ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-583-05․05․2023-ՊԱ-011/1) (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված օրենքի նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:       
Առաջարկում ենք Նախագծի.                                
1. 1-ին հոդվածից հանել «ինչպես նաև դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը.» բառերը, քանի որ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները իրացվելու են էլեկտրոնային աճուրդի միջոցով։         
2․ 2-րդ հոդված, նկատի առնելով առաջարկության 1-ին կետը, շարադրել հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում`   
1) «գ.» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
«գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը,»,     
2) լրացնել նոր «գ․1)» կետ՝ հետևյալ բովանդակությամբ.   
«գ.1) կազմակերպում և անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդ,»։    
3. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ. 
«Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ և 7-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.        
«6. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: 
7. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 6-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:»:    
Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տրանսպորտային  միջոցը փոխելիս (օտարելիս) հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն իրավունք է ունենում այն ի պահ հանձնելու տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին։ Հաշվառման առանձնահատուկ համարանիշների օգտագործման իրավունքը մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:   
4. Նախագծի 4-րդ հոդվածով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13.2 հոդվածից հետո լրացնել նոր 13.3-րդ հոդված, քանի որ նախատեսվում են նոր իրավակարգավորումներ տրանսպորտային միջոցների հաշվառման առաձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդների անցկացման հիմնական պայմանների վերաբերյալ։ 
«Հոդված 13.3. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդների անցկացման հիմնական պայմանները 
1. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդը (այսուհետ՝ աճուրդ) էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ ներքին գործերի լիազոր մարմնի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ներքին գործերի լիազոր մարմնի համապատասխան ծառայությունը:     
2. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը:      
3. Աճուրդի անցկացման գործընթացի նկատմամբ կիրառվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին (աճուրդին) վերաբերող կարգավորումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով։      
4. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու (սկսելու) օրվանից առնվազն երկու օր առաջ, որը ներառում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-8-րդ կետերով սահմանված տեղեկությունները։
5. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ներքին գործերի լիազոր մարմնի http://www.mia.gov.am պաշտոնական ինտերնետային կայքում:        
6. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը ինտերնետ կայքում ստեղծված համակարգում գրանցում է մասնակցի անձնական էջ, որից հետո հրապարակային ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար է սառեցնում կամ փոխանցում  կազմակերպչի դեպոզիտ հաշվին և հայտագրվում աճուրդին: Աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը:       
7. Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդն սկսելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
8. Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:  
9. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում:
10. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում է (վերադարձվում է)։
11. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։        
12. Կազմակերպիչն աճուրդի ավարտից հետո անմիջապես աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա կողմից նշված էլեկտրոնային փոստին է ուղարկում աճուրդի արձանագրությունը, որի ձևը սահմանվում է աճուրդի կանոնակարգով։
13. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարել գնված լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։      
14. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
15. Լոտի վաճառքի ամբողջական գինը կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա կողմից նշված էլեկտրոնային փոստին է ուղարկում հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը, որի ձևը սահմանվում է աճուրդի կանոնակարգով։
16. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում։      
17. Աճուրդը համարվում է չկայացած, եթե՝    
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.       
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:     
18. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չմուծելու հիմքով, ապա տվյալ մասնակցի համար հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:»։ 
5. Առաջարկվում է նախագծի 5-րդ հոդվածում «հրամանն» բառը փոխարինել «հրամաններն» բառով, քանի որ նշված իրավահարաբերությունները կարգավորվելու են ներքին գործերի լիազոր մարմնի  հրամաններով։

         

Հարգանքով՝      

  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ