ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,               
                             
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-444-28.11.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Նախագծի վերնագրից առաջարկվում է հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 1-ին՝

1) հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2) հոդվածի «վերաբերյալ» բառից հետո դրված չակերտ կետադրական նշանը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Սույն օրենքի իմաստով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքում» բառերով՝ անհարկի ավելորդ բառեր չկիրառելու  նպատակով:

2) 1-ին մասի՝

ա. 3-րդ կետում «//» կետադրական նշանը փոխարինել «()»  նշանով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայերենում նման կետադրական նշան գոյություն չունի,

բ. 14-րդ կետում «համայնքին» բառից հետո դրված «/» կետադրական նշանը հանել,

գ. 17-րդ կետում «ապրանքի» բառից հետո դրված «/» կետադրական նշանը հանել, իսկ «արտադրանքի» բառը նշել փակագծերում:

3) 1-ին մասի 14-րդ կետում  առաջարկվում է հանել «(կազմակերպություններ) և  (անհատ ձեռնարկատերեր)» բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը:

4) 1-ին մասի 17-րդ կետում վրիպակը շտկվել է «արտադրադրության» բառի փոխարեն լրացվել է «արտադրության» բառը:

5) 1-ին մասի 23-րդ կետում՝ «գոտիավորում՝ կախված» բառերից հետո ձևակերպումը շտկվել է՝ «գոտիավորում՝ կախված» բառերից հետո լրացվել է «աշխարհագրական տեղադիրքերից» բառերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում՝ «մաքրման ոլորտի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «պետական քաղաքականության» բառերը, հաշվի առնելով նշված հոդվածի վերնագիրը:

2) 2-րդ մասի 1-ին կետում «սանիտարական մաքրման» բառերից հետո հանել «հուսալի» բառը, քանի որ պարտադիր և պարբերաբար ծառայությունների մատուցումը իրենից  ենթադրում նաև հուսալի աղբահանություն և սանիտարական մաքրում:

5. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 4.2-րդ հոդվածի 2-րդ մասում՝ անհարկի կրկնություններից խուսափելու նպատակով, հանել «Հոդվածի» բառը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաև 14-րդ հոդվածի 7-րդ կետին:

6. Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող Օրենքի 4.3-րդ հոդվածի՝

1) 1-ին և 3-րդ մասերում առկա «ՀՀ» հապավումներըն փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

2) 2-րդ և 4-րդ մասերում «Աղբի սեփականության» բառերը փոխարինել «Աղբի նկատմամբ սեփականության» բառերով, համապատասխանեցնելով հոդվածի վերնագրին:

 3) Նույն հոդվածի 4-րդ մասում հստակեցվել է «սեփականության տարածքից» ձևակերպումը՝ քանի որ ձևակերպումից պարզ չէ, թե ում սեփականության իրավունքով պատկանող տարածքին է այն վերաբերում:

Հաշվի առնելով վերոգրյալը  «սեփականության տարածքից» բառերը փոխարինվել են «սեփականության իրավունքով կամ որևէ այլ իրավունքով տիրապետման կամ օգտագործման տարածքից» բառերով:

7. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասից հանել կրկնվող «կամ» բառը։

8. Նախագծի 9-րդ հոդվածի «հոդվածում» բառը փոխարինել «հոդվածի» բառը:

9. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «իրենց միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «՝ համայնքի ղեկավարի թույլտվությամբ» բառերը՝ հաշվի առնելով, որ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված խոշոր եզրաչափերի  և շինարարական աղբի հավաքման եւ տեղափոխման համար պահանջվում է թույլտվություն համայնքի ղեկավարի կողմից, այս պարագայում նույնպես անհրաժեշտ է համայնքի ղեկավարի թույլտվությունը՝ աղբահանության գործընթացը համակարգելու նպատակով:

2) 2-րդ մասում՝

ա.«շինարարական» բառն առաջարկվում է շարադրել մեծատառով,

բ. «բառերով» բառը փոխարինել «բառով» բառով,

գ. «առաջացնողից» բառն առաջարկվում է փոխարինել «գոյացնողից» բառով, քանի որ մյուս կարգավորումներում կիրառվում է նշված եզրույթը:

3) 3-րդ՝

ա. մասում դասական թվականների ճիշտ գրելաձևն ապահովելու համար առաջարկվում է «3.1, 3.2 եւ 4.1» ձեւակերպումը փոխարինել «3.1-ին, 3.2-րդ եւ 4.1-ին» ձեւակերպմամբ:

 բ. մասով առաջարկվող 4․1-ին կետից առաջ դրված չակերտը հանել, ինչպես նաև  «որոնքը» բառի «ը» տառը:

10. Նախագծի 14-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:»,

2) 7-րդ մասից հանել «Հոդվածի» բառը,

3) 7-րդ մասով առաջարկվող 3.1 մասում «շենք-շինությունների ու տարածքների» բառերը փոխարինել «շենքի և (կամ) շինության և (կամ), տարածքների» բառերով, համապատասխանեցնելով 14-րդ հոդվածի 8-րդ մասով լրացվող «շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի» ձևակերպմանը:

  4) 8-րդ մասում դասական թվականների ճիշտ գրելաձևն ապահովելու համար առաջարկվում է «3.2 եւ 3.3» ձեւակերպումը փոխարինել «3.2-րդ եւ 3.3-րդ» ձեւակերպմամբ:

11. Նախագծի 15-րդ հոդվածով լրացվող 21.1-ին հոդվածի 1-ին մասում «խթաններ» բառը փոխարինել «խթանիչներ» բառով՝ համապատասխանեցնելով հոդվածի վերնագրին, իսկ «օրենքի» բառը գրել մեծատառով:

12. Նախագծի 16-րդ հոդվածի՝

1) վերնագիրը հանել

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրութամբ՝

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի  3-րդ մասով լրացվող Օրենքի 10-րդ հոդվածի 4.1-ին և սույն օրենքի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 4.1-ին հոդվածում նոր լրացվող 3.2-րդ կետով նախատեսված իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:»:

Խմբագրությամբ հստակեցվել են հղումները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Նախագծի 1-ին հոդվածի՝

1) «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» ձեւակերպումն առաջարկվում է շարադրել «Վարչական» բառից առաջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, իսկ «(այսուհետ՝ Հոդված)» բառերը հանել:

2) 1-ին մասին հաջորդող չհամարակալված պարբերությունն առաջարկվում է համարակալել՝ «2.» -ով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը,

3) համարակալված «2.» -րդ մասով լրացվող՝

ա. 7.1 մասում «1խմ» բառը փոխարինել  «1 խորանարդ մետր» բառերով՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները,

բ. «8.1» մասում՝ «երեքնապատիկից» բառը փոխարինել «եռապատիկից» բառով:

2. Նախագծի 3-րդ հոդվածում «2023 թվականի հունիսի 1-ից» ձևակերպումն առաջարկվում է խմբագրել «2024 թվականի հունվարի 1-ից» բառերով, քանի որ նշված գործառույթներն իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են պահանջվում, իսկ տարվա կեսից այն նախատեսելը նպատակահարմար չէ: Փոփոխությունը հնարավորություն կտա համայնքներին պլանավորել աղբավայրերի բարեկարգման և շահագործման ծախսերն ու աշխատանքները։

 

          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ