ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-652-21.08.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                     
1.Հղումների հստակության ապահովման նպատակով առաջարկում ենք նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներում  «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնը:     

2.Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրության ձևը:       
3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում  միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են  «հարցազրույց» և «բանավոր հարցազրույց» եզրույթները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն՝ առաջարկում ենք Նախագծում միևնույն միտքն արտահայտելիս կիրառել միևնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Ըստ այդմ Նախագծի 3-րդ հոդվածի՝ 
1) 2-րդ կետում «հարցազրույցի քննական» բառերն առաջարկում ենք փոխարինել «բանավոր ստուգման» բառերով, իսկ «թեստավորման և հարցազրույցի» բառերից փոխարինել «թեստավորման և բանավոր ստուգման» բառերը,        
2) 3-րդ կետում «հարցազրույցի» բառը փոխարինել «բանավոր ստուգման» բառերով,        
3) 4-րդ կետում «հարցազրույցի» բառը փոխարինել «ստուգման» բառով:       
Նշենք նաև, որ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների մրցույթի անցկացման փուլերից է «հարցազրույցի փուլը»: Հետևաբար թեստավորման փուլում հարցազրույցի ընդգրկումը միևնույն եզրույթի կիրառության տեսանկյունից կարող է հանգեցնել իրավական անորոշության: Ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով Թեստավորման որպես առանձին տեսակ է նախատեսվել բանավոր ստուգումը, որի նպատակն է ստուգել բացառապես թեկնածուի մասնագիտական գիտելիքները:
4.Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 45-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ մասի համաձայն.
«4.Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, զենքի և անձնական պաշտպանության միջոցների տեսակների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:»:    
Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավակարգավորումը ևս լիազորում է Կառավարությանը հաստատել հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված զենքի տեսակների ցանկը: Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավակարգավորումը լիազորում է Կառավարությանը հաստատել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասն՝ առաջարկում ենք Նախագծում բացառել անհիմն կրկնությունները:
Բացի այդ, 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի դրույթների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն համարվում է պետական ռազմականացված կազմակերպություն և իրավունք ունի ձեռք բերել զենք (2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 14-րդ հոդված): Իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ պետական ռազմականացված կազմակերպությունների՝ զենք ձեռք բերելու կարգը սահմանում է Կառավարությունը:      
Հարկ է նշել, որ Նախագծով անդրադարձ չկա հատուկ միջոցների և անձնական պաշտպանության հատուկ միջոցների ձեռքբերման կարգին:     
Ուստի, առաջարկում ենք՝ Նախագծի 4-րդ հոդվածում սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի տեսակների ցանկը սահմանելու, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգի հետ մեկտեղ նախատեսել նաև դրանց ձեռքբերման կարգին վերաբերելի դրույթներ:  

Այսպիսով՝ առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացվող նոր 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ. 
4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը::
Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք նաև Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը հանել, ինչպես նաև 45.6-րդ հոդվածի 2-րդ կետը:    
5.2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի դրույթների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն համարվում է պետական ռազմականացված կազմակերպություն և իրավունք ունի ձեռք բերել զենք:     
Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:    
Վերոգրյալները հաշվի առնելով և նպատակ ունենալով բացառել Նախագծի տարբեր հոդվածներում անհիմն կրկնությունները (Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.1-ին հոդվածի 1-ին մաս, 45.4-րդ հոդվածի 5-րդ մաս), առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում կատարել փոփոխություն և ուժը կորցրած ճանաչել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:   
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում չի գործածվում հաշվեցուցակային զենք հասկացությունը, ուստի առաջարկում ենք Նախագծում գործածվող հաշվեցուցակային բառը հանել:        
Դրանից բացի,  Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ N 889-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունների ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, աշխատակիցներին զենք տալու, աշխատակիցների կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների ղեկավարների հրամանով։:      
Հաշվի առնելով կառավարության որոշմամբ սահմանված վերոհիշյալ դրույթն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի 5-րդ մասը վերախմբագրել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին:   
Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածում 4-րդ մասին հաջորդում է 6-րդ մաս:
Ըստ այդմ առաջարկում ենք նախագծի ՝       
1) 4-րդ հոդվածը լրացնել նոր 1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. 1-ին և 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.»,   
2) 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.1-ին հոդվածից հանել «հաշվեցուցակային» բառը,       
3) 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի 6-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝        
«5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից զենքը հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Իսկ հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:»       
4)վերանայել Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածում 4-րդ մասի համարակալումը:    
6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլուխը վերնագրված է հետևյալ վերտառությամբ. «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ (ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ): ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ»:         
Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում նախատեսված են նաև հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրավակարգավորումներ: Այսպես՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված է իրավակարգավորումների ավելի լայն շրջանակ, քան բխում է Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխի վերնագրի բովանդակությունից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված է. «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:      
Ըստ այդմ՝ առաջարկում ենք՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին գլխի վերնագրում ՄԻՋՈՑՆԵՐԸ բառից հետո լրացնել ԵՎ ԶԻՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ բառերը:  
7.Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.1-ին հոդվածի 7-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը: Սույն առաջարկը բխում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջից:        
8.Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը ֆիզիկական ուժի գործադրման համար նախատեսվել է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից գործադրվել ֆիզիկական ուժ, այն է. «դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ»՝ հիմք ընդունելով ֆիզիկական ուժի գործադրման միայն դիմադրություն ցույց տալու դեպքերը: Մինչդեռ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ֆիզիկական ուժի գործադրման համար անձանց շրջանակ նախատեսված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.2-րդ հոդվածի 1-ին մասում չսահմանել այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է գործադրվել ֆիզիկական ուժ:          
Ըստ այդմ  նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.2-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ» բառերը:     
9.Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում սահմանված են հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման (գործադրման և օգտագործման), ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ իրավակարգավորումներ: Հիմք ընդունելով Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.3-րդ հոդվածի և 45.6-րդ հոդվածի իրավակարգավորումները՝ կարող ենք նշել, որ «հատուկ միջոցներ» և «անձնական պաշտպանության միջոցներ» հասկացությունները հստակ տարբերակված են Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում: Մինչդեռ Օրենքի 45-րդ հոդվածը վերնագրված է «Հակակոռուպցիոն ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները» և դրանում ներառված իրավադրույթները վերաբերում են անձնական պաշտպանության հատուկ միջոցներին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում «հատուկ միջոցներ» և «անձնական պաշտպանության միջոցներ» հասկացությունների հստակ տարբերակման պարագայում առաջարկում ենք վերանայել Օրենքի 45-րդ հոդվածում կիրառված «անձնական պաշտպանության միջոցներ» և «անձնական պաշտպանության հատուկ միջոցներ» եզրույթները: Ըստ ադմ նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխի վերնագրում, 45.6-րդ հոդվածում «անձնական պաշտպանության» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «հատուկ» բառը:
10.Նախագծի 6-րդ հոդվածի՝ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:         
11.Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված  45.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը՝ հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա::     
Նախագծով առաջարկվում է, որ մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների չափանիշները սահմանվի Առողջապահության նախարարի կողմից՝ հիմք ընդունելով հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերը, սակայն չի հստակեցվում, թե հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերը ում կողմից պետք է ներկայացվեն:    
Ուստի, առաջարկում ենք՝ որոշակիացնել և հստակ նշել, թե ում կողմից պետք է ներկայացվի:          
Ըստ այդմ նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.3-րդ հոդվածում «նախարարը՝» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած» բառերը:      
12. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից զենք գործադրելու հնարավոր եղանակները, որոնցում առանձնացված է կոռուպցիոն բնույթի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս զենք գործադրելու հնարավորությունը:         
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 17-րդ մասի 12-րդ կետի համաձայն՝ նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչի ենթակա և սույն մասի 11-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.:     
Իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու 181-րդ հոդված, որի 6-րդ մասի համաձայն՝ Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները::     
Վերոհիշյալ նորմերի վերլուոծությունից պարզ է դառնում, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ոչ միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ վարույթներն է քննում, այլ նաև դրանց միացած ոչ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:         
Ուստի, առաջարկում ենք՝ 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում գործածվող կոռուպցիոն բնույթի բառերը հանել:
13.Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.5-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 45.5-րդ հոդվածի 2-րդ մասում գործածվում է զենք օգտագործել բառերն այն դեպքում, երբ օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը վերաբերում է զենք գործադրելուն:      
Բանն այն է, որ Նախագծով տարբերակված է զենք օգտագործել և զենք գործադրել բառերը, ուստի առաջարկում ենք Նախագծում կատարել համապատասխան շտկում: Ըստ այդմ նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.5-րդ հոդվածի 2-րդ մասում «օգտագործել» բառն առաջարկում ենք փոխարինել «գործադրել» բառով:

         

      Հարգանքով՝                                              ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ