«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-318-15.05.2018-ՊԱ-011/0)ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է լրացում կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածում` սահմանելով, որ ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ չեն կարող օգտագործվել ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում: Ըստ նախագծի հեղինակների՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները՝

1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածը, որպես անձնական տվյալների մշակման իրավաչափության առաջնահերթ պայման, սահմանում է անձնական տվյալների մշակման՝ օրենքով նախատեսված լինելը, ինչը «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի գործող խմբագրությամբ ամբողջությամբ ապահովված է: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված համաչափության սկզբունքին, ապա ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելիս, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրականացվող տեսաձայնագրման և լուսանկարահանման եղանակով տվյալների մշակումը հետապնդում է օրինական նպատակ, իսկ դրան հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր:

2. Առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթապահություն իրականացնելու ընթացքում, օրինակ, տրանսպորտային միջոցի մեջ տեղադրված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի իրավախախտում հայտնաբերելիս օրենքի ուժով զրկված է լինելու խախտումն արձանագրելու հնարավորությունից: Քննարկվող դեպքում տրանսպորտային միջոցի շարժման մեջ գտնվելու ընթացքում կատարված իրավախախտումների պարագայում բանավոր նախազգուշացնելու պահանջը կատարելն օբյեկտիվերեն հնարավոր չէ: Բացի դրանից, հնարավոր են անգամ այնպիսի իրավիճակներ, երբ ենթադրյալ իրավախախտը չենթարկվի ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգին` դրանով իսկ անհնար դարձնելով ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու և ենթադրյալ իրավախախտման արձանագրման վերաբերյալ անձին տեղեկացնելը: Մեր կարծիքով, ընդունելի չէ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում «խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության»: Ստացվում է, որ իրավախախտում արձանագրելուց և համապատասխան վարույթ հարուցելուց առաջ անհրաժեշտ է ստանալ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի համաձայնությունը, ինչը չի բխում օրենքի տրամաբանությունից: Միևնույն ժամանակ, նախագծով որդեգրված տրամաբանությամբ ստացվում է, որ թեև առկա է առերևույթ իրավախախտում, այլ կերպ ասած` վարչական իրավախախտման վարույթ հարուցելու առիթ, իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու չէ կատարելու օրենքով իրեն վերապահված գործառույթը՝ ենթադրյալ իրավախախտի համաձայնության բացակայության պատճառով:

3. «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի տասնչորսերորդ պարբերությունով նախատեսված բանավոր նախազգուշացման պահանջը գործնականում ամբողջությամբ իրագործելի է: Այսպես, նշված հոդվածի կիրառումն ապահովելու նպատակով ոստիկանությունում մշակվել և ներկայումս շրջանառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 151-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին նախագծեր, որոնց համաձայն գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային ավտոմոբիլների վրա՝ տեսանելի վայրում, փակցվելու են իրականացվող տեսանկարահանման մասին նախազգուշացնող տարբերանշաններ (դրանց ձևը սահմանվելու է ոստիկանության պետի հրամանով): Գունագրաֆիկ երանգավորում չունեցող ավտոմոբիլով ծառայությունն իրականացվելու է բացառապես այն ճանապարհներին, որտեղ տեղակայված են նախազգուշացնող ցուցանակներ:

Ծառայողների համազգեստին ամրացված տեսախցիկներն ինքնին տեսանելի են անզեն աչքով: Բացի դրանից ծառայողները խստիվ հրահանգվել են դրանցով նկարահանումներ իրականացնելիս պարտադիր նախազգուշացնել տվյալների սուբյեկտներին: Այլ կերպ ասած, շարժական տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր կիրառելիս օրենքով նախատեսված նախազգուշացման պահանջը կատարվելու է ամբողջ ծավալով:

4. Գտնում ենք, որ նման դեպքերում առանցքային նշանակություն պետք է ունենա այն հանգամանքը, որ ենթադրյալ իրավախախտի համար վարչական վարույթի շրջանակներում ապահովվում է լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը, այդ թվում` իր պահանջով տեսագրությունը կամ լուսանկարն ստանալու և վարչական վարույթի շրջանակներում իր՝ այլ իրավունքներն իրացնելու միջոցով:

Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդրի բավարար կարգավորման ուղղությամբ: