«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-518-19.03.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է մինորիտար մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին ընդհանուր ժողովին տեղեկատվության տրամադրման կարգը հանել օրենսդրական կարգավորման շրջանակից և այն սահմանել կանոնադրությամբ: Սակայն գտնում ենք, որ դա համահունչ չէ կորպորատիվ կառավարման առանցքային՝ տեղեկատվության բացահայտման և թափանցիկության սկզբունքին: Ներդրողները պահանջում են տեղեկատվություն տնօրենների խորհրդի անհատ անդամների ու առանցքային ղեկավարների վերաբերյալ՝ գնահատելու համար նրանց փորձն ու որակավորումը, քանի որ հենց նրանց են վերապահելու բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը: Ուստի խորհրդի անդամների մասին օրենքով պահանջվող տեղեկատվության ներկայացումը պետք է սահմանվի առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտով՝ օրենքով: