«Ձերբակալված ԵՎ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-126-11.09.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ ենք համարում դիտարկել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան կարգավորումների հետ համակարգային կապի մեջ: Այսպես՝ օրենքի՝
1) 13-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի առողջության պահպանման, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից՝ իր դրամական միջոցների հաշվին.
2) 21-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունն իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և դրա մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի համաձայն՝
«Կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս՝ անձինք անցնում են նախնական բժշկական զննություն, որի արդյունքներն արձանագրվում են համապատասխան մատյանում` բժշկական օգնություն ցույց տալու և մարմնական վնասվածք կամ առողջական վիճակի վերաբերյալ այլ գանգատ արձանագրելու նպատակով: Բոլոր բժշկական զննությունները պետք է անցկացվեն քրեակատարողական կամ այլ ծառայողների լսողության և տեսողության սահմաններից դուրս:
Եթե բժշկական զննության արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը, ըստ կալանավորված անձի կամ դատապարտյալի հայտարարության, հետևանք է նրա նկատմամբ հանցագործության հատկանիշներ պարունակող որևէ արարքի, ապա բժշկական զննություն իրականացնող անձը դրա մասին տեղյակ է պահում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին: Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում իրավասու մարմիններին: Ցանկացած բժշկական զննության արդյունքները, ինչպես նաև կալանավորված անձի հայտարարությունները և բժշկի եզրակացությունները պետք է մատչելի լինեն կալանավորված անձի կամ դատապարտյալի և վերջինիս կողմից լիազորված անձի համար:»։
Նույնաբովանդակ կարգավորումներ են նախատեսված նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի 14-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավելվածի 13-րդ կետերի դրույթներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով ամրագրել է, որ իշխանություններն ունեն կալանքի տակ գտնվող անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանելու պարտականություն: Եթե անձը հսկողության ներքո հայտնվելիս եղել է առողջական լավ վիճակում, սակայն ազատ արձակվելիս նրա մարմնին հայտնաբերվել է վնասվածք, ապա պետությունը պարտավոր է տրամադրել համոզիչ բացատրություն այդ վնասվածքի առաջացման պատճառների մասին, այլապես խոշտանգման, վատ վերաբերմունքի վերաբերյալ ենթադրությունը կարող է գործել հօգուտ տուժողի՝ հանգեցնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (Tomasi v. France (1992), Aksoy v. Turkey (1996), Selmouni v. France (1998), Corsacov v. Moldova (2006): Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ կալանքի ընթացքում կամ ոստիկանության հսկողության ներքո գտնվելու մյուս ժամանակահատվածներում անձին պատճառված վնասը ծանրակշիռ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի (Bursuc v. Romania (2004)։
Նշված դրույթների, ինչպես նաև ՄԻԵԴ-ի արտահայտած դիրքորոշումների բովանդակային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գործող օրենսդրական կարգավորումները լիակատար հնարավորություն են ընձեռում ձերբակալված կամ կալանավորված անձանց հարկ եղած դեպքում պաշտպանելու իրենց իրավունքները: Ավելին, դատախազությունը, լինելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին և ունենալով համապատասխան լիազորություններ, ապահովում է թե´ ՔԿՀ-ներում, թե´ ՁՊՎ-ներում բռնությունների և խոշտանգումների հնարավոր դեպքերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննությունը:
Այս առումով օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումը չի բխում օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բարձրացվող խնդիրներից, կարգավորման նպատակից և դրանից ակնկալվող արդյունքներից:
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, իրազեկման թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մասին» թիվ 39-Ն հրամանի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովվում է արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն և հոսպիտալացում` ռեանիմացիոն, ընդհանուր գծային, ֆելդշերական բրիգադների, ինչպես նաև արագ արձագանքման ծառայության միջոցով։
Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պացիենտներին հոսպիտալացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից:
Այսպիսով՝ պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնությունը, որպես կանոն, ցուցաբերվում է արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնության և հոսպիտալացման դեպքերում:
Շարադրվածից հետևում է, որ մյուս դեպքերում շտապ բուժօգնության ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Հետևաբար, ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնին վնասվածքների հայտնաբերման դեպքում շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բուժզննություն կատարելու պարտադիր պահանջի ամրագրումը կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական ծախսերի՝ հաշվի առնելով այն, որ մարմնական վնասվածքների առկայությունը, որպես կանոն, չի հանգեցնում անհետաձգելի շտապ բուժօգնության ցուցաբերման կամ հոսպիտալացման անհրաժեշտության:
Միաժամանակ, կարևորելով ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների ու ազատությունների խախտման դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ օրենքի նախագծով նախատեսվող կարգավորմամբ հնարավոր չէ լիարժեք երաշխավորել բուժզննության օբյեկտիվությունն ու անկախությունը և լուծել սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը բացառելու խնդիրը: Այս առումով խնդրին համակարգային լուծում տալու նպատակով անհրաժեշտ է մշակել հստակ մեխանիզմներ՝ բուժզննության պատշաճ կազմակերպման նկատմամբ հսկողությունը խստացնելու, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված անձանց վնասվածքների վերաբերյալ մատյաններում ամբողջական և պատշաճ գրառումների կատարման համար:
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, որի ընդունմամբ բժշկական սպասարկման ոլորտում նախատեսվում է իրականացնել բազմակողմանի փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատողների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ոլորտներում: Այսպես՝
1) քրեակատարողական հիմնարկների առողջապահական սպասարկման ծառայությունների վերահսկողությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նույն կերպ, ինչպես դա իրականացվում է հանրային առողջապահական համակարգում.
2) բժշկական փաստաթղթերի, բժշկական վիճակագրության, առողջական խնդիրների փաստաթղթավորման վերաբերյալ առաջարկվում է ուսումնասիրել հանրային առողջապահական հաստատություններում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և մշակել օրենսդրական փոփոխություններ, որով կհաստատվեն քրեակատարողական հիմնարկների համար պարտադիր բժշկական փաստաթղթերի ցանկը, դրանք վարելու կարգը, ներկայացվող պահանջները, ձևերը, այդ թվում՝ հիմնարկներում վարվող բժշկական քարտի ձևը, որտեղ մանրամասն պետք է նշվեն անձի առողջական վիճակին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, բժշկի կողմից կատարված բոլոր գործողությունները, դրանց վայրին և ամսաթվին՝ ժամանակին վերաբերող բոլոր տվյալները՝ հնարավորության դեպքում քարտին կցելով առողջական վիճակը հավաստող լուսանկարներ.
3) քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հնարավոր տարբերակ կարող է դիտարկվել համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հանձնելու վերաբերյալ: Նշված փոփոխության արդյունքում կապահովվի բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, որն էլ իր հերթին կնպաստի պատշաճ որակի ծառայությունների մատուցմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ըստ այդմ մշակվել է ՔԿՀ-ի բժշկական ծառայողների անկախության երաշխավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների փաթեթ:
Ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումները ներառելու են նաև համապատասխան միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական առողջապահական համակարգի և հանրային առողջապահական համակարգի շարունակական համագործակցության ապահովմանը, իսկ, որպես հեռանկարային լուծում, հետագայում քննարկվելու է նաև քրեակատարողական բուժօգնության ծառայությունը հանրային առողջապահության համակարգին ինտեգրելու հարցը:
Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: