ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 02.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի (Պ-569-15.04.2020,25.05.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.        
Ներկայացված օրենսդրական փաթեթի  հետագա քննարկումը գնտում ենք ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ.     
1. Կառավարության կողմից մշակվել է «Ճանապարհային երթևեկության ան­վտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով Հայաստանի Հանրապետության ստանձած միջազգային պարտավորությունների շրջանակներում կանոնակարգվում են միկրոավտոբուսներով և ավտոբուսներով ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում թվային տախոգրաֆի կիրառման գործընթացը, այդ թվում՝ վարչական պատասխանատվության միջոցները խախտումների դեպքում: Օրենսդրական փաթեթով ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցվում է ԵՄ օրենսդրության պահանջներին և ամբողջովին ներառում է պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փաթեթի թվային տախոգրաֆին առնչվող դրույթները:
2. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս, որի համաձայն՝ ավտոբուսներով կամ միկորավտոբուսներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն:   
Այդ առնչությամբ հայտնում ենք, որ  «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է փոխադրողի պատասխանատվությանը վերաբերող կարգավորումներ, մասնավորապես՝ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղևորի առողջությանը հասցված վնասի համար: Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով, փոխադրման և ապահովագրության պայմանագրերով:  
Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ օդային, երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային միջպետական ուղևորափոխադրումների դեպքում ուղևորները, օրենքով սահմանված կարգով ենթակա են պարտադիր ապահովագրության: Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:    
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրական վկայագրով:  Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն: Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է: Պարտադիր ապահովագրությունն ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:    
Օրենսգրքի 983.1-ին հոդվածի համաձայն՝ ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է: Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա: Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է: Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:        
Օրենսգրքի 996-րդ հոդվածը, որը վերաբերում է ապահովագրության պայմանագրին, սահմանում է. «Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը (…): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուս կողմին (ապահովադրին) պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու (…) դեպքերում:»:
Ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունի այն անձը (շահառուն), ում օգտին պայմանագիրը կնքվել է:
Օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Իսկ Օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:      
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտում փոխադրողները պարտավոր են ապահովագրել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:         
Հարկ է նշել նաև, որ ավտոբուսներով կամ միկորավտոբուսներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրության դեպքում ապահովադիրը յուրաքանչյուր անգամ պայմանագիր կնքելիս դրանում պետք է հստակ մատնանշի ուղևորի տվյալները (անունը, ազգանունը և այլն), ով ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում կարող է ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցում ստանալ, կամ էլ ավտոբուսի տոմս վաճառելիս այդ տվյալները գրավոր ձևով պետք է ներառվեն ավտոբուսի տոմսում:    
Նույն դիտողությունները վերաբերում են նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 137.1-րդ հոդվածի 7-րդ մասի և 137.7-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներին:        
Բացի այդ՝ «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղևորների պարտադիր ապահովագրության  մասին» Համաձայնագրի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը պարտադիր է յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար՝ տվյալ երկրի սահման մուտք գործելիս: Հետևաբար, եթե տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը/վարորդը կնքում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա  նրա ուղևորների կյանքին, առողջությանը  կամ գույքին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական պատասխանատվության ռիսկը արդեն իսկ ապահովագրված է համարվում տվյալ երկրի ԱՊՊԱ ոլորտի օրենսդրության համաձայն:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՊՊԱ համակարգի շրջանակներում չեն ծածկվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող պատահարները, ինչը հնարավոր է միայն հետևյալ դեպքերում`       
1) Հայաստանի Հանրապետության անդամակցում Գրին Քարտ միջազգային ապահովագրական համակարգին, որի համար Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոն Գրին Քարտ միջազգային ապահովագրական համակարգին անդամակցության դիմում է ներկայացրել: Ներկայումս իրականացվում են անդամակցության հետ կապված աշխատանքներ:         
2) Նոր կամավոր ապահովագրատեսակի սահմանում, որը կծածկի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող պատահարները։         
3) Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում միջպետական ԱՊՊԱ-ի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության ապահովագրական ընկերություններից:     
Միաժամանակ նախագծերում առկա են օրենսդրական տեխնիկայի կանոնների առումով խմբագրման կարիք ունեցող դրույթներ, մասնավորապես՝       
1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:     
2. Նախագծի 2-րդ հոդվածում «լրացնել» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «հետևյալ բովանդակությամբ» բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները:
3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 137.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերով նվազեցված են թվային տախոգրաֆի օգտագործման համար Օրենսգրքի գործող 137․8-րդ հոդվածով սահմանված տուգանքի չափերը, ինչը բավարար չափով հիմնավորված չէ: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սանկցիաների տարանջատումն ամենևին էլ ինքնանպատակ չէ, և կապված է արարքի բնույթից, արարքի վտանգավորության աստիճանից, Օրենսգրքի նույն գլխով նախատեսված նմանատիպ արարքների համար սահմանված տուգանքների համաչափության սկզբունքից և այլն:         
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է. «համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև» (ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշում): Նշվածից ելնելով՝ գտնում ենք, որ, ցանկացած հակաիրավական արարքի համար պատասխանատվության միջոց ու չափ նախատեսելիս, նախևառաջան հրաժեշտ է համոզվել, որ դրանք հնարավորություն են տալու հասնելու վարչական պատասխանատվության նպատակների իրականացմանը:
Այս դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 137.1-ին հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, նախագծի 137.7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերով, ինչպես նաև նախագծի 137.8-րդ հոդվածով սահմանված տուգանքների չափերին:       
4. Նախագծի 137.1-ին հոդվածի 5-րդ մասում «առաջացնում» բառն անհրաժեշտ է փոխարինել «առաջացնում է» բառերով: Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 137.7-րդ հոդվածի 6-րդ մասին, 137.8-րդ հոդվածի 3-րդ մասին:  
                  

        

   Հարգանքով՝                                                                         

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ