«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-468-05.02.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենքի 125-րդ հոդվածում՝ հանելով միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու խմբակցության լիազորությունը, ինչպես նաև այն կարգավորումը, համաձայն որի խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել միայն մեկ լսում:

 Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ ի տարբերություն Ազգային ժողովի մշտապես գործող մյուս երկու սուբյեկտների՝ խմբակցության՝ լսումներ հրավիրելու իրավասությունն անհիմն սահմանափակված է, ընդ որում, այդ սահմանափակումը վերաբերում է ինչպես խորհրդարանական լսումների առարկային, այնպես էլ դրանց քանակին, ինչը չի բխում նաևՍահմանադրության 105-րդ հոդվածով նախատեսված խմբակցության՝ Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստելու առաքելությունից:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

ՀՀ Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը::»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ:

3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած մարմնի որոշմամբ և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Լսումների հրավիրման, ինչպես նաև արդյունքների ամփոփման ընթացակարգերըսահմանվում են Աշխատակարգով:»:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման համաձայն՝

«87. Լսումները հրավիրելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ սահմանվում են լսումների օրը, ժամը, անցկացման վայրը և ընթացակարգը:

88. Լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը լսումների անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին.

89. Լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող են նախապատրաստել իրենց հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաև լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:»:

Այս առումով հարկ ենք համարում նախևառաջ նշել, որ խորհրդարանական լսումները հանդիսանում են որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցությունն ու ազդեցությունն ապահովող հիմնական գործիքը: Հատկանշական է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ընդունմամբ Ազգային ժողովում լսումների կազմակերպման ընթացակարգը ենթարկվեց որոշակի փոփոխությունների, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահից և մշտական հանձնաժողովներից բացի լսումներ հրավիրելու իրավասություն ընձեռնվեց նաև խմբակցություններին՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով՝ բարձրացնելով վերջիններիս դերը Ազգային ժողովում  քաղաքական օրակարգ ձևավորելու գործառույթում:

Տվյալ դեպքում նախագծով առաջարկվում է օրենքից հանել միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու խմբակցության լիազորությունը՝ դրա անհրաժեշտությունը հիմնավորելով որպես սահմանափակում Ազգային ժողովի մշտապես գործող մյուս երկու սուբյեկտների համեմատությամբ:

Այս առումով հարկ է նշել, որ համանման կարգավորում նախատեսված է նաև հանձնաժողովների դեպքում, մասնավորապես, մշտական հանձնաժողովները և առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով, հետևաբար խմբակցությանը՝ առհասարակ ցանկացած հարցով լսումներ հրավիրելու հնարավորության ընձեռնման դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակների կողմից վկայակոչված «անհիմն սահմանափակումը» կհանգեցնի անհավասարակշռության մշտական և ժամանակավոր հանձնաժողովների կողմից լսումներ հրավիրելու հարցերի շրջանակի առումով:

Ինչ վերաբերում է խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում միայն մեկ լսում հրավիրելու դրույթը հանելու նախագծով նախատեսված կարգավորմանը՝ ապա հարկ ենք համարում նախևառաջ նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ընդունմամբ ԱԺ-ում լսումների կազմակերպման ընթացակարգի փոփոխության արդյունքում հանվել է նաև յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն մեկ լսում կազմակերպելու պահանջը՝ նախատեսելով մեկ նստաշրջանի ընթացքում միայն մեկ լսում հրավիրելու հնարավորություն՝ լսումների անցկացման պահանջը վերածելով հայեցողության և վերացնելով օրենքի պահանջը ձևականորեն կատարելու հրամայականը:

Վերոշարադրյալ փոփոխության արդարացված լինելու մասին է փաստում նաև խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ օրենքով սահմանված իրավունքից օգտվելու վիճակագրությունը, համաձայն որի ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, 11 մշտական հանձնաժողովներից միայն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ, իսկ ԱԺ նախագահը 3-րդ նստաշրջանում հանդես է եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու 3 նախաձեռնությամբ: [1]

Հիշյալ իրավական կարգավորումների և փաստերի բովանդակային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել, հետևաբար  նախագծով նախատեսված կարգավորումը հիմնավորված չէ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման և լրամշակման կարիք` եզրակացությամբ բարձրացված խնդիրների համատեքստում:

 

[1] http://parliamentmonitoring.am/am/monitoring/421?fbclid=IwAR1mopO4le1L73yCyZK3pLtPTkL3oAH2k7Ena4dZ4rQdlaD6CDbBQIKMcCE