«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0) ՎԵ-ՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ հինգ տարին մեկ անգամ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 4-րդ մասի «ժե.1» կետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից:
Հոգաբարձուների խորհուրդն իրականացնելով իրեն վերապահված լիազորությունը՝ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը: Քննարկումների արդյունքում վերանայման անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քննարկվում է օրենքում սահմանված չափերի վերանայման և փոփոխությունների կատարման հարցը և օրենքում կատարում համապատասխան փոփոխություններ:
Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման դեպքում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված են լինելու երաշխավորված ավանդի որոշակի չափեր, միաժամանակ ԿԲ խորհրդի որոշմամբ սահմանվելու են օրենքից տարբերվող այլ չափեր:
Այս առումով գտնում ենք, որ տվյալ դեպքում կառաջանա իրավական կոլիզիա Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և Կենտրոնական բանկի խորհրդի որոշման միջև, իսկ այդ դեպքում Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի համաձայն կկիրառվի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նորմը:
Հաշվի առնելով, որ երաշխավորված ավանդների չափերի վերանայումն իրականացվում է՝ հիմքում ունենալով մի շարք հաշվարկներ ու սահմանված չափանիշեր՝ նպատակահարմար է, որպեսզի այդ չափերի վերանայումն իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը։ Առաջարկվող մոտեցումը բավարարում է նաև միջազգային կառույցների՝ Ավանդներն ապահովագրողների միջազգային ասոցիացիայի և Միջազգային հաշվարկների բանկի կողմից ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման հիմնարար սկզբունքների պահանջներին։
Ամփոփելով վերոշարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Նախագծով նախատեսել անցումային դրույթ և սահմանել այնպիսի կարգավորում, համաձայն որի Նախագծով առաջարկվող կարգավորման ներքո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը երաշխավորված ավանդի չափի վերանայման պահից Օրենքով սահմանված երաշխավորված չափերի վերաբերյալ կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն։