ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,  
                             
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին  առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-334-11.07.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.

1.Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2.Հիմք ընդունելով օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ ներառվող հաջորդական տվյալների ամբողջությունը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «N» նշանը:

3.Առաջարկում ենք  նախագծի 1-ին և 2-րդ  հոդվածներում «սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին» ձևակերպումը փոխարինել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կիրառվող «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» հասկացությամբ:

4.Առաջարկում ենք հանել Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

5.Առաջարկում ենք նախագծի առաջին հոդվածում, 5.2 կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով, որպեսզի նշված ժամկետը գործնականում կիրառելի լինի՝ հաշվի առնելով իրավական ակտի ընդունման հավանական ժամկետը:

6.Առաջարկում ենք «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հունվարի 31-ը» բառերով, որպեսզի Նախագծով սահմանված ժամկետները գործնականում կիրառելի լինեն՝ հաշվի առնելով իրավական ակտի ընդունման հավանական ժամկետը:

 

 

Հարգանքով՝                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ