«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-005-18.01.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունենք:

Այդուհանդերձ, ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթակառուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախսերի առումով: Առավել ևս, որ ուսանողների տեղափոխության և վերականգնումների գործընթացները (վերջինիս հետ կապված համապատասխան վճարումները՝ նաև կրեդիտներով պայմանավորված) իրականացվում են ըստ կիսամյակների:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման և ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների մասով, ինչպես նաև կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապահովության չափանիշների և առաջադիմության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ։