«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-392-15.10.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները:

1. Նախագծին կից հիմնավորմամբ ներկայացված խնդիրը և դրա լուծման հնարավորությունները պետք է դիտարկել հետևյալ նկատառումների ներքո.

1) խոշոր առևտրային ցանցերը, հանդիսանալով ԱԱՀ վճարողներ, բնականաբար, այլ հավասար պայմաններում նախընտրում են իրենց կողմից վաճառվող ապրանքները ձեռք բերել ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտներից, որպեսզի կարողանան ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարել,

2) ԱԱՀ վճարող չհամարվող տնտեսվարող սուբյեկտները, որոնք ցանկանում են ապրանքներ մատակարարել խոշոր առևտրային ցանցերին, կարող են կամավորության սկզբունքով, համապատասխան հայտարարության ներկայացմամբ, դառնալ ԱԱՀ վճարողներ, սակայն այս պարագայում ակնկալվում է, որ նրանք որոշակիորեն կբարձրացնեն իրենց կողմից վաճառվող ապրանքների գները: Հետևաբար, ներկայացված նախագիծն ըստ էության քննարկելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ թեև ներկայումս խոշոր առևտրային ցանցերը փոքր մատակարարներից ձեռքբերումներ կատարելիս ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորություն չեն ստանում, սակայն փոխարենը ապրանքները ձեռք են բերում համեմատաբար ավելի ցածր գներով: Այս առումով, խոշոր առևտրային ցանցերն ընտրություն են կատարում ձեռք բերվող ապրանքների՝ համեմատաբար ցածր գների և այդ ապրանքների գծով ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու իրավունքի միջև,

3) ներկայացված խնդիրը որևէ կերպ պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող հարկային օրենսդրության առանձնահատկություններով: ԱԱՀ-ի հաշվարկման միջազգայնորեն ընդունված և կիրառվող սկզբունքները ենթադրում են, որ եթե ապրանքների առք ու վաճառքի շղթայի որևէ օղակում գտնվող հարկ վճարողը չի համարվում ԱԱՀ վճարող, ապա ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման շղթայի ամբողջականությունը խաթարվում է, և հետևաբար, նախորդ օղակում չվճարված ԱԱՀ-ի գումարի վճարման պարտավորությունը տեղափոխվում է շղթայի հաջորդ օղակ,

4) խոշոր առևտրային ցանցերի միջոցով վաճառվող ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարման բեռն ըստ էության ընկնում է ապրանքի վերջնական սպառողի վրա, հետևաբար եթե խոշոր առևտրային ցանցը ձեռք բերվող ապրանքների գծով ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու հնարավորություն չի ստանում, դա դեռևս չի նշանակում, որ ԱԱՀ-ի գծով հարկային բեռն ընկնում է իր վրա,

5) բոլոր դեպքերում սպառողը վճարում է ԱԱՀ-ի միևնույն գումարը, պարզապես մի դեպքում ԱԱՀ-ի ամբողջ գումարը պետական բյուջե է վճարվում մանրածախ ցանցի միջոցով (քանի որ այս դեպքում շղթայի նախորդ օղակներում ԱԱՀ չի վճարվել, հետևաբար մանրածախ ցանցը ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորություն չունի), մյուս դեպքում ԱԱՀ-ի գումարը մաս-մաս պետական բյուջե է վճարվում արտադրողի (ներմուծողի) և մանրածախ ցանցի միջոցով (քանի որ այս երկրորդ դեպքում շղթայի յուրաքանչյուր օղակում վճարվում է այդ շղթայում նոր ստեղծված արժեքին համապատասխանող ԱԱՀ-ի գումարը, հետևաբար մանրածախ ցանցն էլ արդեն ԱԱՀ-ի գծով հաշ-վանցումներ կատարելու հնարավորություն ունի):

2. Ներկայացված առաջարկությունը ենթադրում է ԱԱՀ-ից ազատման հարկային արտոնության տրամադրում ինչպես գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին, այնպես էլ վերավաճառողներին: Այս առումով նույնպես գտնում ենք, որ ներկայացված առաջարկությունը խնդրահարույց է, քանի որ գյուղատնտեսական ապրանքների վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները, որոնց առևտրային վերադիրները, ի դեպ, հաճախ ավելի մեծ են, քան գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների կողմից կիրառվող վաճառքի առաջնային գներն ինքնին, զբաղվում են սովորական առք ու վաճառքով, որոնց մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության տրամադրումը հիմնավորված չէ:

3. Բացի դրանից, գյուղատնտեսական ապրանքների առք ու վաճառքով զբաղվողներին ԱԱՀ-ից ազատման արտոնության տրամադրման պարագայում հարկման արդարության ու հավասարության սկզբունքը պահանջում է, որ ԱԱՀ-ից ազատման արտոնություն տրամադրվի նաև այլ, օրինակ՝ կենցաղային տեխնիկայի կամ հագուստի առք ու վաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, ինչն ուղղակի անթույլատրելի է:

4. Ինչ վերաբերում է անմիջականորեն գյուղատնտեսության ոլորտում ներգրավված, այսինքն՝ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին, ապա առաջարկում ենք ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս հաշվի առնել այն, որ գյուղատնտեսության ոլորտի հա-մար գործող հարկային և մաքսային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է արտոնությունների շատ լայն շրջանակ: Ընդ որում՝ նշյալ արտոնություններից ամենից հիմնականը, թերևս, համարվում է այն, որ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողներն ազատվում են շահութահարկի վճարումից իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

Բացի դրանից, ըստ էության, հարկից ազատման արտոնություն է նախատեսված նաև ԱԱՀ-ի և շրջանառության հարկի մասով, քանի որ եթե տնտեսության այլ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պետք է կամ համարվեն շրջանառության հարկ վճարող (օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին բավարարելու և հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելու դեպքում), կամ եթե չեն համարվում շրջանառության հարկ վճարող, ապա օրենսգրքի ուժով համարվում են ԱԱՀ վճարող, ապա գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները մինչև իրացման շրջանառությամբ 58.35 միլիոն դրամի (2018 թվականի համար՝ 115 մլն դրամ) շեմը գերազանցելը կարող են միաժամանակ չլինել և շրջանառության հարկ վճարող, և ԱԱՀ վճարող:

Ամփոփելով վերոգրյալը՝ ստացվում է, որ վերոնշյալ շեմը չգերազանցող չափով իրացման շրջանառություն ունեցող գյուղատնտեսական արտադրանք արտադրող տնտեսվարող սուբյեկտները շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու դեպքում ազատվում են ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկվող բոլոր հարկերից, իսկ շրջանառության հարկի շեմը գերազանցած գյուղատնտեսական արտադրանք արտադրող տնտեսվարող սուբյեկտները՝ շահութահարկից:

Բացի դրանից, գործող օրենսդրությամբ ԱԱՀ-ից ազատման արտոնություններ են նախատեսված նաև մի շարք գյուղատնտեսական նշանակության ապրանքների (գյուղատնտեսական տեխնիկա, պարարտանյութեր, մշակաբույսեր, բազմամյա տնկարկների սերմեր, ջերմոցներ) ներմուծման և իրացման գործարքների մասով:

5. Ներկայացված առաջարկությունը ենթադրում է ԱԱՀ-ից ազատման արտոնության տրամադրում նաև գյուղատնտեսական ապրանքներ արտադրող և իրացնող այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք արդեն իսկ համարվում են ԱԱՀ վճարողներ (օրինակ՝ խոշոր ջերմոցային տնտեսություններ, թռչնաբուծարաններ, անասնապահական տնտեսություններ և այլն): Ակնհայտ է, որ նախագծի հիմնավորմամբ ներկայացված խնդիրն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվող գյուղատնտեսական արտադրանք արտադրող տնտեսվարող սուբյեկտներից կատարվող ձեռքբերումների դեպքում բացակայում է, և հետևաբար, այդ տնտեսվարող սուբյեկտներից կատարվող իրացումներն ԱԱՀ-ից ազատելու հիմնավորումներն անհասկանալի են: Ավելին, ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառությունը նշյալ տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի խնդիրներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տնտեսվարող սուբյեկտները կզրկվեն մատակարարներին վճարված (օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների դեպքում գազ ձեռք բերելու համար) ԱԱՀ-ի գումարները հաշվանցելու իրավունքից:

6. Միաժամանակ հայտնում ենք, որ նոր հարկային արտոնությունների տրամադրումը չի բխում ներկա փուլում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության նպատակադրումից և ուղղություններից: Այս առումով հարկ է նշել, որ առաջիկա տարիներին հարկային քաղաքականության տեսանկյունից առանձնակի կարևորվելու է գործող հարկային արտոնությունների շրջանակի կրճատումը, հարկման բազայի ընդլայնումը և ամրապնդումը:

7. Բացի դրանից, յուրաքանչյուր նոր հարկային արտոնության տրամադրում ենթադրում է հարկային եկամուտների կորուստ, հետևաբար նաև առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության, կրթության, բնապահպանության և այլ հանրօգուտ ոլորտներում չկատարված բյուջետային ծախսեր: Մյուս կողմից՝ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պետության ծախսային քաղաքականության շրջանակներում պետական աջակցության բյուջետային գործիքակազմն ավելի հասցեական ու հետևաբար նաև ավելի արդյունավետ է, ակնհայտ է դառնում, որ հարկային արտոնությունների տրամադրումը պետական աջակցության լավագույն միջոցը չէ, քանի որ հարկային արտոնությունը դրա իրական հասցեատերերի համար որոշակի կոնկրետ արդյունք չերաշխավորելով հանդերձ՝ հանգեցնում է հարկային ծախսերի առաջացման՝ պետությանը զրկելով աջակցության ավելի հասցեական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից:

8. Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների նվազեցման:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: