«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՓԱԹԵԹԻ  (Պ-379-01.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­­­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱ­­ՋԱՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ­

 «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդ­վածը, որպես երեխայի ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրա­ժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքի ապահովման երաշխիք, արգելում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող ցանկացած տեղեկության, ինչպես նաև բռնության և դաժանության պաշ­տամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վար­կաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարա­ծումը: Երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավան­դական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբե­րությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վեր­ջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելը գտնում ենք՝ արդա­րացված չէ: Բացի դրանից, լրացվող 18-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունն արդեն իսկ պարունակում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարա­կու­թյան վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության և գրականության տարած­ման արգելք, հետևաբար, նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1-ին մասը կրկնում է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ սահմանված նորմը, ինչը չի բխում «Նոր­մատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար, չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն):

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված արարքի կատարման նպատակը շեշտելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող 178.2-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ նշված արարքի համար պատաս­խանատվություն նախատեսվում է անկախ տեղեկատվություն տարածողի կամ քարոզողի մոտ դիտավորության առկայությունից:

Ելնելով նշվածից՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացա­կայում է  և առաջարկվում է գործող օրենքները թողնել անփոփոխ: