ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

   Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-491-17.01.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                 
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝          
1. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձևակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի նախագծում այլևս հղում չի կատարվում: Բացի այդ, օրենքի նախագծի 1-ին հոդվածում «39.1-րդ» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «39.1-ին» ձևակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրության ձևը պահպանելու նպատակով:
2. Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.1-ին հոդվածում կիրառվում է «խմբի ղեկավար դատախազ» ձևակերպումը, իսկ 39.2-րդ հոդվածում՝ «դատախազների խմբի ղեկավար» ձևակերպումը: Առաջարկում ենք Նախագծում միևնույն միտքն արտահայտելիս կիրառել միևնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ, որը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջից: Ըստ այդմ Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.1-ին հոդվածում «խմբի ղեկավար դատախազ» ձևակերպումը փոխարինվել է «դատախազական խմբի ղեկավարը» ձևակերպմամբ: Բացի այդ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է նախատեսել դատախազական խմբի կողմից միչդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարման ինստիտուտ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր քրեական դատավարության օրենսգրքում բացակայում են դատախազի կողմից դատավարական ղեկավարման դրույթներ, ուստի առաջարկվում է խմբագրել նախագծի նշված դրույթը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 39.1-ին հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել դատավարական ղեկավարման վերաբերյալ կարգավորումը:         
«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝         
1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        
«Դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում բողոքարկում է այն դատական ակտերը, որոնք իր կարծիքով չհիմնավորված են կամ անօրինական:»: 
2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 6.1-ին մասում կիրառվում է «ՀՀ գլխավոր դատախազ» ձևակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ գլխավոր դատախազ)»: Հետևաբար առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը՝ միաժամանակ բացառելով հապավումների կիրառությունը: Առաջարկը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաև Նախագծի 19-րդ հոդվածում կիրառված «ՀՀ գլխավոր դատախազ» ձևակերպմանը:
3. Օրենքի 29-րդ հոդվածում սահմանված են դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերը և որևէ կարգ նախատեսված չէ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 29-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 1-ին պարբերություն «սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին» կատարված հղումը հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ և ուղղակի:»: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        
«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի՝»:  
4. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետի համաձայն նախատեսվում է սահմանել անմիջական վերադաս դատախազի որոշմամբ ստորադաս դատախազից քրեական վարույթը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու դեպքերը: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետում տրված ձևակերպումը, կարծում ենք՝ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես քննարկվող դրույթում նշում չի կատարվում տեղափոխվող սուբյեկտի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք իրավական որոշակիության ապահովման նպատակով Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝         
«7) ստորադաս դատախազի դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելու դեպքում»:   
5. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության դատախազություն» ձևակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության դատախազություն» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ դատախազություն)»: Հետևաբար առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը՝ հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով: Սույն առաջարկը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներով:       
6. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 33.1-ին և նոր խմբագրությամբ շարադրվող 37-րդ հոդվածների վերնագրերը շարադրել թավ, ինչպես նաև նոր 33.1-ին հոդվածի վերնագիրը համապատասխանեցել գործող Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրին՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կանոնով: Մասնավորապես՝ գործող Օրենքի 33-րդ հոդվածի վերնագիրը ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Դատախազ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները», իսկ Նախագծի 33.1-ին հոդվածը վերնագրված է՝ «Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները»: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 33.1-ին հոդվածը վերնագրել հետևյալ կերպ. «Դատախազ նշանակվելու համար թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները»:         
7. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկում ենք գործող Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը խմբագրել նոր բովանդակությամբ:      
Մինչդեռ գործող Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետը սահմանում է, որ. «սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.»: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք, Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով փոփոխվող Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ևս նախատեսել բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկին վերաբերող կարգավորում:
Ըստ այդմ Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով փոփոխվող Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
«2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը գլխավոր դատախազություն է ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։»:    
8. Նախագծի 11-րդ հոդվածով գործող Օրենքի 39-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում կիրառվող «դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում» բառերն առաջարկում ենք փոխարինել «դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:   
9. Նախագծի բոլոր հոդվածները բաժանված են կետերի, բացառությամբ Նախագծի 12-րդ և 14-րդ հոդվածների, որոնք բաժանված են մասերի: Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում հոդվածների մասերի կամ կետերի բաժանման վերաբերյալ դրսևորել միատեսակ մոտեցում:   
10. Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի համաձայն՝ «6. Սույն մասում նշված եզրույթների մեկնաբանման և կիրառման համար, mutatis mutandis, վերաբերելի են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները:»:      
Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը.  
Նախ՝ հղում է կատարվում 6-րդ մասում նշված եզրույթներին, սակայն կարծում ենք՝ լրացվող նոր՝ 6-րդ մասում եզրույթների մեկնաբանման կանոնը նախատեսվում է ոչ թե 6-րդ մասում նշված եզրույթների մասով, այլ Օրենքի 49-րդ հոդվածում կիրառվող եզրույթների մեկնաբանման նպատակով: Հետևաբար առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում կատարված հղումը և «մասում» բառը փոխարինել «հոդվածում» բառով:        
Բացի այդ, Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 49-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում կիրառվում է «mutatis mutandis» լատիներեն արտահայտությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, առաջարկում ենք «mutatis mutandis» լատիներեն արտահայտությունը գրել հայերեն տառադարձությամբ:       
11. Նախագծի 23-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:    
                  
          Հարգանքով՝                     /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ