«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-512-12.03.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«2. Զինվորական ծառայությունը ներառում է`
1) զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.
2) զինվորական պաշտոնի նշանակումը և զինվորական կոչման շնորհումը.
3) զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.
4) զինվորական ծառայությունից արձակումը»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«1. Զինվորական ծառայության տեսակներն են`
1) ժամկետային.
2) պահեստազորային.
3) զորահավաքային:
2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝
«1. Զինվորական ծառայության սկիզբ է համարվում`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ զորահավաքային զորակոչի կամ պահեստազորային զինվորական ծառայության կանչված քաղաքացիների համար` ծառայության վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար` պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար` տվյալ ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցվելու օրը:
2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից հանելու օրը»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի` սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Օրենքով կարող է սահմանվել նաև զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկ:
2. Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`
1) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.
2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.
3) զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները` անկախ պատճառներից, ինչպես նաև զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է.
4) ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտների ուսման կամ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը` սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.
5) սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձի կողմից պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրից հրաժարվելու դեպքում՝ սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն ամսական արձակուրդում գտնվելու օրերը՝ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.
6) սույն օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամանակահատվածը»:
Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային և բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով առանձնացված են զինվորական ծառայության հետևյալ տեսակները՝ ժամկետային, պահեստազորային, զորահավաքային: Ընդ որում՝ ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից, իսկ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգավորումից էլ պարզ է դառնում, որ զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում նույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով հստակ նախատեսված է նաև, որ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի` նույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, որի սկզիբն ու ավարտը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում:
Վերոգրյալ կարգավորումների համատեքստում անդրադառնալով նախագծով առաջարկվող կարգավորմանը՝ հարկ է նկատել, որ նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահացած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Մինչդեռ հարկ է արձանագրել, որ նախագծով առաջարկվող կարագավորմամբ բովանդակային առումով տարբերակում դրված չէ «մահացած» և «զոհված» եզրույթների միջև, որի պարագայում էլ ստացվում է, որ նախագծի ընդունման պարագայում, փաստորեն, անկախ նրանից, թե զինծառայության ընթացքում ինչպիսի հանգամանքների արդյունքում է առաջացել զինծառայողի մահը՝ անմիջականորեն զինվորական ծառայության հետ պատճառական կապով պայմանավորված, թե՞ ոչ, սահմանվելու է անվճար իրավաբանական օգնություն այդ զինծառայողների ընտանիքի անդամների համար, ինչը կարծում ենք՝ խնդրահարույց է, ուստի առաջարկում ենք «Զինծառայության ժամանակ մահացած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով հաստատված՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած)» բառերով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 93-րդ կետի պահանջները։
Տվյալ պարագայում անդրադարձ կատարելով նաև նախագծին կից ներկայացված հիմնավորմանը՝ հարկ է նկատել, որ թեև դրանում ներկայացված են Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրված որոշ վիճակագրական տվյալներ՝ քննարկվող գործերի քանակի վերաբերյալ, սակայն ներկայացված չէ առաջարկվող կարգավորման ազդեցության ֆինանսական գնահատականը, որի դեպքում էլ անհասկանալի է, թե խոսքը տվյալ պարագայում անձանց ինչ շրջանակի մասին է, և գործնականում ինչ ֆինանսական ծախսեր կարող են առաջանալ նախագծով առաջարկվող իրավակարգավորման գործողության արդյունքում: