ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թանկարժեք մետաղների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) :

Ներկայացված օրենքի Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին: Սակայն հայեցակարգային բնույթի դիտողությունները հաշվի առնելու դեպքում կառաջանա անհամապատասխանություն [1] :

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները

1. Օրենքի նախագծի վերնագիրը չի համապատասխանում սահմանվող եւ կարգավորվող սկզբունքներին, մեխանիզմներին եւ իրավահարաբերություններին: Դրանով թեեւ փորձ է արվում կարգավորել նաեւ թանկարժեք քարերի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, այնուամենայնիվ, այն չի կազմում օրենքի վերնագրում առարկային վերաբերող մասը:

Բացի այդ, Նախագիծը բազմակողմ լրամշակման կարիք ունի, ինչպես լեզվաոճական, այնպես էլ իրավաբանական տեսանկյունից (օրինակ` 5 հոդվածի 2-րդ. 6 հոդվածի 5-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերը եւ 7 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ այլն:

2. Նախագծի գրեթե բոլոր հոդվածներում հղում է կատարված չնշված օրենքների վրա, իսկ դա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 7-րդ կետին. « Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձեւով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք »:

3. Նախագծի 1 հոդվածը «Օրենքի կարգավորման առարկա» վերնագրով կարգավորում է « Սույն օրենքը կարգավորում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական հիմքերը եւ պետական կարգավորման սկզբունքները, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պետական կառավարման եւ այլ մարմինների լիազորությունները»:

Նախագծի 1 հոդվածում ճիշտ չէ որոշված հարաբերությունների կարգավորման եւ սահմանման առանձնահատկությունը: Արդյունքում ստացվում է, որ այն դրույթները, որոնք ենթակա են սահմանման, իբր կարգավորվում են (օրինակ` սկզբունքները, իրավական հիմքերը):

Սակայն, ծանոթանալով նախագծի բովանդակությանը պարզ է դառնում, որ մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական հիմքերը լիարժեք չեն եւ նախագծով սահմանվածչեն պետական կարգավորման սկզբունքները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների պետական մենաշնորհի ոլորտը:

4. Օրենքի նախագծում հստակ նշված չէ թանկարժեք մետաղների հետ գործառնությունների կազմը (սեփականության իրավունքի, ինչպես նաեւ այդ առարկաների արտադրության վերամշակման, օգտագործման եւ տեղափոխման հետ կապված հարաբերությունները): Արդյունքում գործառնությունների հստակ կազմը արտացոլված չէ:

5. Նախագծի 2 հոդվածում բացակայում են մի շարք կարեւոր հասկացությունների սահմանումը, որոնց գործածումը նախագծում առկա է (օրինակ` 9-րդ հոդվածի 2-րդ մաս «գ» կետ «Ակնհայտ առեւտրային քանակություն», 7 հոդվածի 1-ին մաս «լիցենզավորող մարմին», 19 հոդվածի 1-ին մաս` «պետական պահուստ», 20 հոդվածի 1-ին մասի «Ազգային պահուստ» եւ այլն):

6. Նախագծի 3 հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում անհրաժեշտ է կատարել խմբագրական բնույթի փոփոխություն` կապված շրջանառության ժամանակի հետ:

Օրենքի նախագծի 3 հոդվածի վերնագիրը ենթակա է խմբագրման, քանզի այն անտեղի երկար եւ անմշակ է: Նույն հոդվածում թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի շրջանառության ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը չի ներառում ՀՀ Քրեական եւ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանգրերը:

7. Օրենքի նախագծի 4 հոդվածում «հսկողություն» բառի տակ տրված են մի քանի հասկացություններ:

Նախագծի 4, 7, 10 (6-րդ կետ 2-րդ պարբերություն) հոդվածներում նշված «լիազոր մարմին», «մասնագիտացված կառույց» եւ «լիցենզավորող մարմին» տերմինները հստակ եւ մասնական չեն, բացի դրանից հստակ տարանջատված չէ նաեւ այս մարմինների գործառույթների, խնդիրների շրջանակը:

8. Նախագծի 2 հոդվածի 9-րդ մասում « ստանդարտացված ձուլակտոր» - որպես ցանկացած չափի … մետաղից պատրաստված ձուլակտոր» արտահայտությունը պետք է հստակեցնել:

9. Նախագծի 5 հոդվածի 1-ին մասում անհասկանալի է թույլատրելիության աստիճանը («կարող են»): Վերջին նախադասությունը հակասում է օրենսդրության տեխնիկայի կանոններին: Օրենքի նախագծի 5 հոդվածի 2-րդ մասում իմաստային անհամապատասխանություն է` ոսկին չի կարող համապատասխանել օրենքի մասին: Օրենքի նախագծի 5 հոդվածի 2-րդ մասում իմաստային անհամապատասխանություն է` ոսկին չի կարող համապատասխանել օրենքի մասին:

Նույն հոդվածի 3-րդ մասի վերջում «ցուցանիշ» բառը կարող է ունենալ երկիմաստ նշանակություն, իսկ «ա» ենթակեում նշված քանակի որոշման մարմինը սահմանված չէ: Նույն մասի «բ» ենթակեում «պետք է պարտադիր» բառերն ավելորդ են: Իսկ «գ» ենթակեում նշված սահմանումը հստակ չէ (ինչ չափի, ծավալի, մակերեսի, քաշի եւ այլն):

10. Նախագծի 6 հոդվածի վերնագրում ներառված են երկու տարբեր առարկաներ, հետեւաբար` այն ենթակա է խմբագրման: Հոդվածի 1-ին մասի 1-ինեւ2-րդ դրույթներն իրար չեն համապատասխանում, բացի դրանից փորձ է արվում «կազմակերպել» հարգորոշման, հարգադրոշման գործունեությանը ներկայացվող պահանջները, սակայն նշված դրույթները. « դ/ մինեւ 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ընդ որում՝ արծաթից պատրաստված մինչեւ 3 գրամ կշիռ ունեցող իրերը, զ/ հետագա մշակման ենթակա նախապատրաստվածքները եւ բոլոր այն անավարտ իրերը՝ որոնց վրա դեռեւս կավելացվեն թանկարժեք մետաղներից եւ (կամ) այլ մասեր, ինչպես նաեւ նրբաթերթ թանկարժեք մետաղները, արտադրական ձուլվածքները, թափոնը եւ ջարդոնը », իրենց հերթին սողանցք կարող է ստեղծել այս ոլորտում իրավախախտ վարքագիծ դրսեւորելու համար:

Նույն հոդվածի 8-րդ մասում ՀՀ Կառավարության հաստատմանն է թողնված. « Հարգադրոշմների, տարբերանիշերի եւ անվանանիշերի ձեւերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաեւ նրանց պատրաստման, հաշվառման եւ տնօրինման կարգը հաստատում է », պատրստման, հաշվառման եւ տնօրինման կարգը: Այստեղ պարզչէ, թե ինչ է հասկացվում «տնօրինման կարգի» տակ, քանզի համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, տնօրինման իրավազորությունը պատկանում է բացառապես սեփականատիրոջը: Մեր կարծիքով, այս հիմքով «տնօրինման» բառի փոխարեն ենթադրվում է «բաշխման», «օգտագործման» եւ «պահպանման» բառերից մեկի կիրառումը:

Նույն հոդվածի 9-րդ մասում, մեր կարծիքով, «տեխնիկական պահանջները» պետք է տրվեն նախագծի 2 հոդվածի հասկացությունների շարքում, իսկ «գործունեության պայմանները» պետք է նախատեսվեն առանձին հոդվածի տեսքով` նշելով դրանց գործունեության տեսակը եւ բնույթը (համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի):

Նույն հոդվածի 9-րդ մասի ա) կետում «պահպանել» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «կատարել եւ» բառը, իսկ բ) կետը հստակեցման կարիք ունի:

11. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել«հանձնաժողովի կազմում ընդգրկվում էառնվազն յոթ անդամ, որոնցից առնվազն հիսուն տոկոսը պետք է լինեն լիցենզավորող մարմնի ներկայացուցիչ» բառակապակցությունը:

Նույն հոդվածի 2-րդ պարբերությունից «կիրառվում են» բառն անհրաժեշտ է փոխարինել «տարածվում է» բառով:

12. Նախագծի 7 հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությունից առաջարկում ենք հանել «ՀՀ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում» բառերը եւ փոխարինել «ՀՀ օենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

13 Նախագծի 7 հոդվածի 4-րդ մասում «մասնագիտացված կառույց» բառն անհրաժեշտ է հստակեցնել:Առաջարկում ենք հանել «ՀՀ կառավարության կողմից» բառերը, ինչպես նաեւ «իրականացվելու» բառի փոխարեն մտցնել «տրվելու» բառը, իսկ 2-րդ պարբերությունից հանել «այլ» բառը: Պարզ չէ նաեւ, թե ի՞նչ հաշվարկներից ելնելով է նախատեսված միաժամանակ եւ փոխհատուցման վճարը, եւ պետական տուրքի գաձնումը:

14. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասը հստակեցման կարիք ունի, իսկ 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «նրանց վրա» բառերը: Նույն հոդվածի 3-րդ մասն անհասկանալի է, թե ինչո՞ւ է նշված գործողությունների պարտականությունը իր հաշվին կրում հանրային օտարում իրականացնող անձը:

6-րդ մասում «հետ կապված պայմանների կատարման» բառերն անհրաժեշտ է փոխարինել «համար սահմանված պահանջների խախտման» բառերով:

15. Նախագծի 9 հոդվածի 1-ին մասի «լիցենզիա ունեցող» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «համար» բառը, «պարտականությունը» բառը փոխարինել «պատասխանատվությունը» բառով:

16. Նախագծի 10 հոդվածի 3-րդ մասը հանել, քանի որ այն կրկնում է հոդվածի 2-րդ մասը, իսկ 6-րդ մասում «փորձաքննություն» բառից հետո մտցնել «արդյունքում» բառը:

17. Լիցենզավորմանը վերաբերող հարաբերությունների կարգավորումը (գլուխ 3) լի է թերություններով, բացերով եւ անհամապատասխանություններով: Այսպես` հստակ ձեւակերպված չեն թանկարժեք մետաղների գնման, արտադրության, մշակաման, սերտիֆիկացիայի, փոխադրման, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, վերանորոգման եւ այլ գործառույթների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել լիցենզավորմանը վերաբերող դրույթներում: Նախագծի 10 հոդվածի 3-րդ մասը հանել, քանի որ այն կրկնում է հոդվածի 2-րդ մասը, իսկ 6-րդ մասում «փորձաքննություն» բառից հետո մտցնել «արդյունքում» բառը:

Հաշվի չեն առնվել նաեւ զուտ լիցենզիային վերաբերող պահանջները, օրինակ`

- ի՞նչ տվյալներ պետք է պարունակի լիցենզիան,

- գործառույթների իրականացման պայամանները,

- լիցենզիային կցվող փաստաթղթերի ցանկը,

- լիցենզիա տալու կարգը,

- լիցենզիա տալու պայմանները եւ այլն:

Այս ամենը կազմում է առանձնահատկությունների համակարգ, եւ անհրաժեշտ է սահմանել քննարկվող օրենքի նախագծում:

Սույն եզրակացության 15-րդ կետում նշված դիտողություններն ու առաջարկությունները վերաբերում են նաեւ թանկարժեք մետաղներից պատրստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման լիցենզավորմանը:

18.Առաջարկում ենք օրենքի նախագծի 11 հոդվածի 2-րդ մասի «արդյունքներով կիրառվում է» բառերը փոխարինել «արդյունքում օրենսդրության պահանջների խախտում արձանագրելու դեպքում կիրառվում են» բառերով: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի «անձանց» բառը փոխարինել «անձինք» բառով:

19. Վարչական պատասխանատվությանը եւ պատասխանատվությանն առհասարակ վերաբերող 4-րդ գլխի դրույթները անհրաժեշտ է վերանայել` հիմք ընդունելով.

- խախտման հանրային վտանգավորության աստիճանը,

- խախտման սուբյեկտային կազմը,

- պատժամիջոցի տեսակը եւ չափը,

- խախտման շարունակական բնույթը կամ կրկնակիությունը,

- պատժամիջոցի համապատասխանությունը խախտման վտանգավորությանը:

Այս առումով անհրաժեշտ է վերանայել նախ վարչական պատասխանատվության հիմքերը եւ չափը: Համեմատական վերլուծության արդյունքում պարզվում է, որ լիցենզիայի գործողության կասեցումը առանձին դեպքերում իրենից ներկայացնում է ավելի մեղմ պատժատեսակ, քան սահմանված է հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանց կիրառումն առանձին դեպքերում կարող է դիտվել որպես «խրախուսանքի միջոց», քանի որ, ըստ էության, մեծածավալ արտադրության կամ այլ գործառնությունների դեպքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գույքային շրջանառության կանոնների խախտումը կարող է հանգեցնել հսկայական եկամուտների եւ գերեկամուտների, իսկ 600 հազար դրամի տուգանքը չի կարող նպաստել խախտումների ընդհանուր եւ հատուկ կանխարգելմանը:

20. Նախագծի 13 հոդվածի 1-ին մասում հայցով դատարան դիմելու սուբյեկտը ճիշտ մատնանշված չէ, քանզի լիցենզավորված անձը պետք է դիմի դատարան տուգանքի կիրառման մասին որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, այլ ոչ թե Լիազոր մարմինը:

21. Օրենքի նախագծի 6-րդ գլխում նշված իրավահարաբերությունները կազմում են կարգավորման առարկաներից մեկը, ուստի պետք է ներառվեն օրենքի նախագծի սկզբնամասում, այլ ոչ թե պատասխանատվություն սահմանող դրույթներից հետո:

22. Հիմք ընդունելով խախտումների հետեւանքով խոշոր եւ առանձնապես խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը` առաջարկվում է քննարկել այդ խախտումների քրեականացման անհրաժեշտությունը: Օրինակ, թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի եւ մարգարտի անօրինական շրջանառությունը կամ թանկարժեք մետաղները եւ թանկարժեք քարերը պետությանը հանձնելու կանոնները խախտելու կամ չհարգավորված ապրանքների եւ արտադրանքի արտադրության ձեռքբերման պահպանության, տեղափոխման, առաքման կամ իրացման համար: Ընդ որում, անհրաժեշտ է տարանջատել նման գործողություններն ըստ խոշոր չափի, առանձնապես խոշոր չափիկազմակերպված խմբի կողմից կատարելու, նախնական համաձայնությամբ կատարելու եւ այլ հիմքերով:

Այս ամենը հաշվի չի առնվել օրենքների նախագծերի փաթեթում, ուստի ենթադրվում է, որ նախագծի հեղինակները նման բնույթի խախտումների վտանգավորության աստիճանը չեն դիտում որպես քրեորեն հետապնդելի արարքին բնորոշ վտանգավոր արարքներ եւ չեն գտնում, որ դրանք անհրաժեշտ է քրեականացնել:Սակայն մենք այդ կարծիքին չենք: Ենթադրվում է, որ չքրեականցնելը կարող է հանգեցնել ստվերային տնտեսության սրընթաց աճին եւ զարգացմանը:

23. Նախագծի 18 հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում անհրաժեշտ է հստակեցնել «Գանձարան» հասկացության բովանդակային իմաստը, իսկ 2-րդ մասը, մեր կարծիքով պետք է հստակեցնել, թե որոնք են «ի պաշտոնե» տրվող կամ ստացվող նվերների հիմքերը, ինչպես նաեւ տվող սուբյեկտների շրջանակը (արդյոք դրանց մեջ կարող են մտնել ՀՀ քաղաքացիները), ինչպես կարելի է սահմանազատել տվյալ դեպքերը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կաշառքի հանցակազմից:

24. Օրենքի նախագծի 19 հոդվածի 1-ին մասում. « Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստի», 20 հոդվածի 1-ին մասում « Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստի» սահմանումն ամբողջությամբ անհրաժեշտ է տանել հասկացությունների մեջ:

25. Օրենքի նախագծի լեզվաոճական թերությունն այն է, որ այն ձեւակերպված է շատ դեպքերում ոչ թե հրամայական ոճով, այլ ազատ շարադրանքի տեսքով, ինչը հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Այսպիսով, հիշյալ նկատառումներով էլ գտնում ենք, որ ամբողջ փաթեթը լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Կ. Հարությունյան



[1] Հայեցակարգային բնույթի դիտողությունների թվին են դասվում սույն եզրակացության 1-ին,2-րդ, 4-րդ, 5-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 28-րդ եւ 29-րդ կետերում արծարծված դրույթները: