«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-085-03.04.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող օրինական արգելք կամ պատճառ հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար՝ բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:

  1. Նախագծով առաջարկվող կարգավորումն իր բովանդակությամբ չի համապատասխանում օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որոնք վերաբերում են աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
  2. Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով ևս պայմանավորված:
  3. Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Տեղին է նշել նաև, որ օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ աշխատանքային իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: