ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-777-13.02.2024-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը։
2. Նախագծի 1-ին հոդվածում «մասը» բառից հետո դրված «՝» կետադրական նշանը և «1.» համարակալումը առաջարկում ենք հանել:
3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ապահովել շաղկապների կիրառման կանոնները, մասնավորապես՝ եթե թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա գործածել «կամ» շաղկապը, իսկ եթե թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա գործածել «և» շաղկապը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթները:
4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով փոփոխվող 24-րդ կետից առաջարկում ենք հանել «և դադարեցման» բառերը։ Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե տնտեսավարող սուբյեկտը չի իրականացնում սպանադանոցային գործունեություն, ապա վերջինիս գործունեությունը համարվում է դադարեցված:
5. Իրավական որոշակիության տեսանկյունից Նախագծի 2-րդ հոդվածի՝
1) «6-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 6-րդ» բառերով,
2) 1-ին կետում «14-րդ» բարերից առաջ լրացնել «հոդվածի 1-ին մասի» բառերը,
3) 2-րդ կետում «24-րդ» բարերից առաջ լրացնել «հոդվածի 1-ին մասի» բառերը,
4) 3-րդ կետում «լրացնել» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «հոդվածի 1-ին մասը» բառերը:
5) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «.» կետադրական նշանը առաջարկում ենք փոխարինել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:
6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ կետի համաձայն. «Կառավարությունը սահմանում է սպանդանոցներին ներկայացվող պահանջները, սպանդանոցների գործունեության կասեցման,սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման և սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.»: Համաձայն Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև իրավական որոշակիության տեսանկյունից անհրաժեշտ է օրենքի նախագծում սահմանել սպանդանոցների գործունեության կասեցման հիմքը։
Ըստ այդմ առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր 3-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 3․ Օրենքը լրացնել 12․1-ին գլխով հետևյալ բովանդակությամբ․
«ԳԼՈՒԽ 12․1
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 41․1․ Սպանդանոցների գործունեության կասեցումը
1․ Պետական վերահսկողության շրջանակներում սպանդանոցներին ներկայացվող պահանջների խախտումներ հայտաբերելու դեպքում` սպանդանոցների գործունեությունը կասեցվում է մինչև խախտումները վերացնելը, եթե հայտնաբերված խախտումը ստուգման ընթացքում չի վերացվում:»:
7. Հաշվի առնելով այն, որ նախագիծը լրացվում է նոր 3-րդ հոդվածով առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը համարակալել որպես 4-րդ հոդված, ինչպես նաև «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 1-ին հոդվածում «փոխադրելը» բառից հետո առաջարկում ենք լրացնել «հանրային սննդի ծառայություններում օգտագործելը» բառերը՝ ինչը պայմանավորված է «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կատարված փոփոխության հետ՝ այն է հանրային սննդի ծառայություններում օգտագործել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, հետևաբար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 112․8-րդ հոդվածում անհրաժեշտ է կատարել լրացում։
2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «.» կետադրական նշանը անհրաժեշտ է փոխարինել փակագծով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ