ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 18.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-490-27.02.2020,15.06.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.

1. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 174.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այլ պետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձին թղթային ծանուցագիրը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, եթե միջազգային պայմանագրով այլ կարգով սահմանված չէ: Հատկանշական է, որ հնարավոր են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատավարական կամ քննչական գործողությանը կամ դատական նիստին որպես դատավարության մասնակից ներգրավված լինի նաև այլ պետության տարածքում բնակվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Նախագծով առաջակվող իրավակարգավորումը վերաբերում է միայն այլ պետության տարածքում բնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց:

Քննարկվող կարգավորման մեջ որպես բացառություն նախատեսված է Նախագծով լրացվող 174.4-րդ հոդվածով սահմանված կարգը: Սակայն, պետք է նկատել, որ երկու հոդվածների կարգավորման առարկաները տարբեր են, դրանք չեն հակասում միմյանց, և անհասկանալի է բացառություն նախատեսելու նպատակը:

Միաժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցելը գործնականում խնդրահարույց է, չի բխում ՀՀ արտաքին գործերի նախարարության գործառույթներից, ինչպես նաև նախագծով որևէ ձևով չի սահմանվում ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ծանուցումը փոխանցելու կարգ: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը և այս կապակցությամբ իրավասու մարմնի, այն է Արտաքին գործերի նախարարության հայտնած դիրքորոշումը առ այն, որ քննարկվող մասը անհրաժեշտ է հանել նախագծից՝ առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 174.2-րդ հոդվածի 4-րդ մասը:

2. Նախագծով լրացվող 174.4-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը բովանդակային առումով համընկնում են: Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծի և դրան կից տեղեկանքի մեջ կա որոշակի անհամապատասխանություն: Մասնավորապես, ի տարբերություն Նախագծի՝ դրան կից տեղեկանքում 174.4-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ «էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցվողը մեկ օրվա ընթացքում պարտավոր է հաստատել ծանուցման փաստը: Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հանել Նախագծով լրացվող 174.4-րդ հոդվածի 7-րդ մասը, ըստ այդմ փոխել հաջորդիվ մասի համարակալումը, իսկ 9-րդ մասը համապատասխանեցնել Նախագծին կից տեղեկանքին:

3. Առաջարկում ենք նաև Նախագծով լրացվող 174.8-րդ հոդվածի 1-ին մասը «պարտավոր է» բառից հետո լրացնել «քննչական» բառով:

4. Նախագծի 4-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը» բառերը փոխարինել «2020 թվականի հոկտեմբերի 1-ին» բառերով:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝     ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ