ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-528-09.03.2023-ԳԿ-011/1) վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.        

1.Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջների:
2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկվող Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խմբագրումը  «5) իրականացնում է պետական բյուջեից եւ դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիտորինգ (մշտադիտարկում).». առաջացնում է հիմնավորման անհրաժեշտություն, քանի որ գործող օրենքում առկա սահմանումը ապահովում է պետական բյուջեի և այլ ֆինանսական միջոցների վերահսկողություն, իսկ առաջարկվող խմբագրությամբ Ազգային մարմինը կարող է իրականացնել մոնիտորինգ, և անհասկանալի է պետական ֆինանսների ոչ նպատակային օգտագործման դեպքում Ազգային մարմնի լիազորությունները:     
3. Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող  Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն անհրաժեշտ է  հստակեցնել, մասնավորապես, պարզաբանման կարիք ունի թե ինչ «անարժանահավատ փաստերի  ու տեղեկությունների» մասին է խոսքը, ինչպես են դրանք հավաստելու: Այդ առումով կարծում ենք, որ դրույթն անհրաժեշտ է համապատասխանեցնել նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջներին, միաժամանակ, հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է նախատեսել որպես 5-րդ մասի 3-րդ կետ:     
 4. Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ցանկը սահմանում է Ազգային մարմինը՝ յուրաքանչյուր հայտի վերլուծության հիման վրա:», սակայն նշված ցանկը պետք է նախապես սահմանված լինի և Ազգային մարմինը պետք է դիտարկի յուրաքանչյուր հայտի համապատասխանությունն առկա ցանկի հետ: Այլ կերպ ասած, ֆիլմարտադրողն ի սկզբանե պետք է ծանոթ լինի նշված ցանկին, հետո նոր դիմի Ազգային մարմին, որը կստուգի այդ համապատասխանությունը:    
5. Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող 18-րդ հոդվածի 6-րդ մասը լրացվում է նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «ֆիլմարտադրության աշխատանքների ընթացքում կատարել է ապօրինի գործողություն կամ այնպիսի գործողություն, որը հասցրել է գույքային մասնակի կամ լրիվ ոչնչացման։» սահմանումը հստակեցման կարիք ունի, քանի որ ֆիլմարտադրության ընթացքում սցենարական մտահղացմամբ պայմանավորված կարող են ոչնչացվել տարբեր ապրանքներ, ներառյալ՝ մեքենաներ:  
6. Առաջարկում ենք Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը «Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամանակահատվածում առանց մուտքի վիզայի գտնվելու Հայաստանի Հանրապետության տարածքում և առանց աշխատանքի թույլտվության մասնակցելու ֆիլմարտադրության աշխատանքներին՝ Կառավարության սահմանած կարգով։» մասնակի ուժը կորցրած ճանաչել և վերաշարադրել հետևյալ կերպ՝ «Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամանակահատվածում առանց աշխատանքի թույլտվության մասնակցելու ֆիլմարտադրության աշխատանքներին՝ Կառավարության սահմանած կարգով։», քանի որ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու արտոնության կիրառումը գործնականում կարող է առաջացնել անվտանգային ռիսկեր:
7. Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ, որոնց համաձայն անհրաժեշտ է սահմանել  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները: Հիշյալ դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:        
8. Օրենքի նախագծի 9-րդ հոդվածով սահմանված «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:» ժամկետները վերանայման կարիք ունեն, քանի որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման և դրանցից բխող գործընթացների իրականացման համար կպահանջվի առնվազն 6 ամիս:       
         

 

Հարգանքով՝                                                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ