ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-753-26.12.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝               
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի (այսուհետ' Օրենք) 4-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերի բովանդակությունը չի համապատասխանում Օրենքի 4-րդ հոդվածի վերնագրին: Օրենքի 4-րդ հոդվածը ունի «Շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կազմակերպողները» վերտառումը, սակայն Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերը վերաբերում են որոշակի խումբ ինտերնետ շահումով խաղերի մասնակցության հնարավորության ստեղծմանը արգելելուն, այդ արգելքի պահպանման մեխանիզմեր սահմանելուն:         
Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումները նախատեսել առանձին հոդվածի տեսքով և չլրացնել Օրենքի 4-րդ հոդվածում' ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:       
Ըստ այդմ՝ Նախագծի 1-ին հոդվածում «օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ,4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ հոդվածով.  
«Հոդված 4.4. Օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերը» բառերով և համապատասխանեցվել է համարակալումը:       
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ և 6-րդ մասերում առկա է արգելափակման ենթակա կայքերի ցանկերը Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելու մասին մտքի կրկնություն, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասում «Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված» արտահայտությունը հանել' ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:      
Նույն առաջարկությունը վերաբերում է «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 6-րդ մասին:     
3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտեի կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները' որոշակի հերթականությամբ:»:          
Ելնելով վերոգրյալից' առաջարկում ենք Նախագծի 1-ն հոդվածով լրացվող 6-րդ մասում և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  1-ին հոդվածով լրացվող 7-րդ մասում «Լիազոր մարմին» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով:    
4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ, 7-րդ մասերում, 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող «զ1» կետում, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 8-րդ մասում, 2-րդ հոդվածով նախատեսվող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 5.2-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով' ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով: 
5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 8-րդ մասում «Օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 9-րդ մասում կիրառված «Օրենքով» բառին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նոր լրացվող 150.17-րդ հոդվածում կիրառված «Օրենքներով» բառին:    
6. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում նոր լրացվող 9-րդ մասում «արգելման» բառն առաջարկում ենք փոխարինել «արգելափակման» բառով:        
7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը ապահովելու նպատակով' առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող «զ1» կետում «խաղի մասնակից» բառերը փոխարինել  «խաղացողը» բառը' համապատասխան հոլովաձևերով:   
Նույն առաջարկությունը վերաբերում է «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:    
«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝                  
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ' Օրենք) 4-րդ հոդվածով նոր լրացվող 9-րդ մասում կրկնվող «դեպքում» բառը հանել:
2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը պահպանելու նպատակով' առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «Վիճակախաղերի մասին» օրենքի 7-րդ հոդվածով նոր լրացվող 6.1-րդ մասում կրկնվող «պետք է ենթարկվի աուդիտի'» արտահայտությունը հանել:  
3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:»:       
Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում:   
Ուստի, առաջարկում ենք, վերոնշյալ 4-րդ մասում «օտարերկրյա պետություններում կազմակերպված» բառերից հետո լրացնել նաև «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված» բառերը՝ իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունից խուսափելու նպատակով:
Վերոնշյալ դիտարկումները վերաբերելի են նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համանման կարգավորումներին:         
Ըստ այդմ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում «օտարերկրյա պետություններում կազմակերպված» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված» բառերը:       
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝          
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 150-17-րդ հոդվածի պարբերություններ առաջարկում ենք համարակալել՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի  պահանջներին համապատասխան:    
2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի հստակեցման նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի  3-րդ մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո» բառերը:   
Միաժամանակ առաջարկում ենք Նախագծերով նախատեսվող տուգանքների չափերը սահմանել հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում տուգանքի չափի որոշման համար օգտագործվող արտահայտությունները՝ որպես հաշվարկային հիմք ընդունել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը (1000 դրամը):    
Ըստ այդմ՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի» բառերն առաջարկում ենք փոխարինել «նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի» բառերով, իսկ Նախագծի 1-ին հոդվածի  3-րդ մասում «երեք միլիոն դրամի» բառերը՝ «նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի» բառերով:

         

 

          Հարգանքով՝                                                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ