ս են թույլ չտալու ձյան կուտակում ճանապարհի կողեզրից 10 մետր հեռավորության վրա: Դա հեշտ կլիներ կատարել, եթե խոսքը գնար ընդամենը մի քանի մետր տարածքի մասին: Սակայն, հաճախ այդ տարածությունը բավական երկար է:

բ) «դ» կետն առաջարկում ենք հանել, քանի որ գործնականում պարզ չէ, թե ինչպես է սեփականատերըկանխելու իր հողատարածքից տրանսպորտային միջոցների ու անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում: Ընդ որում, թեեւ սա ամրագրված է որպես պարտականություն, սակայն պատասխանատվություն դրա համար նախատեսված չէ:

4.Նախագծի 18-րդ հոդվածի տեքստից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, որոնց օգտագործումը տվյալ դեպքում ավելորդ է:

5. Նախագծի 5-րդ գլուխն առաջարկում ենք հանել, իսկ 21-րդ հոդվածը վերախմբագրել նախագծի 1-ին գլխում:

6.Նախագծում առկա են նաեւ խմբագրական բնույթի թերություններ:

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Սույն օրենքի նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել լրացումներ, որոնք համահունչ չեն գործող օրենսգրքին եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Այսպես, նախագծի 150.1, 150.2, 150.3, 150.5 հոդվածներով սահմանված խախտումները, ըստ էության, իրենցից ներկայացնում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ եւ որպես այդպիսիք դրանց համար պատժատեսակներ նախատեսված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխի 115, 124, 127 հոդվածներում: Ընդ որում, նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է ՀՀ ոստիկանությունը, այլ ոչ թե` տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Նույն դիրքորոշումն է որդեգրված նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, որի 10-րդ հոդվածի համաձայն ՀՀ ոստիկանությունը. « … գ) վերահսկում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարմանը.

« … զ) ապահովում է ճանապարհային երթեւեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում եւ արգելում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.

է) ձեռնարկում է միջոցներ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ … . »:

Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, նույն նախագծի 12-րդ հոդվածում արդեն իսկ ամրագրված են ճանապարհային երթեւեկության անվտանգության համար անհրաժեշտ սահմանափակումները:

Նախագիծը ներկայացված տեսքով ընդունման դեպքում հնարավոր են դեպքեր, երբ նույն վարչական իրավախախտման, ասենք, օրինակ` չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու համար, վարորդը կարող է պատասխանատվության ենթարկվել եւ՛ ՀՀ պետավտոտեսչության կողմից` Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված կարգով, եւ՛ Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից` Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.2հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ ԱԺԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ `

Ա. Գալստյան

Վ. Մանուկյան