ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 4-րդ հոդվածի «ֆինանսական խնդիրների» բառերն առաջարկում ենք փոխարինել «սոցիալական խնդիրների» բառերով, քանի որ վերջինս ավելի լայն հասկացություն է` ներառելով նաեւ ֆինանսական վիճակի հետ կապված դժվարությունները: Մյուս կողմից` «ֆինանսական խնդիրների լուծմանն» օժանդակելը, օրենքի տեսանկյունից, ըստ էության, անչափելի նպատակ է դառնում, քանի որ սույն նախագիծը չի սահմանում ֆինանսական օգնության նվազագույն եւ (կամ) առավելագույն չափեր:

2. Նախագծի 7-րդ հոդվածի բովանդակությունն անհրաժեշտ է վերաշարադրել նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ տրված են օգտագործվող հիմնական հասկացությունները: Այդ կապակցությամբ նախագծի 2-րդ գլխի վերնագրից անհրաժեշտ է հանել «Սոցիալական աջակցության հասկացությունը եւ» բառակապակցությունը:

3. Նախագծի 8-րդ հոդվածում, որպես սոցիալական ծառայության տեսակ, առանձնացվում են խորհրդատվական եւ իրավաբանական օգնությունները: Մինչդեռ, իրավաբանական օգնությունը, ըստ էության, նույնպես խորհրդատվական օգնություն է: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածի 7-րդ կետը հանել, իսկ 15-րդ հոդվածի բովանդակությունը վերաշարադրել 9-րդ հոդվածում:

4. Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ կետում «կազմակերպումը» բառն առաջարկում ենք փոխարինել «տրամադրումը» բառով, ինչպես ամրագրված է նախագծի 14-րդ հոդվածում:

5. Նախագծի 16-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «հաստատում է սոցիալական աջակցության պետական ծրագրերը», քանի որ բոլոր, այդ թվում` նաեւ սոցիալական աջակցության նպատակով իրականացվող պետական ծախսերը սահմանվում են պետական բյուջեների մասին օրենքներով,

բ) 4-րդ կետի շարադրանքը («հաստատում է օգնությունների տրամադրման կարգերը») հակասում է նախագծի 11-րդ հոդվածի վերջին պարբերությանը, ըստ որի` «Դրամական օգնության տրամադրման կարգը սահմանվում է օրենքով»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է կամ տվյալ հոդվածի 4-րդ կետի վերջում ավելացնել «բացառությամբ դրամական օգնությունների տրամադրման կարգից» բառերը, կամ էլ (որ ավելի ճիշտ կլինի) 4-րդ կետը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ` «4) սույն օրենքի կիրարկման նպատակով եւ իր լիազորությունների սահմաններում ընդունում է անհրաժեշտ իրավական ակտեր»:

6. Տարընթերցումներից խուսափելու նպատակով նախագծի 18-րդ հոդվածի 1-ին կետն առաջարկումենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1) մարզի (Երեւան քաղաքի) տարածքում իրականացնում է սոցիալական աջակցության պետական ծրագրերը», այլապես կստացվի, որ մարզը (լինելով տարածքային կառավարման մարմին) կարող է ունենալ պետական ծրագրեր:

Նույն տրամաբանությամբ հոդվածի վերնագրից անհրաժեշտ է հանել «պետական» բառը:

7. Հստակեցման կարիք է զգում նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, այն իմաստով, որ անհրաժեշտ է հստակ նշել «աղքատ» («առավել աղքատ») եւ «ոչ աղքատ» ընտանիքների որոշման չափորոշիչները, կամ հղում կատարել այն իրավական ակտերին, որոնցով սահմանվում են այդ չափորոշիչները, այլապես ընտանիքների աղքատության մակարդակի որոշման հարցը դառնում է համայնքի ղեկավարի «մենաշնորհը»` դրանից բխող անցանկալի հետեւանքներով հանդերձ:

8. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել թե ո՞ւմ կողմից է ստեղծվում սոցիալական աջակցության խորհուրդը, ո՞ր ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ի՞նչ կարգով են ընդգրկվում այդ խորհրդի կազմում:

9. Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում անհրաժեշտ է հստակեցնել աշխատանքային, թե՞ օրացույցային օրերի մասին է խոսքը:

10. Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասից հետեւում է, որ ցանկացած վարակակրի, այդ թվում նաեւ, օրինակ, գրիպով հիվանդի, պետք է մերժվի խնամքի տրամադրումը, ինչը, մեր կարծիքով, ընդունելի չէ:

11. Նախագծի 34 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 5-րդ մասի 5-րդ կետերում «2-րդ մասի 8-րդ կետում» բառակապակցությունը անհրաժեշտ է փոխարինել «8-րդ մասով» բառակապակցությամբ, քանի որ վկայականի մասին խոսվումէ 34 հոդվածի 8-րդ մասում:

12. Առաջարկում ենք օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2006 թ. հունվարի

1-ից, ինչպես նախատեսված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Ա. Սարգսյան