«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-486-25.02.2020-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ).
1) 1-ին հոդվածով առաջարկվում է հնարավորություն տալ ծնողին միանվագ ստանալ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ որպես ընտանեկան դրամագլուխ վճարվող մասը (երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամից 500 հազ. դրամը, իսկ հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամից 1 մլն դրամը),
2) 2-րդ հոդվածով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել նաև չաշխատող ծնողին` մինչև երեխայի մեկ տարեկանը լրանալը:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է.
1) 1-ին առաջարկության վերաբերյալ.
Ընտանեկան դրամագլուխը ներդրվել է 2014 թվականից։ Ընդ որում, ընտանեկան դրամագլխի ծախսման ուղղություններն անընդհատ փոփոխվել են և որպես կանոն՝ ընդլայնվել։
Հարկ է նկատի ունենալ, որ ի լրումն այլ ուղղությունների, 2016 թվականի մարտ ամսից սահմանվեց, որ ծնողն իրավունք ունի տնօրինել ընտանեկան դրամագլուխը ամսական 25000 դրամի չափով ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով՝ երեխայի մեկ տարին լրանալու դեպքում։
2018 թվականի դեկտեմբեր ամսից վերացվեց երեխայի մեկ տարին լրանալու պահանջը, իսկ ամսական տնօրինվող գումարը սահմանվեց 50000 դրամի չափով։
Հարկ է նկատի ունենալ, որ 2014-2019 թթ. որպես ընտանեկան դրամագլուխ, ավելի քան 46400 երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվել է ավելի քան 24 մլրդ դրամ (երրորդ և չորրորդ երեխայի ավելի քան 44500 ծննդյան կապակցությամբ 22,2 մլրդ դրամ, հինգերորդ և հաջորդ ավելի քան 1800 երեխայի ծննդյան կապակցությամբ 1,8 մլրդ դրամ)։
Ընտանեկան դրամագլխի ծախսը առ 01.01.2020 թ. կազմել է ավելի քան 19,7 մլրդ դրամ, ընդ որում, ընտանեկան դրամագլխի ծախսն ըստ տարիների կազմել է՝
2015 թ.՝ ավելի քան 550 մլն դրամ,
2016 թ.՝ ավելի քան 1,9 մլրդ դրամ,
2017 թ.՝ շուրջ 3,6 մլրդ դրամ,
2018 թ.՝ ավելի քան 4,5 մլրդ դրամ,
2019 թ.՝ ավելի քան 9,1 մլրդ դրամ։
Ընտանեկան դրամագլխի ծախսը գրեթե ամբողջությամբ (2019 թ.՝ 9,04 մլրդ դրամ կամ 98,7 %) կազմում է բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինվող գումարը։
Հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված թվերի աճի տեմպերը համահունչ են բանկային հաշվի փոխանցելու միջոցով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած ծնողների թվի աճին: 2019 թվականի ցուցանիշը վկայում է, որ գործնականում գրեթե բոլոր ծնողներն օգտվում են բանկային հաշվի փոխանցելու միջոցով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքից։ Ըստ էության, ընտանեկան դրամագլուխը վերածվել է պարբերական նպաստի և չի կատարում իր հիմնական գործառույթը՝ աջակցել ընտանիքի «կապիտալ» ծախսերին (ուսման վարձ, հիպոթեկային և գյուղատնտեսական վարկերի մարում, առանձին բնակավայրերում անշարժ գույքի ձեռքբերում և այլն)։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարում նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող մոտեցումը։
Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ ընտանեկան դրամագլխի համակարգի սպասարկումը ենթադրում է մեծածավալ վարչարարություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձանց շրջանակն անընդհատ փոփոխվում է։ Ըստ այդմ, առաջարկում ենք՝ վերացնել ընտա-նեկան դրամագլխի ինստիտուտը՝ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն ամբողջությամբ ուղղակիորեն վճարելով ծնողին։
Այս հիմնավորմամբ առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստ-ների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 26-րդ հոդվածը:
Միաժամանակ, առաջարկում ենք նախագծով հստակեցնել արդեն իսկ որպես ընտանեկան դրամագլուխ վճարված գումարները բանկերից միանվագ ստանալու իրավունքը։
2) 2-րդ առաջարկության վերաբերյալ.
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում շրջանառության մեջ է գտնվում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ գյուղական բնակավայրի հասցեով առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված ծնողին, անկախ խնամքի արձակուրդում գտնվելու (աշխատելու) հանգամանքից, տրվելու է խնամքի նպաստ` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Այս նախագիծը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Սա նշանակում է, որ գյուղաբնակ ծնողներին վերաբերող օրենսդրական փոփո-խություններն ընդունվելու դեպքում, նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխու-թյունը տարածվելու է միայն քաղաքային բնակավայրերում բնակվող չաշխատող անձանց վրա:
2021-2023 թթ. ժամանակահատվածի համար կանխատեսվում է, որ տարեկան շուրջ 27000 անձի նշանակվելու է չաշխատող անձի մայրության նպաստ: Խնամքի նպաստի չափերն են` 2021 թ. համար` 27500 դրամ, 2022 թ. համար` 28500 դրամ, 2023 թ. համար` 29500 դրամ:
Կանխատեսվում է նաև, որ տարեկան շուրջ 12000 գյուղաբնակ չաշխատող անձի կնշանակվի խնամքի նպաստ:
Ըստ այդմ, նախագիծն ընդունվելու դեպքում տարեկան առնվազն 15000 անձի (27000-12000) պետք է նշանակվի և վճարվի խնամքի նպաստ: Ընդ որում, խնամքի նպաստի չափը ամսական 27500 դրամի հաշվարկովկպահանջվի պետական բյուջեից հատկացնել 4,9 մլրդ դրամ (15000 x 27500 դրամ x 12 ամիս):
Չնայած, որ համապատասխան միջոցներ նախատեսված չեն, այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության կառավարությունում շրջանառվող նախագծի շրջանակ-ներում կքննարկվի միջոցների տրամադրման հնարավորության հարցը:
Հիմք ընդունելով վերագրյալը, առաջարկում ենք այս փուլում ձեռնպահ մնալ նախագծի երկրորդ հոդվածով առաջարկվող փոփոխությունից։
Ամփոփելով վերը նշվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է օրենքի նախագծի իր համար ընդունելի տարբերակը (կցվում է)։
Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում եռամսյա ժամ-կետում անհրաժեշտ համապատասխան փոփոխությունները կկատարվեն Հայաստանի Հանրապետության կաառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն, 2015թ. դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ: