ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա.Առաքելյանի եւ Հ.Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագիծը իրենից ներկայացնում է 20.10.2004թ.-ին ներկայացված Պ-293 համանուն նախագծի լրամշակված տարբերակը, որի վերաբերյալ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունը տվել է իր թիվ 137 առ 15.11.2004թ. եզրակացությունը:

Նախագծերի համեմատումից պարզվեց, որ վերոհիշյալ եզրակացության մեջ առկա համարյա բոլոր դիտողությունները եւ առաջարկությունները հեղինակների կողմից հաշվի են առնվել, այնուամենայնիվ, Նախագծի վերաբերյալ ունենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները.

1. Նախագծի 1 հոդվածի «ը» կետում«իրականացվում է» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «առողջական վիճակի բերումով ժամանակավորապես կամ մշտական ուսումնական հաստատություն չհաճախող անձանց»բառակապակցությունը, այլապես պարզ չէ, թե այդ ուսուցումը տվյալ անձի, թե, ասենք, մանկավարժի տանն է իրականացվելու:

2.Նախագծի 9 հոդվածի 2-րդ մասում «կետով» բառը անհրաժեշտէ փոխարինել «մասով» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները կարող են բաժանվել «մասեր» կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են պարունակել կետեր կամ պարբերություններ»:

3. Նախագծի 10 հոդվածի 3-րդ մասում «22» թիվը անհրաժեշտ է փոխարինել «21» թվով, քանի որ ստացիոնար բուժական հաստատությունում ուսուցման ֆինանսավորման մասին խոսվում է Նախագծի 21 հոդվածում:

4. Նախագծի 17 հոդվածում հստակեցված չէ այն հարցը, թե բժշկամանկավարժահոգեբանական հանձնաժողովները ո՞ւմ կողմից են ստեղծվում:

5. Նախագծի 19 հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում «անկախ կազմակերպա-իրավական ձեւից» բառակապակցությունը առաջարկում ենք փոխարինել «պետական կամ համայնքային» բառով, քանի որ չի կարելի մասնավոր հաստատություններին արգելել վերակազմակերպվել կամ լուծարվել:

6. Նախագծի 28 հոդվածում «10-րդ օրվանից» բառակապակցությունը առաջարկում ենք փոխարինել «6 ամիս հետո» բառակապակցությամբ, քանի որ բժշկամանկավարժահոգեբանական հանձնաժողովների կազմավորումը հանրապետական հանձնաժողովի գործառույթների նկարագրումը եւ նախագծով առաջարկվող մի շարք այլ դրույթների իրագործումը պահանջում է երկար ժամանակ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան