«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ  ԲԺՇԿԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ (Խ-425-17.12.2019-ԱՍ-011/0) ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, ով հեմոդիալիզային պրոցեդուրա անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում համապատասխան բժշկական օգնություն և (կամ) սպասարկում իրականացնող բժշկա­կան հաստատություն հասնելու համար պետք է իր մշտական բնակության վայրից անցնի առնվազն 20 կիլոմետր հեռավորություն, այդ հաստատություն կատարված յուրաքանչյուր այցելության համար ճանապարհածախսի հատուցման իրավունք ունենա: Հատուցման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջա­պա­հու­թյան բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը։

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը հայտնում է, որ նախագծով սահմանված դրույթը բժշկական օգնության և սպասարկման ծառա­յության տրամաբանության ներքո չէ, որևէ կերպ հիմնավորված չէ միայն հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման համար նման արտոնություն նախատեսելը, ի տարբերություն բժշկական օգնության և սպասարկման այլ ծառայությունների: Բացի դրանից, վերջինս չի հանդիսանում բժշկական օգնության և սպասարկման ծառայությանն ուղղվող ծախս, այդ իսկ պատճառով նախագծային կարգավորումը դուրս է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկայից, այն իրենից ներկայացնում է սոցիալական երաշխիք, որը պետք է դիտարկվի համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակում:

Վերոգրյալ հիմնավորմամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախատեսող փոփո­խությունից:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրա­պետության առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում հեմոդիալիզի ծառայությունը մարզերում մատչելի դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, Մարտունի բժշկական կենտրոնում օրեր առաջ դիալիզի բաժանմունք է բացվել: