ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթի (Կ-673-03.10.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության առաջար-կությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագծում ՝

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու մարմին» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է. «(այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն)»: Մինչդեռ Նախագծի ամբողջ հետագա տեքստում կիրառվում են նաև «պրոբացիայի ծառայություն» և «ծառայություն» ձևակերպումները:

Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «պրոբացիայի ծառայող», «Պրոբացիայի ծառայող», «պրոբացիայի ծառայության ծառայող» և «ծառայող» ձևակերպումները:

Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի ղեկավար» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է. «(այսուհետ՝ նախարար)»: Մինչդեռ Նախագծի ամբողջ հետագա տեքստում կիրառվում է նաև «Նախարար», «համապատասխան նախարար», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» եզրույթները:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածի 2-րդ մասում և 36-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է «վարչապետ» եզրույթը, մինչդեռ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ձևակերպումը:

Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողով», «էթիկայի հանձնաժողով», «պրոբացիայի ծառայության էթիկայի հանձնաժողով» և «հանձնաժողով» եզրույթները:

Նախագծում կիրառվում են «պրոբացիայի ծառայության պետ», «Պրոբացիայի ծառայության պետ» և «ծառայության պետ» ձևակերպումները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացություններ, ինչպես նաև միևնույն միտքն արտայատելիս գործածել միևնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում Առաջարկում ենք «իրավասու մարմնում» բառերը փոխարինել «իրավասու պետական մարմնում» բառերով՝ հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը, այն է. «պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.»: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավադրույթից, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Պրոբացիայի մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի նաև Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի և «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պրոբացիայի մասին» օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 2-րդ մասում «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի հիշատակմանը:

Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում Նկատի ունենալով, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման և ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով, «որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը» բառերը փոխարինել «որն պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով» բառերով։

Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը հստակեցնելու նպատակով «այնքանով բառից հետո անհրաժեշտ է լրացնել «որքանով» բառը։

Առաջարկում ենք, Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «պաշտոններ՝» բառից հետո լրացնել «պրոբացիայի ծառայության մասնագետ» բառերը:

Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթն ահրաժեշտ է խմբագրել, համապատասխանեցնելով այլ ենթակա մարմիններում /ծառայույուններում/ շնորհվող կոչումների համար սահմանված ժամկետներին, օրինակ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» մասին օրենքով սահմանված կարգավորումներին։

Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «զբաղեցրել է» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնը կամ» բառերը:

Նկատի ունենալով, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև քրեակատարողական ծառայության սկզբնական կոչումները սահմանված են ՀՀ կառավարության կողմից, առաջարկում ենք նույն մոտեցումը կիրառել նաև պրոբացիայի ծառայության համար, մասնավորապես՝ Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։»

Հարկ ենք համարում նշել, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանված է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության բովանդակությունը, որի համաձայն. «15. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի՝ 1) անվանումը և գտնվելու վայրը, 2) կառավարման և ղեկավարման կազմակերպումը, 3) կառուցվածքը:»:

Այսպես՝ պրոբացիայի ծառայությունը լինելով նախարարությանը ենթակա մարմին ներառված է պետական կառավարման համակարգի մարմինների մեջ, հետևաբար պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է նաև պրոբացիայի ծառայության կառուցվածքը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի ղեկավարի կողմից պրոբացիայի ծառայության կառուցվածքի հաստատման վերաբերյալ նշման անհրաժեշտությունը բացակայում է: 

Նույն դիտարկմամբ առաջարկում ենք վերանայել նաև Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում սահմանված պրոբացիայի ծառայության կառուցվածքի հաստատման վերաբերյալ նախարարի լիազորությունը:

Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված է պրոբացիայի ծառայության համակարգը, որի 1-ին մասի համաձայն՝ «1.Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից:»:

Վերոնշյալ իրավադրույթում սահմանված է պրոբացիայի ծառայության կազմում ընդգրկված մարմինների սպառիչ ցանկ: Մինչդեռ Նախագծում բացակայում են պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև տարածքային մարմինների կազմի վերաբերյալ կարգավորումներ:  Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում նաև պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների մասին, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ պրոբացիայի ծառայությունն ունի նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ: Բացի այդ Նախագծում սահմանված են նաև պրոբացիայի ծառայության պետի և նրա տեղակալների վերաբերյալ իրավադրույթներ:

Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներում սահմանված իրավակարգավորումների համադրության վերլուծությունից հասկանալի չէ՝ պրոբացիայի ծառայության համակարգի կազմում ընդգրկվող մարմինների և պրոբացիայի ծառայության կազմում ընդգրկվող մարմինների տարբերակումը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծում պրոբացիայի ծառայության կազմում և պրոբացիայի ծառայության համակարգում  սահմանված մարմինների վերաբերյալ իրավադրույթները:

Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածները խնդրահարույց են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, այն է՝ «Արգելվում է կատարել՝ (…) շրջանաձև հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին», տեսանկյունից, քանզի Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը հղում են կատարում մեկը մյուսին: 

Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը առաջացնում են շփոթ նաև ընդհանուր նորմի և հատուկ նորմի տարբերակման տեսանկյունից: Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասը հանդիսանում է տվյալ հարաբերությունը կարգավորող ընդհանուր կարգավորում պրոբացիայի ծառայությունում նշանակվելիս շնորհվող սկզբնական կոչման վերաբերյալ:

Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում է այդ նորմից բացառություն, որը կարգավորում է նախատեսում պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս այլ պետական մարմիններում ծառայություն անցած անձանց կոչումների պահպանման վերաբերյալ: Խնդիրը կայանում է նրանում, որ շարադրման այսպիսի հերթականությունը առաջացնում է շփոթ այդ նորմերի տարբերակման և կարգավորվող հարաբերության ծավալի վերաբերյալ:

Ուստի առաջարկում ենք նշված շփոթը, ինչպես նաև արգելվող շրջանաձև հղումը վերացնելու նպատակով Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ կերպ. 

«3. Արդարադատության լեյտենանտ կոչումը սկզբնական կոչումն է և շնորհվում է պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Պրոբացիայի ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող կոչում:

4. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան կամ որակավորման դաս ունեցող քաղաքացիներին պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ որակավորման դասին համապատասխան կոչում:»:

Նախագծի 3-րդ գլուխը վերնագրված է «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ»: Մինչդեռ Նախագծի 3-րդ գլխում ներառված է «Պրոբացիայի ծառայողի անձնական գործը» վերտառությամբ Նախագծի 7-րդ հոդվածը, որը նախատեսում է կարգավորումներ պրոբացիայի ծառայողի անձնական գործի վարման ընթացակարգի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված պահանջից, այն է. «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»: 

Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք նաև կատարել շարադասական շտկում, մասնավորապես, «այնքանով,» բառից հետո լրացնել «որքանով» բառը:

Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո պրոբացիայի ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողն ենթակա է ատեստավորման: Մինչեև հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն՝ առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում՝ Պրոբացիայի ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը սահմանում է հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` պրոբացիայի ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում պրոբացիայի ծառայողների ատեստավորման ենթակա չլինելու կանոնը: Մինչդեռ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ՝ արդյոք նշված դեպքերում ծառայողը պահպանում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու ձեռք բերած իրավունքը: Առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցնել վերոնշյալ դրույթը՝ քննարկվող հատվածով:

Նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված է. «9. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:»: Վերոնշյալ իրավակարգավորման երկրորդ նախադասությամբ նշված է, որ այդ դրույթում նշված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում սահմանվում են ինչպես հղիության և ծննդաբերության, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողների, այնպես էլ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողների ատեստավորման վերաբերյալ կարգավորումներ: Ընդ որում՝ նշված դեպքերում ատեստավորման համար սահմանված են տարբեր ժամկետներ, մասնավորապես՝ ծառայության անցնելուց երեք ամիս հետո և երկու ամիս հետո, մինչդեռ քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ նշում է կատարված միայն եռամսյա ժամկետի վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությամբ կիրառված են «Սույն մասով նախատեսված ծառայողներ» բառերը՝ նշենք, որ այն տարածվում է ոչ միայն նորմի առաջին, այլև երրորդ նախադասությամբ նշված դեպքերի վրա: Հետևաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 19-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասության նույն դրույթով նախատեսված պրոբացիայի ծառայողների ատեստավորման համար դիմելու ժամկետի սկզբի մասին նշումը՝ հաշվի առնելով նաև երկամսյա ժամկետը: 

Նախագծի 19-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանվում է ատեստավորման մասնակցած ծառայողների ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորության վերաբերյալ իրավադրույթ: Մինչդեռ «առնվազն» եզրույթի կիրառումն իրավական շփոթ է առաջացնում, մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչպես է որոշվում ո՞ր դեպքերում պրոբացիայի ծառայողը կարող է ատեստավորման համար դիմել ևս երկու անգամ, ո՞ր դեպքերում պրոբացիայի ծառայողը կունենա հնարավորություն երկու անգամից ավել դիմելու ատեստավորման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 19-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանված իրավադրույթն իրավական որոշակիության տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ: 

Նախագծի 19-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանված է. «15. Պրոբացիայի ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:»: Այսպես՝ վերոգրյալ դրույթի շարադասությունից բխում է, որ «վերադասության կարգով» բառերը վերաբերում են նաև դատական կարգով բողոքարկմանը, հետևաբար առաջարկում ենք քննարկվող նախադասությունը խմբագրել:

Նախագծի 6-րդ գլուխը բաղկացած է մեկ հոդվածից: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:»: Հիմք ընդունելով մեջբերված դրույթն՝ առաջարկում ենք Նախագծում ապահովել համասեռ մի քանի հոդվածի միավորումը Նախագծի  գլուխներում 15. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Պրոբացիայի ծառայողի՝ առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:»: Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում հստակություն ապահովելու, իրավական որոշակիության բարձր մակարդակ երաշխավորելու և հետագա պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկում ենք «ծառայողի՝» բառից հետո լրացնել «իր իրավասության սահմաններում» արտահայտությունը:

Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «Նախարարը՝

6) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, փոփոխում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.»:

Հարկ ենք համարում նշել,  որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման դեպքերը, համաձայն որի. « Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է`

1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլևս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը:»:

Առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նախարարին լիազորել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում չեղյալ ճանաչել պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները:

Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում առաջարկում ենք «քրեաիրավական ներգործության կատարումը» բառերը փոխարինել «քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում սահմանված «քրեաիրավական ներգործության միջոց» հասկացությունը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը:

Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Պրոբացիայի ծառայության պետը՝

8) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.»:

Հարկ ենք համարում նշել, որ պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանների, որոշումների ու ցուցումների վերացման լիազորության վերապահումը պրոբացիայի ծառայության պետին խնդրահարույց է հետևյալ հիմնավորմամբ.

Նախկինում գործող «Իրավական ակտերի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում էր իրավական ակտերի գործողության դադարեցման դեպքերը, որի 2-րդ կետում սահմանված էր իրավական ակտը վերացվելու դեպքը: Նույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված էր իրավական ակտի վերացման հասկացությունը, այն է. «1. Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:»: Մինչդեռ ներկայումս գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը չի նախատեսում նորմատիվ իրավական ակտի վերացումը որպես նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման դեպքը: Հիմք ընդունելով ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներն՝ առաջարկում ենք վերանայել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանների, որոշումների ու ցուցումների վերացման լիազորության վերապահումը պրոբացիայի ծառայության պետին՝ բացառելով օրենսդրությամբ չսահմանված հասկացության կիրառումը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսևորել հապատասխան վարքագիծ:

Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայության պետը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:»:

Նշված կարգավորումը խնդրահարույց է, քանզի «պատասխանատվություն» եզրույթը իրավագիտությունը դիտարկում է որպես անձի համար առաջացող անբարենպաստ հետևանքներ՝ որոշակի իրավունքների կամ ազատությունների սահմանափակում կամ որոշակի պարտականության առաջադրում: Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը պրոբացիայի ծառայության պետին առաջադրում է որոշակի պարտականություն՝ պրոբացիայի խնդիրների կատարում, և այդ պարտականության կատարումն ապահովում պատասխանատվության սպառնալիքով: Սակայն Նախագիծը չի պարունակում կարգավորումներ այդպիսի պատասխանատվության՝ անբարենպաստ հետևանքների տեսակի, բնույթի, չափի, այն կիրառող մարմնի և այդ պատասխանատվությունը որոշակիացնող այլ հատկանիշների վերաբերյալ: 

Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ պրոբացիայի ծառայության պետը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար, սակայն այդ խնդիրները սահմանող նորմը, մասնավորապես «Պրոբացիայի մասին» օրենքի 4-րդ հոդածի 2-րդ մասը «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվում է ուժը կորցրած: Ուստի տվյալ պարագայում անհասկանալի է, թե ինչ խնդիրների իրականացման պարտականություն է առաջադրվում պրոբացիայի ծառայության պետին:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը լրամշակել՝ առաջացած բաց խնդիրները լուծելու և անորոշությունները վերացնելու նպատակով:

Նախագծի 27-րդ հոդվածը վերնագրված է «Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը», որի 1-ին մասում սահմանված են պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարի լիազորությունները: Նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված է պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի լիազորությունների վերաբերյալ իրավադրույթ: Առաջարկում ենք Նախագծի 27-րդ հոդվածի վերանգիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»

Նախագծի 31-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում առաջարկում ենք «վկայական» բառից առաջ լրացնել «ծառայողական» բառը՝ հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքում կիրառվող հասկացությունը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը:

Նախագծի 36-րդ հոդվածը վերնագրված է «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը»: Մինչդեռ նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված իրավադրույթը վերաբերում է պրոբացիայի ծառայության էթիկայի հանձնաժողովին: Հետևաբար առաջարկում ենք Նախագծի 36-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը:

24. Նախագծի 12-րդ գլուխը վերնագրված է «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ»: Հարկ է նկատել, որ Նախագծի 12-րդ գլխում ներառված են նաև պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումների, պրոբացիայի ծառայությունից ազատվածներին տրվող վճարումների և կենսաթոշակի ապահովման, ինչպես նաև պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվի վերաբերյալ իրավակարգավորումներ: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 12-րդ գլխի վերնագրի և բովանդակության համապատասխանությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված պահանջը:

Նախագծի 38-րդ հոդվածի 4-րդ մասը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի, այն է՝ «Արգելվում է կատարել` (…) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:», տեսանկյունից, քանի որ այն հղում է կատարում 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասին, որն էլ իր հերթին հղում է կատարում 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

Ուստի առաջարկում ենք կատարել լրամշակում՝ վերացնելով այդպիսի շարունակական հղումները:

Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել (կասեցվել) օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

Նշված իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածում սահմանված է պաշտոնավարման կասեցումը, որի համաձայն. «1. Պաշտոնավարման կասեցումը հանրային ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով աշխատող մեղադրյալի լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատումն է։

2. Մեղադրյալի պաշտոնավարումը իրավասու մարմնի որոշմամբ կարող է կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի քրեական վարույթին կամ կկատարի հանցանք: 3. Մեղադրյալի պաշտոնավարումը կասեցվում է համապատասխան որոշումը կայացնելու պահից։ Պաշտոնավարման կասեցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է մեղադրյալի աշխատավայրի վարչակազմ, իսկ դրա պատճենը հանձնվում է մեղադրյալին։»:

Այսպես՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կիրառվող հասկացություններն՝ առաջարկում ենք Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «լիազորությունների ժամանակավորապես դադարեցում (կասեցում)» ձևակերպումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում սահմանված հասկացություններին:

Նախագծի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Պրոբացիայի ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին, եթե պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի երկարաձգվել:»: Վերոնշյալ դրույթում հղում է կատարվում Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, որում նախատեսված է պրոբացիայի ծառայողի սահմանային տարիքը լրանալու կամ այն 5 տարի ժամկետով երկարաձգելուց հետո պրոբացիայի ծառայությունից  ազատման  հիմքը: Մինչդեռ Նախագծի 41-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը նախատեսում է պրոբացիայի ծառայողի միայն սահմանային տարիքը լրանալու դեպքում պաշտոնից ազատման ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 41-րդ հոդվածի 3-րդ մասում Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին կատարված հղումը:

Նախագծի 14-րդ գլխին հաջորդում է 14-րդ գլուխ: Առաջարկում ենք ապահովել Նախագծի գլուխների համարակալման հաջորդականությունը:

Նախագծի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի 45-րդ հոդվածին և «Ծառայությունից» բառից հետո ավելացնել «կամ պաշտոնից անհիմն կամ» բառերը, քանի որ Նախագծի 45-րդ հոդվածով նախատեսվում են ծառայության կամ պաշտոնի վերականգնման վերաբերյալ կարգավորումներ, իսկ Նախագծի 46-րդ հոդվածը միայն կարգավորում է Նախագծի 45-րդ հոդվածով սահմանված կարգով արդեն իսկ վերականգնված ծառայողի կոչումի շնորհման և ծառայության ժամկետի հաշվարկման ընթացակարգը: Ուստի անհրաժեշտ է պահպանել այդ նորմերի համապատասխանությունը մեկը մյուսին:

Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ծառայությունից անօրինական ազատված, պաշտոնը կամ կոչումն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված միջին աշխատավարձի չափով՝ բացառությամբ կադրերի ռեզերվում գտնված ժամանակահատվածում ստացած վարձատրության:»:

Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում իր աշխատանքային պարտականությունները՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հարկադիր պարապուրդը այդ աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինությունն է՝ ոչ աշխատողի մեղքով առաջացած: Տվյալ դեպքում հարկադիր պարապուրդում կարող են գտնվել միայն ծառայությունից անօրինական ազատված պրոբացիայի ծառայողները և նրանց նկատմամբ այս տերմինի կիրառումը ճիշտ է: Սակայն այն վերաբերելի չի կարող համարվել պաշտոնը կամ կոչումն իջեցված ծառայողներին, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պաշտոնը կամ կոչումը իջեցված ծառայողների նախկին պաշտոնը կամ կոչումը վերականգնելիս հաշվարկում է աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:

Ուստի առաջարկում ենք նշված դիտարկման հիման վրա կատարել համապատասխան փոփոխությունները:

Նախագծի 49-րդ հոդվածի վերնագիրը, ձևակերպված լինելով հետևյալ կերպ՝ «Պատասխանատվության առանձնահատկությունները պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում», ըստ էության, չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը, քանի որ վերջինս պարունակում է նորմեր ոչ թե պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառվող պատասխանատվության առանձնահատկությունների վերաբերյալ, այլ պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի ծառայողական քննության արդյունքով կայացված եզրակացության մասին:

Ուստի առաջարկում ենք Նախագծի 49-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի 51-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» բառից հետո առաջարկում ենք հանել «ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ» արտահայտությունը և այն ավելացնել նույն մասի «միջոցներ՝» բառից հետո, քանզի հակառակ դեպքում կբախվենք մի իրավիճակի, երբ պրոբացիայի ծառայողը հնարավորություն կունենա ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել իրեն ցույց տրված ցանկացած դիմադրության դեպքում:

Նախագծի 52-րդ հոդվածը պարունակում է երկու 4-րդ մաս: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 52-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

Նախագծի 15-րդ գլխի վերնագրում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՄԱՍ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածում սահմանված նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով վերապատրաստման գործընթացի ֆինանսավորման հետ կապված արդեն իսկ սահմանված է, որ այդ գործընթացն իրականացվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված միջոցների հաշվին, այդուհանդերձ, հաշվի առնելով նաև վերապատրաստման ծախսերի փոխհատուցման դեպքի ամրագրման փաստը, ինչպես նաև առավելագույն հստակություն ապահովելու նկատառումներից ելնելով, կարծում ենք, ավելորդ չի լինի Նախագծի 17-րդ հոդվածի վերջում նույնպես ամրագրել այդ դրույթը:

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայությունում, որպես պրոբացիայի ծառայող, ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)»:» Առաջարկում եմ վերոնշյալ դրույթից հանել «բարձրագույն կրթություն ունեցող» արտահայտությունը և ճկունության ապահովման տեսանկյունից բարձրագույն կրթություն ունենալու պահանջը պարտադիր լինել կամ չլինելու հարցը յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսել Պրոբացիայի ծառայության համապատասխան պաշտոնի անձնագրով: Բացի այդ, նշված «բարձրագույն կրթություն ունեցող» արտահայտությունը հանվելու դեպքում վերոնշյալ դրույթն իր տրամաբանությամբ համահունչ կլինի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների համանման դրույթներին: Առաջարկում ենք ծառայությունը մոտիվացված և ձեռնահաս կադրերով համալրելու նպատակով, ինչպես նաև  այն առավել գրավիչ դարձնելու համար Արդարադատության նախարարի որոշմամբ նախատեսել որակավորման ստուգման արդյունքերով պաշտոնի նշակելու պահանջ:

Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասում առկա է վրիպակ, այն է՝ «ապահովման» բառը պետք է դարձնել «ապահովումն»:

Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը անհրաժեշտ է նախատեսել 2024 թվականի հունվարի մեկը:

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «,պրոբացիայի» բառը: Հարկ ենք համարում նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «քրեակատարողական,» բառը ստորակետ կետադրական նշանով բացակայում է: Հետևաբար առաջարկում ենք վերանայել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը՝ «քրեակատարողական» բառից հետո դրված ստորակետը դնել «պրոբացիայի» բառից առաջ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մարտի» բառն առաջարկում ենք փոխարինել «դեկտեմբերի» բառով՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի ընդունման ամսաթիվը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ե)» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «ե.» ձևակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կիրառված «բ)» ձևակերպմանը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող լրացումը առաջարկում ենք կատարել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի վերնագրում՝ «քրեակատարողական» բառից հետո լրացնելով «, պրոբացիայի» բառը, քանզի տվյալ հոդվածում կատարվող լրացման արդյունքում հոդվածի բովանդակային ծավալի ավելացումը հրամայական է նաև վերնագրում լրացում կատարելու և այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին համապատասխանեցնելու:

         

          Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ