ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-592-23.05.2023,07.07.2023-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:                         
          «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի՝ 
          1)        1-րդ հոդվածի 2-րդ մասի «դ » կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.   
          «դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով։ Հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքը ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը կարող է ստուգել Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեությամբ զբաղվելու լիազորություն ունեցող բանկերի միջոցով՝ համապատասխան հարցման և փոխանցված տեղեկատվության հիման վրա ստացված պատասխանի միջոցով։ Սույն մասով սահմանված պահանջները չեն տարածվում ՀՀ քաղաքացի չհադիսացող խաղացողների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվների և քարտերի վրա,»:         
          2)       3-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.        
          «Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է  մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:»:  
                   
          «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի  Նախագծի՝    
          1)        1-րդ հոդվածով  շահադրվող «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
          «2. ա) Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր մասնակցին (խաղացողին) պատկանելու հանգամանքը տոտալիզատորի կազմակերպիչը կարող է ստուգել Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեությամբ զբաղվելու լիազորություն ունեցող բանկի միջոցով՝ համապատասխան հարցման և փոխանցված տեղեկատվության հիման վրա ստացված պատասխանի միջոցով։ Սույն մասով սահմանված պահանջները չեն տարածվում ՀՀ քաղաքացի չհադիսացող մասնակիցների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվների և քարտերի վրա։        
          2)       1-րդ հոդվածով  շահադրվող «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում  «կազմակերպիչների կողմից»  և  «բացառապես տվյալ» բառերից հետո լրացնել «ՀՀ քաղաքացի հանդիսացող» բառերը:    
          3)       «2-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.       
          «Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է  մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:»:

 

 Հարգանքով՝                                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ