ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան, 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-372-13.09.2022,20.10.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                    

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝         

1. Առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի բառերը փոխարինել 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը։    

2. Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «5702 10» թիվը փոխարինել «570210» թվով՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետում նշյալ ծածկագիրն սահմանված է միասին։   

3. Առաջարկվում է նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով լրացվող աղյուսակում 50 թիվը հանել՝ հաշվի առնելով, այն որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշյալ աղյուսակով նախատեսված ապրանքներն ակցիզային հարկով հարկվելու են 2023 թվականի հունվարի 1-ից։  

4. Առաջարկվում է նախագծի 7-րդ հոդվածից հետո ավելացնել նոր 8-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ․        

Հոդված 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի`   

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  

«7 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.». 

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.    

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևորմշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.»։         

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով Կառավարությանը լիազորություն է վերապահված սահմանելու միայն անշարժ գույքի հարկից ազատվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքերի ցանկ: Մինչդեռ՝ անհրաժեշտ է որպեսզի Կառավարությունը սահմանի նաև անշարժ գույքի հարկից ազատվող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային անշարժ գույքերի ցանկ:   

Մյուս կողմից, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ա.» ենթակետով նախատեսված կարգավորումը սահմանված է նաև նույն կետի «բ.» ենթակետով: Այս առումով, հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկվում է խմբավորել նշյալ երկու ենթակետերը:       

5. Առաջարկվում է նախագծի 8-րդ հոդվածից հետո խմբագրել հոդվածների համարակալումը։  

6. Առաջարկվում է նախագծի 14-րդ հոդվածի՝ 

1) 2-րդ մասի 2-րդ կետում մասի «զ» կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից բառերը փոխարինել կետի «դ» և «զ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից բառերով,   

2) 4-րդ մասում 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ բառերը փոխարինել 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ բառերով,  

3) 5-րդ մասում «2022 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի փետրվարի 28-ը» բառերով և 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ բառերը փոխարինել 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ բառերով։           

Հաշվի առնելով այն, որ նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր, որ որոշ կարգավորումներ պետք է ուժի մեջ մտնեին ս.թ. հոկտեմբերի 1-ից, իսկ այդ ժամկետն անցել է՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել խնդրո առարկա դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչպես նաև այդ դրույթներին փոխկապակցված դրույթների գործողության ժամկետները:  

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝   

1. Առաջարկվում է նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը: 

2. Առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «բ.» ենթակետում «լրացնել» բառից առաջ լրացնել «ԱՏԳ ԱԱ 1212 ծածկագրով տողից հետո» բառերը: 

3. Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետում ԱԱՀ և ԱԱՀ-ից բառերը փոխարինել՝ համապատասխանաբար Ավելացված արժեքի հարկ և ավելացված արժեքի հարկից բառերով:    
                  

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ