ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Գալստյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-375-15.11.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
1) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 209-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները կարելի է կատարել բառեր լրացնելու եղանակով, առաջարկում ենք խուսափել 209-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը նոր խմբագրությամբ շարադրելուց: Ըստ այդմ՝ Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «արձանագրությունում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով:
2) 4-րդ մասը «հանգամանքները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի) բառերով:»:
2) Տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարելու և Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 209-րդ հոդվածում լրացվող 3.1.-րդ մասն առավել հստակ ձևակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն հոդվածի 2-րդ կետով լրացվող 3.1.-րդ մասը անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում` հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Տեսաձայնագրառումն ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործվել քննիչի կամ դատախազի կողմից` իրենց դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին տրամադրվում է քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:»:
3) Հաշվի առնելով 216-րդ հոդվածի կառուցվածքը և այն հանգամանքը, որ 209-րդ հոդվածում լրացվող 3.1-րդ մասը հարցաքննության անցկացման կարգ չի սահմանում, անհրաժեշտ է 216-րդ հոդվածը լրացնել, ոչ թե 2.1.-րդ, այլ 4.1.-րդ մասով և շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Առերեսման ընթացքի տեսաձայնագրառման դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1.-րդ մասով սահմանված կանոնները:»:
4) Կրկին պայմանավորված բառեր լրացնելու եղանակով հոդվածում փոփոխություններ կատարելու հնարավորության առկայությամբ՝ Նախագծի 4-րդ և 5-րդ հոդվածների 2-րդ կետերն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 2-րդ մասը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «տեսաձայնագրառման կամ» բառերով:»:
Հարգանքով՝
էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ