ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-118-13.12.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:         

Առաջարկում ենք՝ 

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «4-րդ մասը» բառերը փոխարինել «4-րդ մասում» բառերով, իսկ «նախադասությամբ»՝ բառը «նախադասություն» բառով։

 2. ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների շարքում լրացնել նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ՀՀ պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները չներառելու կարգավորումը։    

3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասում «հարկային իրավախախտում հայտնաբերելուց» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելուց» բառերով՝ արդյունքում նախատեսելով, որ՝ հարկային վարչարարության իրականացման ընթացքում հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելուց անմիջապես հետո հարկային մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային իրավախախտումները բացահայտվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների հաշվառման արդյունքում:

Այս առումով անդրադառնալով Նախագծի 6-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածում կատարվող փոփոխությանը՝ հարկ ենք համարում նշել, որ այն իրավական որոշակիության սկզբունքի պահանջների պահպանման տեսանկյունից խնդրահարույց է, մասնավորապես՝ Նախագծով օգտագործվում է «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր» հասկացությունը, մինչդեռ վերջինիս բովանդակությունը ոչ Օրենսգրքով, ոչ Նախագծով բացահայտված չէ:

Բացի այդ, տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 76-րդ գլուխն ամբողջությամբ, այդ թվում՝ Նախագծով փոփոխվող 398-րդ հոդվածը (ըստ հոդվածի վերնագրի) վերաբերվում է հարկային իրավախախտմանը, որի բովանդակությունը բացահայտված է նույն օրենսգրքի 397-րդ հոդվածում:

Նախագծի 6-րդ հոդվածով օրենսգրքի 398-րդ հոդվածում նախատեսված փոփոխություններին համապատասխան՝ առաջարկում ենք փոփոխություն նախատեսել օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ արձանագրության մեջ ներառվող տվյալներում։

Մասնավորապես՝ նախագծի 6-րդ հոդվածում լրացնել նոր մաս, որի համաձայն՝ օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հարկային» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «հնարավոր» բառը։

4. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում որոշվում է՝ որպես ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված՝ հարկային մարմնի ղեկավարի լիազորած ստորաբաժանման ղեկավարի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի:

Հաշվի առնելով այն, որ վարչական ակտն ընդունվում է դիմումի (գրության) հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում, առաջարկում ենք հարուցված՝ բառը փոխարինել հարուցված վարչական վարույթի արդյունքում բառերով։

5. Որպես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել օրենքի պաշտոնական հրապա­րակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը։

6. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:» բառերը փոխարինել «Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:» բառերով:

7. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «2-րդ կետը տարածվում է» բառերը փոխարինել «2-րդ մասում նախատեսված կարգավորման գործողությունը տարածվում է» բառերով:

Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ