ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-660-11.09.2023-ՏԵ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                 
1. Հաշվի առնելով, որ նախագծում կատարվել են մեկից ավելի լրացումներ առաջարկում ենք նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով:   
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր շարադրվող հոդվածի «Հոդված 321.1. 1.» համարն առաջարկում  ենք փոխարինել՝ «Հոդված 321.1.» համարով:    
3. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ սահմանված է պարտավորություն առ այն, որ ՀՀ օպերատորը պարտավոր է ապահովել անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող՝ տեղեկատվական համակարգի աշխատանքը՝ մշտական հիմունքներով՝ շաբաթը 7 օր, օրական 24 ժամվա ընթացքում, և երաշխավորել, որ վերոհիշյալ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ օպերատորը կրի պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:  
Նախագծով առաջարկվում է պատասխանատվությունը նախատեսել նաև օպերատորի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար։
Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածում «չկատարելը» բառից հետո լրացնել «կամ ոչ պատշաճ կատարելը» բառերը,  իսկ 1-ին մասում «չկատարումը» բառից հետո՝ «կամ ոչ պատշաճ կատարումը» բառերը:      
4. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր կետ, համաձայն որի՝ ժամանակավոր պահպանման պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսները պետք է ունենան պինդ ծածկույթ (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի)։      
Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքի ընդունման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ և համապատասխան պահանջ նախատեսվել է միայն մաքսային պահեստների համար՝ օրենքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, սակայն հաշվի առնելով այն, որ ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին այս մասով պետք է առաջադրվեն միանման պահանջներ (երկուսն էլ համարվում են մաքսային հսկողության գոտիներ և իրականացվում է մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն), առաջարկվում է համապատասխան նորմը նախատեսել նաև ժամանակավոր պահպանության պահեստների համար։    
Միաժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացման կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:        
Ըստ այդմ նախագիծն առաջարկում ենք լրացնել նոր 2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 2. Օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1.  8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.         2. լրացնել նոր 9-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․        
9) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսների պինդ ծածկույթի (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի) առկայությունը։»: »  

5. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 177-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերում կատարել խմբագրական փոփոխություններ՝ համապատասխանեցնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20․12․2017թ․ N107 որոշման երրորդ հավելվածի 6-րդ կետով նախատեսված դրույթներին, քանի որ նշված դրույթները որոշակի անհամապատասխանության մեջ են գտնվում մշտական բնակության ժամանող անձանց համար լիզինգով ձեռքբերված տրանսպորտային միջոցների՝ ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման հնարավորություն նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20․12․2017թ․ N107 որոշմամբ կատարված փոփոխության հետ։ Մասնավորապես, նշված դրույթները հանձնաժողովի որոշման առկայության պայմաններում դիտարկվում են որպես խիստ նորմեր և սահմանափակում են մշտական բնակության ժամանող անձանց համար արտոնության կիրառության հնարավորությունը։        
Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող լրացման կապակցությամբ առաջարկում ենք Օրենքի 177-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության վերջում «․» կետադրական նշանը փոխարինել  «։» կետադրական նշանով։       
Ըստ այդմ նախագիծն առաջարկում ենք լրացնել նոր 3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 3. Օրենքի 177-րդ հոդվածում՝        
1. 1-ին մասի երկրորդ պարբերության մեջ «օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո» բառերից հետո լրացնել «(կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրով և գտնվել են տիրապետման ներքո)» բառերը․    
2. 1-ին մասի երկրորդ պարբերության վերջում լրացնել նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ՝        
«Վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռքբերված նշված տրանսպորտային միջոցները՝ դրանց ազատ շրջանառության նպատակով բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման պահին պետք է գտնվեն այդպիսի անձի սեփականության ներքո։»․     
3. 6-րդ մասի 2-րդ կետում «օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո» բառերից հետո լրացնել «(կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրով և գտնվել են տիրապետման ներքո)» բառերը, իսկ «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով․      
4. 6-րդ մասի 2-րդ կետում լրացնել նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ՝     
«Վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռքբերված նշված տրանսպորտային միջոցները՝ դրանց ազատ շրջանառության նպատակով բացթողնմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման պահին պետք է գտնվեն այդպիսի անձի սեփականության ներքո․»։     

Վերոնշյալ հոդվածների լրացմամբ, առաջարկում ենք վերանայել նախագծի հոդվածների համարակալումը:  
6. Նախագծով առաջարկվում ենք սահմանել անցումային դրույթ՝ նախագծով նախատեսվող իրավական ակտի ընդունման համար։
Ըստ այդմ  նախագիծն առաջարկում ենք լրացնել նոր 5-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։»

         

     Հարգանքով՝                                                       /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ