ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նախնական (արհեստագործական) եւ միջին

մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում`

ա) 7-րդ կետի «սոցիալական համախմբվածություն» բառակապակցությունը խիստ անորոշ է եւ տարընթերցումների տեղիք կարող է տալ: Բացի այդ, անհրաժեշտ է այս հասկացությունը համահունչ դարձնել նախագծի 3-րդ հոդվածի 17-րդ կետով տրված` «սոցիալական գործընկեր» հասկացության հետ, որի կապակցությամբ առաջարկում ենք 7-րդ կետի «սոցիալական համախմբվածության» բառակապակցությունը փոխարինել «սոցիալական գործընկերության» բառակապակցությամբ,

բ) 9-րդ կետն առաջարկում են հանել, քանի որ «քաղաքացու եւ անհատի` ողջ կյանքի ընթացքում ուսուցման հնարավորության ապահովումը» չի կարող լինել «Մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրության … » խնդիրներից մեկը (տես այս հոդվածի 2-րդ մասի շարադրանքը):

2. Նախագծի 3-րդ հոդվածի 7, 8, 9 եւ 10 կետերով տրված հասկացությունների սահմանումների մեջ նպատակահարմար կլինի հստակ նշել կրթության որակավորման համապատասխան աստիճանների հիերարխիան, այլապես անորոշ կմնա թե այդ որակավորման աստիճաններից ո՞րն է ավելի բարձր:

3. Նախագծի 4-րդ հոդվածում`

ա) վերնագրից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը (դրանց նշումն ուղղակի ավելորդ է),

բ) 1-ին մասի 1-ին կետի «համապատասխանությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «համապատասխանության ապահովումը» բառերով,

գ) 1-ին մասի 6-րդ կետից առաջարկում ենք հանել «եւ ժողովրդավարությունը» բառը (ժողովրդավարությունը համամարդկային արժեք է եւ որպես միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունք դրա ամրագրելը բավականին բարձրագոչ է հնչում),

դ) 2-րդ մասի «ա», «բ» եւ «գ» կետերում նույն իմաստով օգտագործվում են երկու տարբեր հասկացություններ, որոնցից ոչ մեկն էլ, ըստ էության, ճիշտ չի արտահայտում այդ դրույթներում հիմքում դրված իմաստը: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված կետերի «անվճար» եւ «բյուջետային հատկացումների շրջանակներում» բառերը փոխարինել «պետական պատվերի շրջանակներում» բառերով:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «փոխադարձ ճանաչումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «փոխադարձ ճանաչման հիմքերը» բառերով, քանի որ պետական կրթական չափորոշիչներն ինքնին չեն կարող ապահովել օտարերկրյա պետությունների հետ մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը (այն կատարվում է միջպետական կամ միջազգային պայմանագրերի հիմնա վրա):

5. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում նպատակահարմար կլինի հստակ ամրագրել այն ժամկետները, որոնց ընթացքում մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է մշակեն եւ հաստատեն ուսուցանվող մասնագիտությունների ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը:

6. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «կրթության պետական կառավարման» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «լիազորված» բառը:

7. Նախագծի 19-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի վերջում, վճարովի ուսուցման համակարգից անվճար ուսուցման փոխադրվելու իրավական հիմքի ամրագրման նպատակով, առաջարկում ենք ավելացնել «` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով» նախադասությունը:

8. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքը, ըստ որի ամրագրվում է նշված կետի ուժի մեջ մտնելու ժամկետը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից), անհրաժեշը է փոխել, քանի որ «2006-2007 ուսումնական տարի» ժամկետը խիստ անորոշ բնույթ ունի: Այս առումով, առաջարկում ենք 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը միացնել իրար եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 19-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետն ուժի մեջ են մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:»:

9. Թերի է ձեւակերպված նախագծի 23-րդ հոդվածի դրույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ նախագծին կից ներկայացված տեղեկանքի սույն օրենքի ընդունումը ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է առաջացնում, առաջարկում ենք սույն օրենքն ուժի մեջ մտցնել 2006 թվականի հունվարի 1-ից:

Բացի այդ, նախագծին կից ներկայացված մեկ այլ տեղեկանքում նշվում է, որ սույնօրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կրթության մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում, ուստի նպատակահարմար կլիներ սույն օրինագիծը ներկայացնել համապատասխան նախագծերի հետ միասին` որպես օրենսդրական փաթեթ, ինչն ավելի առարկայական կդարձներ այս նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա. Թամազյան

Մ. Հակոբյան