«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  (Պ-215-14.12.2017-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվություն տալու կարգավորմանը վերաբերող համանման առաջարկություն ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Առաջարկը քննարկվել է սոցիալական գործընկերների, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների հետ և համաձայնեցված լուծումներով ներառվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում: Այն առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդհանուր մոտեցումների և տրամաբանության ներքո տրվել են համապարփակ լուծումներ, դրա կարգավորումն առանձին նախագծով գտնում ենք ոչ նպատակահարմար և առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից ու դրա դրույթներին անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվելիք օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: