«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-098-10.04.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առկա են մի շարք խնդրահարույց հարցադրումներ: Այսպես.
- Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված լիազորությունները ՀՀ կառավարությունը կարող է վերապահել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին: Նշված առաջարկությունը չի բխում օրենսդրության պահանջներից, քանի որ ՀՀ օրենսդրական ակտերով նման լիազորություն ՀՀ կառավարությանը վերապահված չէ: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ նաև օրենքի 9-րդ հոդվածը, որտեղ հստակ սահմանված են լիազոր մարմնի իրավասությունները:
- Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումներն անընդունելի են, քանի որ հակասում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներին, որոնց համաձայն սահմանվում են կազմակերպության գործունեության պետական երաշխիքները, մասնավորապես՝ պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը, իսկ նույն օրենքի 2-րդ գլուխն ամբողջովին վերաբերում է կազմակերպություն ստեղծելու մասին դրույթներին, մասնավորապես՝ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով գրանցման պահից, հետևաբար, հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հիմնադրման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
- Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսված են կարգավորումներ, համաձայն որոնց՝ այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են հավատարմագրվել: Մինչդեռ հիշյալ օրենքում բացակայում են հասարակական կազմակերպությունների, միությունների և ընկերությունների հավատարմագրման վերաբերյալ կարգավորումներ: Պարզ չեն նաև հավատարմագրման նպատակը և իրավական բովանդակությունը, անհասկանալի է նաև, թե հոդվածով նախատեսվող հավատարմագրումը որտեղ է իրականացվելու, ում կողմից և ինչպես:
- Նախագծում օգտագործվում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը: Մասնավորապես՝ իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:»:
ՀՀ սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1142 և ՍԴՈ-1270 որոշումներում անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին՝ գտել է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պատավորությունների հարցում:
Այդ առումով նախագծի կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին:
- Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող 18.6-րդ հոդվածի «դ» կետով նշված է մարզիկների հակադոպինգային ապահովումից օգտվելու, ինչպես նաև հիվանդության և վնասվածքի դեպքում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում համապատասխան բուժում ստանալու իրավունքը, սակայն նշված չէ, թե ինչ հիմունքներով է այն իրականացվելու: Հստակեցված չէ, թե ինչ միջոցների հաշվին պետք է իրականացվի մարզիկների բուժումը:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ կառավարությունը, նկատի ունենալով առաջարկվող փոփոխությունների ծավալը և առկա խնդիրները, գտնում է, որ գործող օրենքը պետք է լրամշակվի և շարադրվի նոր խմբագրությամբ:
Ամփոփելով՝ ՀՀ կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումներից և համագործակցել բնագավառի լիազոր մարմնի հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում օրենքի նախագծի մշակման և համատեղ ներկայացման նպատակով: