«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-109-06.12.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումներն ու առաջարկությունները.
1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝
1) վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով.
2) 1-ին հոդվածում «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել «պետական» բառը.
3) 1-ին հոդվածում «բառերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով.
4) 2-րդ հոդվածը հանել, քանի որ առաջարկվող փոփոխությամբ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության համատեքստում սահմանված չէ ով է ապահովում նշված տարածքներում դրոշի բարձրացումը, և ինչպիսի ընթացակարգերով է այն կիրարկվելու, ինչպես նաև հստակեցված չէ «հարակից տարածքներ» հասկացությունը, իսկ առաջարկվող մյուս փոփոխությունները կարգավորվում են ներկա իրավակարգավորումներով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով լրացվող օրենքի (այսուհետ՝ օրենք) 183.2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ կամ 8-րդ մասերով, ինչպես նաև 6-րդ հոդվածով «սահմանված պահանջները» ձևակերպումն անհրաժեշտ է վերանայել և հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն, ինչպես նաև վերանայել «1-5-րդ» ձևակերպման գործածումը, քանի որ, ըստ էության, պատասխանատվություն պետք է առաջանա հիշատակված յուրաքանչյուր պահանջի խախտման դեպքում:
Նույն դիտողությունները վերաբերում են նաև օրենքի 183.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերին:
Օրենքի 183.2-րդ հոդվածի 1-ին մասում քաղաքացիների համար տուգանքի նշանակման վերաբերյալ դրույթն անհրաժեշտ է հանել, քանի որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ և 8-րդ մասերով քաղաքացիների համար նախատեսված չեն դրոշի գործածման վերաբերյալ պահանջներ:
Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումն անհրաժեշտ է պարզաբանել, քանի որ նման ձևակերպման պարագայում ստացվում է, որ դրոշի գործածման պահանջների խախտման բոլոր դեպքերում ծագած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են միայն տեղական ինքնակառավարման մարմինները, մինչդեռ նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 183.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվող պահանջների կրող կարող են հանդիսանալ նաև պետական մարմինները՝ ի դեմս համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելն անհրաժեշտ է պարզաբանել և հիմնավորել: